«Մշակութային եւ սոցիալական նարատիվների լաբորատորիա»-ն բազմաբնույթ հարթակ է, որը ստեղծվել է մի խումբ անկախ հետազոտողների, գիտնականների, մշակութային գործիչների եւ արվեստագետների կողմից։ Մեր թիմի նպատակն է անդրադառնալ արդի մշակութային եւ սոցիալական խնդիրներին, որոնք առանցքային են ոչ միայն Հայաստանի այլեւ՝ տարածաշրջանի համար։
Մենք համոզված ենք, որ պարզ եւ չսահմանափակված լեզուն, բազմազան եւ գրավիչ մատուցումն օժտված են մարդասիրական հետազոտություններն ավելի ազդեցիկ եւ հանրաճանաչ դարձնելու կարողությամբ։ Մեզ համար կարեւոր է, որպեսզի մեր նախագծերը լինեն մասնակցային, հիմնված հետազոտական տարբեր մեթոդների եւ մուլտիմեդիա գործիքների վրա։
CSN Lab-ն ունի գործունեության թեմատիկ լայն շրջանակ ի դեմս հիշողության ուսումնասիրության եւ հիշողության ակտիվիզմի, մշակութային իրավունքների (գենդերային ուսումնասիրություններ, քվիր մշակույթ, նյութական եւ ոչ նյութական մշակութային ժառանգություն եւ այլն), բարդ անցյալի եւ կոլոնիալիզմի, քաղաքային եւ հանրային տարածքների, կոնֆլիկտների տրանսֆորմացիայի (երկխոսություն մշակույթի միջոցով) եւ այլն։
Հիշողության ուսումնասիրությունների եւ հիշողության ակտիվիզմի շուրջ մեր նախագծերը նպատակ ունեն բացահայտել, շոշափել եւ ուսումնասիրել հիշողության նուրբ շերտերը։ Դրանք միահյուսում են անցյալը, ներկն եւ ապագան, լույս սփռում պատմության խճճված ուղիների վրա, բացահայտում մեր առօրեական պրակտիկաների աննկատ մասնիկներն ու դրանց գեղեցկությունը՝ այսպիսով հնարավորինս ընկալելի դարձնելով ապագայի հնարավոր սցենարները։ Վերջին մի քանի տարիների ընթացքում մեզ հաջողվել է իրականացնել նախագծեր, որոնք ընդլայնում են հիշողության ուսումնասիրությունների սահմանները, այն դուրս բերում ակադեմիական նեղ շրջանակներից, նպաստում քաղաքային հիշողության, քվիր հիշողության, տրավմատիկ հիշողության եւ այլնի հետազոտման փորձի ձեւավորմանն ու զարգացմանը։
Մշակութային իրավունքներին վերաբերող մեր նախագծերը նպատակ ունեն խթանել արվեստագետների ազատության, հեղինակների իրավունքների, գենդերային հավասարության, խոցելի խմբերի ներառման շուրջ հանրային դիսկուրսի ձեւավորմանը եւ հանրահռչակել այն։
Հարավային Կովկասը հայտնի է իր մշակութային բազմազանությամբ, բայցեւ՝ բարդ անցյալով եւ չհանգուցալուծվող հակամարտություններով։ Մեր թիմի հիմնական նպատակներից մեկը, քաղաքական ինստիտուտների եւ լրատվամիջոցների կողմից մատուցվող քարոզչական պատումներն ու ատելության խոսքը մերժող խաղաղ համակեցության ուսումնասիրությունն ու այդ մասին հասարակության իրազեկության բարձրացումն է։ Հավատացած ենք, որ կոնֆլիկտների տրանսֆորմացիայի հիմնական ուղիներից մեկը երկխոսությունն է, ուստի ներդնում ենք մեր ջանքրեը վերջինիս համար լեզու եւ մեթոդներ մշակելու ուղղությամբ։
Բարդ/գաղութային անցյալը Հայաստանում մեծապես չուսումնասիրված թեմա է, ինչի հետեւանքով դրանից բխող պատճառահետեւանքային հարաբերությունները հաճախ աննկատ եւ անհասկանալի են հանրության լայն շերտերի համար։ Գաղութային անցյալի դեկոնստրուկցիան նպատակ ունի ուսումնասիրել եւ հարցադրել անցյալի հետքերն արդի ժամանակներում։ Նման նախագծերը ներկայում տեղի ունեցող քաղաքական, սոցիալական եւ մշակութային իրադարձությունները անցյալի մանրադիտակով ուսումնասիրելու մասին են։
Քաղաքային միջավայրում հանրային տարածքների տրանսֆորմացիաները ռեֆլեքսիայի ենթարկելը դրանք իբրեւ տարբեր սոցիալական եւ մշակութային գոյերի եւ ժամանակների վկայություն դիտարկելու եւ ուսումնասիրելու յուրօրինակ միջոց է։
Հանրային տարածքներն այն վայրերն են, ուր ուղղակիորեն եւ անուղղակիորեն միահյուսվում են ժամանակի բազմաչափ ատոմները, արձագանքում հասարակության այնպիսի արժեքներին եւ համոզմունքներին, ինչպիսիք են խոսքի ազատությունն ու խաղաղ համակեցությունը։ CSN Lab-ի նախագծերը հանրային տարածքները հետազոտում են թե անցյալի ուղեծրից, թե ներկայիս փոփոխությունների առնչությամբ։ Քաղաքային տարածքները պետք է պատկանեն հանրությանը, հասանելի, բաց եւ մատչելի լինեն բոլորի համար։
Գործունեության 5 տարիների ընթացքում CSN Lab-ը թողարկել է տարբեր գրքեր, գրքույկներ, հրապարակումներ, ինչպես նաեւ թեմատիկ վեբ կայքեր, փոդքասթներ, տեսանյութեր, ցուցահանդեսներ, հանդես եկել հանրային ելույթներով ու դասախոսություններով եւ իրականացրել փոխանակման ծրագրեր արվեստագետների, մշակութային գործիչների եւ հետազոտողների համար։
Մենք բարձր ենք գնահատում համագործակցությունը տեղական եւ միջազգային գործընկերների, համախոհ կազմակերպությունների, ինչպես նաեւ անհատների հետ, ովքեր աշխատում են մշակույթի, գիտության եւ մարդու իրավունքների բնագավառներում, հավատում, որ երկարաժամկետ ազդեցությունների եւ փոփոխությունների հասնելու միակ ճանապարհը կամուրջների կառուցումն է, այլ ոչ խցերի թակարդում փակվելը։
Ընթացիկ նախագծերին զուգահեռ CSN Lab-ն ամեն տարի հյուրընկալում է միջազգային արվեստագետների, հետազոտողների եւ մշակութային գործիչների, որոնք ինթերնշիփների եւ/կամ ռեզիդեսների շրջանակներում աջակցում են «Մշակութային եւ սոցիալական նարատիվներ»-ի լաբորատորիայի նախագծերին եւ/կամ ստեղծում սեփական ծրագրերը։