Տիգրան Ամիրյանը «Մշակութային և սոցիալական նարատիվների լաբորատորիայի» նախագահն ու համահիմնադիրն է։ Նա արդի համաշխարհային գրականության մասնագետ է, բանասիրական գիտությունների թեկնածու, սեմիոլոգ, համադրող և ժամանակակից արվեստի հետազոտող։ Ամիրյանը հեղինակ է բազմաթիվ գիտական հոդվածների, այդ թվում՝ գրականության պոստմոդեռնիստական ժանրերի ուսումնասիրության, գրականության սոցիոլոգիայի, մշակութային և քաղաքային հիշողության թեմաներով։ Նրա հետազոտական գործունեությունը միավորում է մշակութային մարդաբանությունը և գրականագիտությունը՝ կիրառելով այնպիսի մեթոդներ, ինչպիսիք են միջգիտակարգային ուսումնասիրությունները, համեմատական վերլուծությունները և այլն։ Նրա հիմնական հետաքրքրությունների շրջանակը ներառում է ժամանակակից մշակույթում անհատի և հավաքական հիշողության պատումայնացումը, արվեստային (գեղարվեստական) ռեպրեզենտացիան, անձնական պատմությունները, ինքնակենսագրական պատումները, մարդկանց կյանքն ու հուշերն իրենց մեջ ամբարած, անհետացման եզրին գտնվող կամ ավիրված ուրբան տարածքների և շրջակա միջավայրի ուսումնասիրությունները։ Որպես հետազոտող և համադրող, Տիգրան Ամիրյանը աշխատում է այնպիսի թեմաներով ինչպիսիք են դավադրապաշտական դիսկուրսը և հանրային հիշողությունը, վերնակուլյար ճարտարապետությունը և սովորական մարդկանց կյանքը, լուսանկարչությունը և հիշողությունը, միգրացիան և հիշողությունը։ Ամիրյանը համադրում է նաև նախագծեր, որոնք անդրադառնում են մշակութային իրավունքներին և գաղութային անցյալին։
Իրինա Մաիլյանը փորձառու հաշվապահ եւ ֆինանսական մենեջեր է։ Նրա կրթական մասնագիտացումը ավտոմատ համակարգերի մենեջմենթի բնագավառում է։ Իր կարիերայի ընթացքում Իրինան համագործակցել է բազմաթիվ տեղական եւ միջացգային ՔՀԿ-ների հետ, որոնց գործունեությունը միտված է մարդու իրավունքների պաշտպանությանը եւ քաղաքացիական հասարակության զորեղացմանը։ Նախագծերը, որոնցում ներգավված է Իրինան հիմնականում ուղղված են խոցելի խմբերի ներգավմանը, մասնավորապես՝ կանանց, ԼԳԲՏԻՔ+ ներկայացուցիչների, ՄԻԱՎ ունեցող մարդկանց եւ այլոց։ Իրինան «Մշակութային եւ սոցիալական նարատիվների լաբորատորիա»-ին միացել է հիմնադրման օրից։
Հարութ Թումաղյանը ճարտարապետ և նկարազարդող է, ով երկար տարիներ աշխատել է մանկական գրքերի համար կոնցեպտներ մշակելու վրա: 2002 թվականից Թումաղյանը մշակում և զարգացնում է մանկական ինտերակտիվ խաղեր և համագործակցել է մի շարք միջազգային ընկերությունների հետ մանկական խաղեր ստեղծելու գործում: Որպես նկարազարդող՝ Թումաղյանը համագործակցել է հայկական, չեխական, գերմանական, ուկրաինական և ռուսական հրատարակությունների հետ: Թումաղյանը նաև մշակել է հայաստանյան և միջազգային շատ կազմակերպությունների ծրագրերի կոնցեպտը և տեսողական լեզուն:
Արսեն Աբրահամյանը միացել է «Մշակութային եւ սոցիալական նարատիվների լաբորատորիային» 2022թ. ապրիլին, որպես ճարտարապետական և ուրբանիստական թեմաներին առնչվող նախագծերի հետազոտող։ Արսենը ճարտարապետ է, ով իր նախագծային գործունեությանը զուգահեռ իրականացնում է նաև իր մասնագիտական հետազոտական աշխատանքը։ Նրա հետաքրքրությունների շրջանակը ներառում է ուրբանիստական տարածքների փոխակերպումների և դրանց պատճառների, քաղաքային միջավայրերի և հանրային կառուցվածքների փոխհարաբերման, ինչպես նաև ճարտարապետության և քաղաքային տարածության սոցիալական, մշակութային ու մարդաբանական հիշողության հիմնահարցերը։ Արսենը իր բակալավրի կոչումը ստացել է Ճարտարապետության և Շինարարության Հայաստանի Ազգային Համալսարանից, մագիստրոսական կոչումը՝ ՃՇՀԱՀ և Միլանի Պոլիտեխնիկական Համալսարանից, իսկ այժմ մշակում է իր թեկնածուական ատենախոսությունը, որը անդրադառնում է Երևանի քաղաքային տարածության շերտավորմանը և դրա հիմնահարցերին։
Ագնեսա Թարիվերդյանը ավարտել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Մարդու իրավունքներ եւ սոցիալական արդարություն մագիստրոսական ծրագիրը։ Նրա հետաքրքրությունների շրջանակը ներառում է մարդու իրավունքների հետազոտությունը և քաղաքականության վերլուծությունը, միջազգային հարաբերությունները, կոնֆլիկտաբանաությունը, մշակութային, սոցիալական իրավունքների ուսումնասիրությունը։ «Մշակութային եւ սոցիալական նարատիվների լաբորատորիա»-ին (CSN Lab) միացել է 2026թ. որպես ծրագրերի օգնական։
Դիանա Սիսակյանը հետազոտող, գրավոր և բանավոր թարգմանիչ է, որի հետազոտության կենտրոնում են միջտեքստայնությունը, նշանագիտությունը, écriture féminine-ը և պարսկական գրականության թարգմանությունը: Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանում դասավանդել է հնչյունաբանություն, գեղարվեստական թարգմանություն և խոսույթի քննական վերլուծություն։ PINK Armenia-ի հետ համագործակցության համատեքստում նա հայերեն է դասավանդել Հայաստանում ապաստան գտած փախստականներին՝ իր բազմալեզվությունը ծառայեցնելով ի նպաստ խոցելի խմբերի ինտեգրմանը հայ հասարակությունում։ Դիանան ներկայումս մշակում է իր թեկնածուական ատենախոսությունը՝ կենտրոնանալով Ջ. Ռ. Ռ. Թոլքինի լեգենդարիումում կաթոլիկական միջտեքստայնության վրա: Լինելով Գրանիշ գրական համայնքի թարգմանիչներից մեկը՝ նա համարում է թարգմանությունը թե՛ գեղագիտական գործունեություն, և թե՛ բարոյական պատասխանատվություն: Նա 2026 թ․ միացել է CSN Lab-ի թիմին՝ որպես ծրագրերի օգնական։
Դավիթ Երեմյանը ճարտարապետ-ուրբանիստ է։ Մագիստրոսի կոչումը ստացել է ՃՇՀԱՀ-ից և Ուդինեի համալսարանից։ Համալրելով CSN Lab-ի միջգիտակարգային թիմը՝ Դավիթը ներգրավված է քաղաքային միջավայրի և բնական լանդշաֆտի շուրջ հետազոտական նախագծերում՝ մասնավորապես իրականացնելով քարտեզագրումներ և միջավայրի ուրբանիստական ընթերցում, ինչպես նաև առաջնորդելով CSN Lab-ի նախագծերում ներգրավված ճարտարապետական թիմերը։ Նրա հետաքրքրությունների լայն շրջանակը ներառում է նաև միջավայրահեն տեքստիլ արվեստը։ «Մշակութային և սոցիալական նարատիվների լաբորատորիային» | CSN Lab-ին միացել է 2025 թվականին՝ որպես ծրագրերի օգնական։
Սոնա Ներսեսյանը փոդքասթ պրոդյուսեր և ձայնային ինժեներ է, ով աշխատում է մեդիայի և մշակույթի ոլորտներում: «Մշակութային եւ սոցիալական նարատիվների լաբորատորիա»-ին (CSN Lab) միացել է 2022 թվականին՝ որպես փոդքասթների պրոդյուսեր ակտիվորեն ներգրավվելով գենդերային հարցերին առնչվող նախագծերում։ Ի թիվս տարբեր մեդիա կազմակերպությունների, իբրեւ փոդքասթ պրոդյուսեր համագործակցել է «EVN Report»-ի հետ եւ աջակցել տարբեր աուդիովիզուալ նախագծերի իրականացմանը։ Սոնա Ներսեսյանը ավարտել է ԵՊՀ-ի արեւելագիտության ֆակուլտետը, ապա՝ կրթությունը շարունակել Քուվեյթում։ Սոնան «Հետք Մեդիա Գործարան»-ի շրջանավարտ է։