Ամփոփելով 2025-ը

CSN Lab-ի տարին լի էր բազմաբովանդակ նախաձեռնություններով, միջոցառումներով և ծրագրերով։ Տարեվերջյան ամփոփման շրջանակում ցանկանում ենք ձեզ հետ կիսվել 2025-ի ձեռքբերումներով և խորին շնորհակալություն հայտնել շարունակական աջակցության և վստահության համար։

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս CSN Lab-ի հաջողություններն անհնարին կլինեին առանց մշակութային համայնքի հետ համագործակցության։ 2025-ին մենք ընդարձակել ենք մեր երկխոսությունը տարբեր համայնքների, արվեստագետների ու հետազոտողների, մշակութային և կրթական կառույցների, մեր փորձնակների և կամավորների, ինչպես նաև տեղական ու միջազգային գործընկեր կազմակերպությունների հետ։ Խորին երախտագիտություն ենք հայտնում բոլոր նրանց, ում հետ միասին անցել ենք այս ճանապարհը։

2025 թվականը Հայաստանի և տարածաշրջանի համար դարձավ նախապատրաստական տարի՝ առջևում սպասվող բարդ քաղաքական, մշակութային և սոցիալական զարգացումների համատեքստում։ COP17-ին ընդառաջ՝ մեր կրթական և հետազոտական ծրագրերի առանցքում է մշակույթի և շրջակա միջավայրի փոխհարաբերությունների քննադատական ուսումնասիրությունը։ EUNIC Armenia-ի հետ համագործակցությամբ մեկնարկեց միջգիտակարգային հետազոտական նախագիծ՝ նվիրված մշակութային դաշտում բնապահպանական կայունությանը, որի արդյունքները գործնական ուղեցույցի և առաջարկությունների տեսքով կհրապարակվեն հաջորդ տարի։ Հիշողության, միջավայրային և քաղաքային ուսումնասիրությունների  համադրությամբ մեկ այլ նախաձեռնություն ձևավորվեց Գյոթե-ինստիտուտի և ARCH+-ի հետ համագործակցությամբ, որը շուտով կներկայացվի որպես մուլտիմեդիա հարթակ։ 

Ամրապնդելով CSN Lab-ի միջգիտակարգային գործունեությունն ու միջոլորտային ծրագրերի իրականացման փորձառությունը՝ այս տարի մեր ծրագրերը խաչմերուկում են մշակույթի, շրջակա միջավայրի, տարածական արդարության և հիշողության քաղաքականության փոխկապակցված հիմնահարցերը։ Մեր ամենամյա այլընտրանքային կրթական ծրագիրը՝ «Բարդ անցյալի դպրոցը», իրականացված «Դանիական մշակութային ինստիտուտի» աջակցությամբ, դարձավ տարածաշրջանում բնապահպանական մարտահրավերների շուրջ խորքային քննարկումների կարևոր հարթակ։

Տարվա ընթացքում մեր հետազոտական առանցքում էին նաև Երևանի ջրային ենթակառուցվածքների փոխակերպումները՝ «Կապույտ Երևան» նախագծի շրջանակում, որը CSN Lab-ի թիմն ու գործընկեր հետազոտողները իրականացնում են «Հայնրիխ Բյոլ հիմնադրամի» աջակցությամբ։ Այս բազմաշերտ նախաձեռնությունը միավորում է ջրային մարմինների և համակարգերի, սոցիալական ու մշակութային հիշողության, խորհրդային ու հետխորհրդային քաղաքային զարգացման քննադատական վերաիմաստավորումը։ Հետազոտության արդյունքները կհրապարակվեն հաջորդ տարի՝ զուգահեռաբար ներկայացվելով հանրային միջոցառումների և քննարկումների շարքով։ Բացի այդ, մեր կապույտ և կանաչ մոտեցումների հիման վրա 2026 թվականին նախատեսվում է նոր, անակնկալ ծրագիր՝ «Կանադայի տեղական նախաձեռնությունների հիմնադրամի» աջակցությամբ։

Գենդերային հավասարությանը և կանանց հանրահռչակմանը միտված գործունեությունը CSN Lab-ի հիմնական ուղղություններից է։ Ինչի շրջանակում տարվա ձեռքբերումներից էր ուրբան և հիդրոֆեմինիզմին նվիրված հոդվածաշարը, որը մշակվել է «Հայաստանում Կանանց հիմնադրամի» հետ համագործակցությամբ և հասանելի է առցանց և տպագիր տարբերակով։

Անդրադառնալով CSN Lab-ի տարածաշրջանային և միջազգային երկխոսական ծրագրերին, այս տարի կայացավ հայ-վրացական Re-lentus փոխանակման ծրագրի չորրորդ շրջափուլը՝ նվիրված կին մշակութային գործիչների հանրահռչակմանը և տեսանելիության բարձրացմանը։ Հայաստան-Եվրոպա երկխոսության շրջանակում CSN Lab-ը Բեռլինի «ZK/U» կենտրոնում ներկայացրեց «Մարմնի հիշողություն» հետազոտական աշխատանքի անգլերեն նոր հրատարակությունը, որը թարգմանվել է «Փինք Արմենիայի» աջակցությամբ։ Տարվա ընթացքում մենք ակտիվորեն ներգրավված էինք նաև բարդ և հրատապ տարածաշրջանային երկխոսություններում՝ ուղղված խաղաղության և վստահության վերականգնմանը, ինչպես նաև Հայաստան-ԵՄ երկխոսության ամրապնդմանը։ Այս համատեքստում CSN Lab-ը մասնակցեց նաև Հայաստանում Գերմանական օրերին՝ նպաստելով մշակութային երկխոսության ընդլայնմանը։

CSN Lab-ի գործունեությունում միգրացիայի և տեղահանության խնդիրները նույնպես մնում են արդիական: Տարեսկզբին միգրացիայի հիմնահարցերին անդրադարձ կատարեցինք Հալեպի քաղաքային և մշակութային հիշողությանը նվիրված գրական միջոցառման շրջանակներում, ինչպես նաև էկո-միգրացիային վերաբերող մեր հետազոտությունը ներկայացվեց Urbanista-ի կողմից իրականացված հանրային ծրագրի շրջանակում։ 

Կամրջելով մշակույթի և միգրացիայի փոխհարաբերությունը՝ ամռանը Բեռլինում «In the Mountains» նախաձեռնության հետ համատեղ կազմակերպեցինք բաց քննարկում։ Այնուհետև Երևանում տեղի ունեցավ CSN Lab-ի հայ-վրացական ժամանակակից արվեստի ցուցահանդեսը՝ նվիրված տարածաշրջանում տեղահանության փորձառություններին։ Հիշողության և հարկադիր միգրացիայի թեմաների շուրջ համագործակցեցինք նաև Ստամբուլի մեր գործընկերների հետ՝ ուսումնասիրելով ժամանակակից քաղաքներում վերոնշյալ խնդիրների դրսևորումներն ու ազդեցություն, ինչպես նաև տարածաշրջանում հիշողության քաղաքականությունը։

Շարունակելով հետազոտահեն համագործակցությունը Ստամբուլյան կազմակերպությունների հետ՝ ընդլայնեցինք արխիվային ուսումնասիրությունները Բալաթ թաղամասում։ Արդյունքում առաջիկա տարում կհրապարակվի նոր գիրք՝ նվիրված թաղամասի հայկական համայնքի և Խորենյան դպրոցի հիշողությանը։ Աշխատությունը կհրատարակվի արևելահայերեն, արևմտահայերեն և անգլերեն լեզուներով՝ «Գալուստ Կիւլպէնկեան հիմնարկության», «Հրանտ Դինք հիմնադրամի» և Բեռլինի Ազատ համալսարանի մեր գործընկերների աջակցությամբ։

CSN Lab-ը միաժամանակ շարունակում է իր գործունեությունը մշակութային իրավունքների ջատագովման ուղղությամբ՝ արձագանքելով և բարձրաձայնելով արվեստագետների իրավունքների ոտնահարման, ազատ արտահայտման սահմանափակման և գրաքննության դեպքերը։ Այս համատեքստում նաև առաջնային ենք համարում տարածաշրջանում փոխաջակցել արտաքսված արվեստային համայնքներին, այս առումով նշանակալից էր Re-lentus երկխոսական ծրագրի աշխարհագրական ընդլայնումը՝ ներառելով քաղաքական հետապնդումների ենթարկված բելառուս արվեստագետների։ 

CSN Lab-ը՝ լինելով հետազոտական կազմակերպություն, ապահով ու ներառական տարածք, ինչպես նաև իրավապաշտպան և ստեղծարար նախաձեռնություն, այս տարի ստեղծեց receptiON հարթակը՝ միտված լուսանցքային մշակութային նարատիվների հանրահռչակմանը և բաց ու հասանելի քննարկումների խթանմանը։

Լաբորատորիան ակտիվորեն ներգրավվեց նաև տեղական և միջազգային ծրագրերում, ինչպիսիք են՝ Երևանի արվեստի ֆորումը, գրքի փառատոնը, միջազգային լուսանկարչական կոնֆերանսը, VAHA միջազգային ցանցի հանդիպումը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության և մասնագիտական համայնքների բազմաթիվ քննարկումներ։

Մեզ համար մշտապես կարևոր է խթանել մշակութային համայնքների հետ փոխանակման տարածքները։ 2025-ի մեկնարկին մենք հյուրընկալեցինք Գյոթե-ինստիտուտի (Dis)Solutions կացության ծրագիրը, որն միավորում էր արվեստագետների՝ Գերմանիայից, Ղազախստանից, Ղրղզստանից, Լատվիայից, Լիտվայից, Մոլդովայից, Ռումինիայից, Տաջիկստանից և Ուկրաինայից, ինչպես նաև ընդունեցինք ուսանողների, հետազոտողների, փորձագետների և մշակութային գործիչների Եվրոպայից, ԱՄՆ-ից, Թուրքիայից և տարածաշրջանից։ Միաժամանակ մասնակցեցինք միջազգային կոնֆերանսների և հանդիպեցինք գործընկերների հետ Կոսովոյում, Թուրքիայում, Չեխիայում, Վրաստանում, Լեհաստանում, Գերմանիայում և Ալբանիայում՝ ընդլայնելով մեր միջազգային համագործակցության ցանցերը։

Ուրախ ենք նաև կիսվել տարեվերջյան ձեռքբերումով. CSN Lab-ը ընտրվել է ICON-ի (Անկախ մշակութային կազմակերպությունների ցանց) քարտուղար կազմակերպություն՝ Դանիական մշակութային ինստիտուտի հովանու ներքո։

Շնորհակալ ենք ձեր շարունակական աջակցության համար։ Լիահույս ենք, որ 2026 թվականը կլինի շարունակական համագործակցության, պատասխանատվության և փոխաջակցության տարի՝ միտված ներառական մշակութային միջավայրերի ձևավորմանը, ժողովրդավարական արժեքների զորեղացմանը և կայուն ապագաների կերտմանը։ 

Մաղթում ենք բոլորիդ խաղաղ, արդյունավետ և ստեղծարար տարի։

Ջերմորեն,
CSN Lab թիմ