Արվեստագետ Աննա Հակոբյանը «տեղ-տեղ» նախագծի շրջանակներում օրեր շարունակ ապրել է Դիլիջան քաղաքում, ճամփորդել ժամանակի միջոցով ու վիզուալ օրագրում շարահարել Դիլիջանում պահպանված խորհրդային հետքերը, անցյալի հուշերը, առկախված ներկան ու հրաշքի սպասումով լի ապագան։ Նկարչի հեղինակած պատկերազարդումներն ու դրանք ուղեկցող տեքստը հրաշապատում են հիշեցնում, գիտաֆանտաստիկ գրքերից մարմնացած կախարդական քարտեզներ, որ դիտողին ու ընթերցողին հուլունքաշեն արահետներով ուղեկցում են դեպի Դիլիջանի անցյալ, ներկա ու հասցնում մինչեւ տիեզերք։
CSN Lab-ի թիմը Աննա Հակոբյանի «Դիլիջանից դեպի տիեզերք» նախագծի համար ստեղծել է երկլեզու կայք (հայերեն եւ անգլերեն), ուր կարող եք գտնել ճամփորդության ընթացքում արվեստագետի կողմից ստեղծված պատկերազարդումներն ու օրագրային նոթերը։
Դիլիջանը հաճախ էր տեղ գտնում խորհրդային շրջանի փոստային բացիկներում։ Նմանօրինակ նմուշները հիմնականում վերարտադրում էին սոցիալիստական գաղափարախոսություններն ու վերջիններիս տարատեսակ նշաններն ամրապնդող, սոցմոդերնիզմի շրջանում կառուցված շինությունները։ Դրանցում կարելի էր տեսնել «Դիլիջան» հյուրանոցը, Հայաստանում խորհրդային իշխանության հաստատման 50-ամյակին նվիրված հնգաթեւ հուշարձանը, «Լեռնային Հայաստան» առողջարանը, կոմպոզիտորների տունը եւ այլն։ Խորհրդային վավերագրական նյութերում առավել սակավադեպ են մարդիկ ու նրանց կյանքն ամփոփող խորհրդանիշները, իսկ բնակավայրի ուրբանիզացմանը նախորդող շրջանը ներկայացնող նմուշներ գրեթե չկան։
Հետգաղութային շրջանում Դիլիջանն ու բնակավայրում ընթացող կյանքի հունը բացիկների միջոցով վավերագրելու պրակտիկան մարեց։ Որոշակի զարգացումներ ու փոփոխություններ անշուշտ եղան, բայց քաղաքը, մեծ հաշվով, հայտնվեց նույնպիսի (ան)ուշադրության ու մոռացության մշուշում, որում քաղաքի բարդ անցյալն ամփոփող բացիկներն են։ Ուստի, Աննա Հակոբյանի «Դիլիջանից դեպի տիեզերք» նախագիծը բացառիկ արվեստային ուսումնասիրություն է, որը միավորում է խորհրդային շրջանում ճանարված եւ սիրված գիտարշավի եւ ճամփորդական վեպի ժանրերը։
«տեղ-տեղ»-ն իրականացվել է «Մշակութային եւ սոցիալական նարատիվների լաբորատորիա»-ի (CSN Lab) կողմից՝ «Դանիական մշակութային ինստիտուտի» (DCI) աջակցությամբ՝ «Նոր ժողովրդավարության հիմնադրամ» (NDF) նախագծի շրջանակներում։