Շրջակա միջավայրի և մշակույթի փոխհատումն այսօր ժամանակակից գիտության առանցքային թեմաներից է։ Էկոլոգիական ճգնաժամերի խորացմանը զուգընթաց՝ գրականությունը վերածվում է այն տարածքի, որտեղ հնարավոր է վերաիմաստավորել հավաքական հիշողությունը, պատումներն ու մարդու հարաբերությունը բնության և կենդանական աշխարհի հետ։ receptiON հանդիպումների շարքի այս տարվա թողարկման շրջանակում, որը նվիրված էր շրջակա միջավայրի և մշակույթի փոխհատմանը, CSN Lab-ը հյուրընկալեց ֆրանսիացի գիտնական և փիլիսոփա Ան Սիմոնին։
Հունիսի 30-ին կայացած հանդիպման բանախոս Ան Սիմոնը Փարիզի École Normale Supérieure համալսարանի դասախոս և Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի (CNRS) հետազոտությունների ղեկավար է։ Լինելով Ֆրանսիայում առաջին գիտնականներից, ով զարգարցրել է զոոպոետիկայի և կենդանիների՝ գրականությունում ներկայացվածությանը նվիրված հետազոտությունների ուղղությունը, Սիմոնն իր աշխատանքներում ուսումնասիրում է գրականության, կենդանական աշխարհի, փիլիսոփայության և շրջակա միջավայրի փոխհարաբերությունները։ « Զոոպոետիկայից առ Արարատ. Մեծ ջրհեղեղի և Նոյյան տապանի արդի գրական վերապատումները (20–21-րդ դարեր)» խորագրով իր դասախոսության ընթացքում նա անդրադարձավ այն հարցին, թե ինչպես են ժամանակակից հեղինակները վերաիմաստավորել աստվածաշնչյան այս պատումները՝ արձագանքելով 20-րդ և 21-րդ դարերի էկոլոգիական ու պատմական աղետներին։
Ներկայացնելով Ջրհեղեղի պատմությունը ոչ միայն որպես աստվածաշնչյան պատում, այլև որպես բազմաշերտ մշակութային երևույթ՝ Ան Սիմոնը հետևեց դրա կերպափոխումներին՝ սկսած Գիլգամեշի էպոսից մինչև ժամանակակից գրականությունն ու տեսողական մշակույթը։ Համադրելով ավանդական մեկնաբանությունները արդի գրական վերապատումների հետ՝ նա ցույց տվեց, թե ինչպես են Ջրհեղեղի և Նոյյան տապանի խորհրդանիշները շարունակաբար վերաիմաստավորվում տարբեր պատմական ժամանակաշրջաններում, գեղարվեստական ձևերում և մշակութային համատեքստերում։ Եբրայերենում «տապան» բառի ստուգաբանության, ինչպես նաև ժամանակակից արվեստից՝ մասնավորապես Փարիզի փողոցային արվեստից բերված օրինակների միջոցով դասախոսությունը բացահայտեց, թե որքան կենսունակ և արդիական են այս մոտիվները մեր օրերում։
Դասախոսության առանցքում Նոյի և Նոյյան տապանի էթիկական ու քաղաքական նշանակությունն էր։ Տապանը ներկայացավ ոչ միայն որպես փրկության խորհրդանիշ, այլև որպես փոխաբերություն, որի միջոցով գրականությունը բարձրացնում է ապաստանի, պատասխանատվության, ներառման և բացառման հարցերը։ Ժամանակակից գրական վերապատումները վերաիմաստավորում են այն բարոյական պատասխանատվությունը, որը ծագում է ճգնաժամի պահին որոշելու՝ ով է ստանալու փրկության հնարավորություն, և ով է մնալու դրանից դուրս։ Այդ կերպ Նոյի կերպարը ներկայանում է ոչ միայն որպես փրկչի, այլև որպես բացառիկ պատասխանատվություն կրող գործիչ՝ բացելով իշխանության, խնամքի և համակեցության վերաբերյալ ավելի լայն քննարկումներ։
Դասախոսությանը հաջորդած քննարկումը համախմբեց հետազոտողների, ուսանողների, թարգմանիչների և մշակութային ոլորտի ներկայացուցիչների։ Քննարկման ընթացքում մասնակիցներն անդրադարձան Մեծ ջրհեղեղի պատումի արձագանքներին հայկական մշակութային հիշողության մեջ, համեմատություններ անցկացրին հայկական դիցաբանական ավանդույթների հետ՝ քննարկելով «տապան» հասկացության լեզվական ու խորհրդանշական առանձնահատկությունները հայերենում։ Այս երկխոսությունը ևս մեկ անգամ ընդգծեց, որ նման համընդհանուր պատումները շարունակում են նոր իմաստներ ստանալ տարբեր լեզուներում, մշակույթներում և գիտակարգերում։
Գրականությունը, փիլիսոփայությունը, շրջակա միջավայրի հումանիտար ուսումնասիրությունները և մշակութային հիշողությունը մեկ հարթակում համադրելով՝ receptiON հանդիպումների շարքի այս թողարկումը վերահաստատեց միջգիտակարգային երկխոսության կարևորությունը ժամանակակից էկոլոգիական և էթիկական մարտահրավերների համատեքստում։ Մարդկության հնագույն պատումներից մեկի արդի վերաիմաստավորումները մասնակիցներին հնարավորություն տվեցին նորովի մտածելու գոյատևման, համակեցության և պատասխանատվության մասին՝ պատմական ու բնապահպանական անորոշություններով լի մեր ժամանակներում։
receptiON հարթակը CSN Lab-ի շարունակական նախաձեռնությունն է, որի նպատակն է հանրային միջոցառումների միջոցով խթանել ժամանակակից մշակութային խոսույթները։ Այն մեկտեղում է Հայաստանից և աշխարհի տարբեր երկրներից մշակութային գործիչների, արվեստագետների և հետազոտողների՝ դասախոսությունների, աշխատարանների, ֆիլմերի ցուցադրությունների և այլ ձևաչափերի միջոցով գիտելիքի, փորձի և գաղափարների փոխանակման համար։
receptiON շարքի այս հանդիպումը կազմակերպում է CSN Lab-ը՝ Դանիական մշակութային ինստիտուտի (Danish Cultural Institute) աջակցությամբ և Միջավայրային արվեստների և հումանիտար գիտությունների կենտրոնի (Centre for Environmental Arts and Humanities) հետ համագործակցությամբ։