ՇՆՉԱԴԱՐՁԵՐ

«Շնչադարձեր» ցուցահանդեսն իրականացվում է «Արվեստ հանուն տարածաշրջանային երկխոսության» / ARD Project / նախագծի շրջանակներում։ ARD Project-ը ձևավորվել է «Մշակութային և սոցիալական նարատիվների լաբորատորիայի» / CSN Lab / կողմից՝ նպատակ ունենալով միավորել արվեստագետների և մշակութային գործիչների, նպաստել տարածաշրջանային մշակութային երկխոսությանը և խորհել ընդհանուր մարտահրավերների ու բարդ իրականությունների շուրջ։

Խմբային ցուցադրությունը սկիզբ է առել հայ և վրացի արվեստագետների ու համադրողների երկխոսություններից, որոնք միասին խորհում են վերջին տարիների տագնապալի իրադարձությունների շուրջ, որ ցնցել են մեր մարմինները, մեր հասարակություններն ու մեր ընդհանրությունները։

«Շնչադարձեր» Հայ-վրացական խմբային ցուցահանդեսի բացման միջոցառումը տեղի ունեցավ հոկտեմբերի 25-ին՝ Գևորգ Գրիգորյանի /Ջոտտոյի/ թանգարանում։

 

Արվեստագետներ՝

Դավիթ Գրիգորյան

Հասմիկ Թանգյան 

լուսինե թալալյան 

Մարիամ Ակուբարդիա 

Միշիկո Սուլակաուրի 

Նարեկ Բարսեղյան 

Նինո Զիրակաշվիլի 

Ռուբինա Մարկոսեան 

 

Համադրողներ՝

Լալի Պերտենավա

Տիգրան Ամիրյան 

 

Համակարգողներ՝ 

Արսեն Աբրահամյան 

Հարություն Թումաղյան 

Նանոր Հովհաննիսյան

 

ՇՆՉԱԴԱՐՁԵՐ

 

«Քարերը նետելու ժամանակը և քարերը հավաքելու ժամանակը»
Ժողովող 3:5

Մեր երկխոսությունը սկիզբ առավ մեր անհանգստություններից։ Զրույցներ այն մասին, թե ինչն է մեզ բաժանում, ինչն է մեզ տանում մասնատման ու մեկուսացման։ Զրույցներ, որ հյուսվում էին ներքին ու արտաքին հուզումների շուրջ։ Զրույցներ, որտեղ պոեզիան հայտնվեց իբրև սփոփանք: Այդ թվում՝ Ցելանի «Շնչադարձը» ու դրա ընթերցումները հայերեն ու վրացերեն։ Թվում էր, թե պոեզիան կհեռացնի ծանր իրականությունից։ Սակայն՝ հենց պոեզիան մոտեցրեց մեզ այդ իրականությանը։

 

Քարեր հավաքելու ժամանակը՝

ճի՞շտ եմ փոխանցում։

Ժամանակ՝ ձգված անվերջ ու անամոթաբար․

բոլոր քարերն ու խճաքարերն

արդեն հավաքված են,

շուրջս մի ահռելի պատ է,

այնքան բարձր,

որ եթե երբևէ գա ժամանակը

քարերը նետելու,

գուցե չկարողանամ անգամ

ամենաթեթև խճաքարը

նետել վրայով։

«Կյանքը քարեր են», Զվիադ Ռատիանի

 

Զվիադ Ռատիանին վրաց բանաստեղծ է, Պաուլ Ցելանի թարգմանիչը։ Նա այժմ բանտարկված է իր քաղաքական գործունեության պատճառով, որն ուղղված է խոսքի ազատության, արվեստի լռեցման, ինչպես նաև մարդու իրավունքների համակարգային խախտումների դեմ պայքարին։ 

Պոեզիայի և դիմադրության շուրջ մեր զրույցները հյուսվում էին փոփոխվող իրականություններում․ հայ հասարակությունը բախվեց տարածաշրջանի ամենամեծ ՆԱՅԻ՛Ր պատերազմին, իսկ Վրաստանում վերջին քաղաքական փոփոխությունները հանրությանը թողեցին միայն փշրված երազանքներ։

Թանձր ու ծխամած օդի միջով՝ մեր մարմինները մղվեցին անդորրից դեպի տագնապ։ Ինքնամեկուսացման դադարից դեպի վարար միգրացիա՝ պայթած պատերազմներով, որոնք շարունակաբար փոխակերպում են մեր սահմաններն ու մեր մարմինները։ Մենք քայլում եենք բողոքի երթերում, վազում՝ փախուստի, փախչում՝ փրկվելու, հեռանում, տեղահանվում ու ընդունում տեղահանվածների՝ շնչահեղձ տարածությունում տեղափոխելով մեր մարմինները։

Ոչ հեռավոր անցյալում մենք վախենում էինք շնչել ազատորեն՝ զգուշանալով կլանել վտանգը։ Չպատկերացնելով անգամ, որ այն ընդամենը մի դադար էր՝ շունչ քաշելու մի պահ, նախքան սուզվելն իրականություն, որտեղ անդորրը սոսկ հիշողություն էր։ 

 

Մենք շունչ առանք, բայց կարծես արտաշունչն անհնար դարձավ՝ վհատության մի ամպ գոյացնելով մեր մարմիններում։ 

 

Նոր իրականությունում մեր հասարակությունները շարունակում են մնալ հայրիշխանական՝ թշնամացած այլության հանդեպ, բևեռացված, լցված ատելությամբ ու անհանդուրժողականությամբ, պատված գաղութային անցյալի հետքերով։ Մեր մշակույթները շարունակում են կրել նույն սպիներն ու պառակտումները, ինչ մեր մարմիններն ու մեր պետությունները՝ իրենց դյուրաբեկ և փոփոխական սահմաններով։ Փորձում ենք հատել սահմանները, որ արդեն փակ են մեզ համար: Ձգտում ենք դեպի տուն, ուր անհնար է վերադառնալ։ Շնչահեղձ ենք լինում թունավոր օդում՝ միայնակ, իրարից անջատ, մեկուսացված։

 

-- Նայի՛ր քարտեզին, տե՛ս՝ ինչքան մոտ ենք իրար։
-- Նայի՛ր մեզ, տե՛ս՝ ինչքան հեռու ենք իրարից, թեպետ պատել է նույն տագնապը։  

 

Այս անհանգստությունը չունի սահմաններ․ ինչ տանջում է մեկին, անխուսափելիորեն արձագանք է գտնում մյուսի մեջ, նույնիսկ եթե մնում է լռեցված։ Մեր շնչառությունը դառնում է ընդհանուր՝ անհանգիստ, զգուշավոր։ Այդ համատեղ շնչառության մեջ՝ մեր շնչադարձերում, յուրաքանչյուր ներշունչ ու արտաշունչ ուրվագծում է մեր անհանգստությունն ու փխրուն հույսերը։

 

Իրենց հերթին շունչ առնելով՝

հայ և վրացի արվեստագետները երկխոսում են անհանգստության ու վերապրումի, ինքնության ու փոփոխվող սահմանների, ազատ շարժման ու միգրացիայի շուրջ։ Միահյուսելով տեղային պատումները՝ նրանք բեկում են իրենց շրջապատող քարերը և հարցադրում՝ արդյո՞ք դեռ կա ժամանակ ու տարածություն դրանք նետելու կամ հավաքելու։ 

Լալի Պերտենավա, Տիգրան Ամիրյան