CSN Lab-ը Արվեստի ֆորումում

Նոյեմբերի 25–30-ը Երևանում տեղի ունեցավ Արվեստի ֆորումը՝ Գյոթե ինստիտուտի նախաձեռնությամբ և Եվրոպական պատվիրակության աջակցությամբ։ Ֆորումը մեկ հարթակում միավորեց Հայաստանում գործող արվեստագետներին, անկախ արվեստային նախաձեռնություններին և հաստատություններին՝ բարձրաձայնելու և խորհելու հայաստանյան մշակութային և արվեստային դաշտի արդի հիմնահարցերի շուրջ։

CSN Lab-ը ուրախ էր մասնակցել ֆորումին, տարբեր ձևաչափերով մասնագիտական հանրությանը և լայն լսարանին ներկայացնելով իր ժամանակակից արվեստի շուրջ հետազոտահեն մոտեցումները, ինչպես նաև արվեստագետների հետ աշխատանքի, արտ լաբորատորիաների և ցուցադրությունների իրականացման փորձառությունը։

Ֆորումը մեկնարկեց Հայաստանում ժամանակակից արվեստի դաշտում գործող մի շարք նախաձեռնությունների համատեղ ցուցահանդեսով։ CSN Lab-ը այս ցուցադրությանը ներկայացրեց «Խիզախ և գունեղ» խորագիրը կրող ինստալյացիան, որի հիմքում էր Լաբորատորիայի «Մարմնի հիշողությունը. հետազոտելով մարմնի ներկայացվածությունը ժամանակակից հայկական մշակույթում և արվեստում» հետազոտական նախագիծը։

Ինստալյացիայի կենտրոնում «Մարմնի հիշողություն» հետազոտական աշխատությունն էր՝ որպես արխիվային և կոնցեպտուալ հարթակ, որը ուսումնասիրում, փաստագրում և հարցադրում է հայկական ժամանակակից մշակույթի և արվեստի մարմնականությունը։ «Խիզախ և գունեղ» ինստալյացիան մասնավորապես նվիրված էր արվեստագետ Արման Գրիգորյանին, ով ոչ միայն կարևոր դեր ունի «Մարմնի հիշողությունը» աշխատությունում, այլ նաև հայկական ժամանակակից արվեստի դաշտում։

Արվեստի ֆորումի շրջանակում CSN Lab-ի թիմը նաև ակտիվորեն ներգրավված էր ընթացող քննարկումներում։ CSN Lab-ի հիմնադիր Տիգրան Ամիրյանը մասնակցեց կազմակերպությունների և արվեստագետների համագործակցության և ֆինանսական կայունության թեմային նվիրված պանելային քննարկմանը։ Իր խոսքում նա կարևորեց մշակութային իրավունքների ջատագովման և պաշտպանության անհրաժեշտությունը՝ մասնավորապես ընդգծելով հաստատությունների պատասխանատվությունը արվեստագետների աշխատանքի արժևորման և նրանց աջակցության գործում։

Պանելային մեկ այլ քննարկում մոդերացրեց CSN Lab-ի թիմի անդամ Նանոր Հովհաննիսյանը։ Ինքնակազմակերպվող արվեստային կոլեկտիվներին նվիրված քննարկումը անդրադարձավ արվեստագետների իրավունքներին, կոլեկտիվների ձևավորման տարատեսակ նախադրյալներին, դրանց գործելակերպերին և ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու մեխանիզմներին։

Արվեստի ֆորումի Երևանի ծրագրում CSN Lab-ը նաև ներկայացնում էր «Շնչադարձեր» հայ-վրացական ցուցահանդեսը, որը միտված էր տարածաշրջանային անկայունության համատեքստում մշակութային երկխոսության ամրապնդմանը։ Ֆորումի շրջանակներում տեղի ունեցավ շրջայց համա-համադրող Տիգրան Ամիրյանի ուղեկցությամբ, ինչը հնարավորություն տվեց մասնակիցներին խորքային կերպով ծանոթանալ ցուցադրության հիմքում ընկած հայեցակետերին, արվեստագետների և նրանց աշխատանքների միջև երկխոսությանը։

CSN Lab-ի մասնակցությունը Արվեստի ֆորումին ևս մեկ անգամ ընդգծեց կազմակերպության կարևոր դերը արվեստի, գիտության և մարդու իրավունքների խաչմերուկում։ Մենք մշտապես ձգտում ենք խթանել ժամանակակից արվեստի քննադատական դիտարկումը, տարածաշրջանային մշակութային երկխոսությունը և արվեստագետների իրավունքների շուրջ հանրային քննարկման ձևավորումը։

Արվեստի ֆորումը ֆինանսավորվել է Հայաստանում Եվրոպական միության կողմից և իրականացվել Հայաստանյան Գյոթե ինստիտուտի կողմից։

 

Լուսանկարիչ՝ Էդ Թադևոսյան