«Մշակութային եւ սոցիալական նարատիվների լաբորատորիան», օրեր առաջ Ստամբուլում՝ «Հրանտ Դինք Հիմնադրամում», իրականացրեց «Բալաթ. ապրել միասին» հետազոտական աշխատության շնորհանդեսը։
«Բալաթ. ապրել միասին» նախագիծը բացահայտում է Ստամբուլի հնագույն /թաղամասերից մեկը, ուր ժամանակին կողք-կողքի անվրդով ապրել են հայերը, հրեաները, հույներն ու թուրքերը։ Այս նախագիծը վեր է հանում Բալաթ թաղամասի ու իր բնակիչների բազմաշերտ հիշողությունը, բազմաէթնիկ և բազմամշակույթ համակեցության յուրօրինակ ձևերն ու երանգները։
«Բալաթ. ապրել միասին» գիրքն ամփոփում է տասնյակ գիտական հոդվածներ, վերլուծություններ, պատմասացության օրինակներ, գեղարվեստական տեքստեր, բալաթցիների հետ հարցազրույցներ, ինչպես նաեւ բացառիկ արխիվային նյութեր, վավերագրական լուսանկարներ ու յուրօրինակ պատկերազարդումներ։ Այս եզակի միջգիտակարգային հետազոտության շուրջ խմբվել է մարդաբանների, ճարտարապետների, ուրբանիստների, մշակութաբանների, նշանագետների եւ վիզուալ արվեստագետների մի մեծ միջազգային հետազոտական թիմ, որի անդամներն իրենց ստեղծագործություններով շոշափել են Բալաթի հիշողության շերտերը, ճարտարապետությունը, բազմամշակույթ եւ բազմաէթնիկ կյանքը, տրավմատիկ անցյալն ու ներկայիս մարտահրավերները։
Միջոցառումը մեկնարկեց «Հրանտ Դինք հիմնադրամի» «Հայաստան-Թուրքիա» ծրագրի համակարգող Թալին Սյուզմեի ողջույնի խոսքով, որն ընդգծեց մշակութային ժառանգության պահպանության և հանրահռչակման կարևորությունը, ինչպես նաև «Բալաթ. ապրել միասին» աշխատության առանցքային նշանակությունը մշակութային երկխոսության և խաղաղաշինության համատեքստում։ Այնուհետև «Մշակութային եւ սոցիալական նարատիվների լաբորատորիայի» թիմի անդամներ Մարիամ Եղիազարյանը և Արսեն Աբրահամյանը ներկայացրին CSN Lab-ի գործունեության հիմնական նպատակները և ուղղությունները, իրականացված հետազոտական աշխատանքները, մշակութային նախաձեռնությունները, ինչպես նաև՝ «Բալաթ. ապրել միասին» նախագծի կառուցվածքը, բովանդակությունն ու արդյունքները։
Շնորհանդեսի ընթացքում տեղի ունեցավ պանելային քննարկում, որի շրջանակներում նախագծի հիմքերում կանգնած խմբագիրներն ու հեղինակները ներկայացրին ծրագրի շրջանակներում իրենց հետազոտական փորձառությունը և թեմայի առնչությամբ փորձագիտական դիտարկումները։
Գրքի գլխավոր խմբագիրը՝ Տիգրան Ամիրյանը, նախ և առաջ պատմեց նախագծի գաղափարի ծագման և իրականացման, չորսը տարի տևած դժվարին ճանապարհի, տասնութ գիտնականներից, հետազոտողներից մշակույթի և արվեստի գործիչներից բաղկացած միջազգային հետազոտական մեծ խմբի հետ աշխատանքի մարտահրավերների և միջգիտակարգային համագործակցության առանձնահատկությունների մասին։ Այնուհետև, անդրադարձ կատարելով գրքում ներառված իր հոդվածին, խմբագիրը ներկայացրեց Բալաթ թաղամասի դերը, որպես բազմալեզու համայնքի բազմաշերտ մշակութային հետքերը կրող, ընդունող եւ սնուցող միջավայր, խաղաղ համակեցության հիշողության տարածություն։
Տիգրան Ամիրյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց գրքի վերնագրի եւ դրա հիմքում ընկած գաղափարի շուրջ։ Նա խորքային կերպով անդրադարձավ Բալաթում ապրող տարբեր մշակույթներ ու ինքնություններ կրող էթնիկ խմբերի միասնակյանքի (vivre ensemble) փորձառության, ինչպես նաեւ՝ ճարտարապետական, սոցիալական ու մշակութային հիշողության բազմաշերտության (պալիմպսեստ) կերպերին։
Գրքի համախմբագիր, ուրբանիստ Գիզեմ Կըյգըն մանրամասնորեն անդրադարձավ Բալաթի նշանակությանը Ստամբուլի քաղաքային միջավայրում, դրա կառուցվածքին և պատմական փոխակերպումներին։ Տիկին Կըյգըն նաև բարձրաձայնեց թաղամասի առջև ծառացած արդի մարտահրավերների և ջենտրիֆիկացիայի վտանգի մասին։
Միջոցառման շրջանակներում տեսաուղերձներով հանդես եկան գրքի համահեղինակներ Դիանա Յայլոյանը և Էմրե Յալչինը՝ անդրադառնալով «Բալաթ. ապրել միասին» գրքի նշանակությանը և նախագծի շրջանակներում իրենց ունեցած հետազոտական փորձառությանը։
Շնորհանդեսին հաջորդեց ազատ ձևաչափով քննարկում, որի ընթացքում հյուրերը կարողացան ձեռք բերել «Բալաթ. ապրել միասին» գրքի իրենց օրինակները, նախագծի շրջանակներում հրատարակված նկարազարդ բացիկներն ու պաստառները, ինչպես նաև հնարավորություն ունեցան գրքի խմբագիրներին և հեղինակներին ուղղել իրենց հուզող հարցերը։
CSN Lab-ը նախատեսում է առաջիկայում իրականություն դարձնել նաև «Բալաթ. ապրել միասին» միջգիտակարգային հետազոտական աշխատության երևանյան շնորհանդեսը։