Բարդ անցյալի վկայությունները հաճախ գաղտնագրված են քաղաքային տարբեր տարածություններում և ճարտարապետական կոթողներում։ Այլևայլ նշաններ և ուղերձներ կրող բանալիքները, սակայն, այդպես էլ երևան չեն գա, եթե չլինեն դրանց կենդանություն հաղորդող մարդիկ ու նրանց զանազան պատմությունները։ Նմանօրինակ յուրահատուկ միջավայր է Երևանի Մալաթիա-Սեբաստիա թաղամասը, որտեղ կայացած հիշողության շրջայցի շրջանակներում «Բարդ անցյալի դպրոց. միգրացիա» նախագծի մասնակիցները հնարավորություն ունեցան ուսումնասիրելու, թե ինչպես են 20-րդ դարի բեկումնային իրադարձությունները հանգեցրել մայրաքաղաքի շրջաններից մեկի և վերջինիս յուրօրինակ համայնքի ձևավորմանը։
«Սեբաստիայից Սեբաստիա. ցեղասպանության հիշողության հետքերով» հիշողության շրջայցը «Բանալիք. հիշողության քննախույզ ուսումնասիրությունների հայկական նախաձեռնության» տևական հետազոտական աշխատանքի արդյունքն է։ Կոլեկտիվի անդամները ամիսներ շարունակ ուսումնասիրել են Մալաթիա-Սեբաստիա թաղամասի խորհրդային և հետխորհրդային տոպոգրաֆիան՝ մասնավորապես քննության առնելով քաղաքային միջավայրում ցեղասպանության կոմեմորացիայի պրակտիկաները։ Ծրագրի իրականացման գործընթացում առանցքային դեր են ունեցել խորքային հարցազրույցների արդյունքում հավաքագրված բանավոր պատմությունները, որոնք բացահայտում են, թե ինչպես են Մեծ եղեռնի ժամանակ Թուրքիայի Սեբաստիա նահանգից գաղթած հայերն ի վերջո հաստատվել Հայաստանում և այստեղ հիմնել նոր Սեբաստիան։ Թաղամասն ինքն իրենով բարդ անցյալի արձանագրություն է, որի բազում շերտերը պատմում են միգրացիայի, բռնի տեղահանությունների, փախստականության, տրավմայի, կորստի և կյանքի շարունակականության մասին։
«Բարդ անցյալի դպրոց» նախագծի շրջանակներում հիշողության շրջայցն իրականացրին «Բանալիք» կոլեկտիվի անդամներ Հուրիկ Ադդարեանը, Արմենուհի Նիկողոսյանը և Նելլի Մանուչարյանը։ Զբոսանքի մեկնակետը «Վերոնիկայի մանկապարտեզ»-ն էր։ Կառույցը հիմնել են Խորհրդային Հայաստանում հաստատված սեբաստացիները։ «Սեբաստիայից Սեբաստիա» նախագծի շրջանակներում մշակված նյութերը վկայում են, որ կրթահամալիրը աչքի է ընկել երեխաների մեջ վաղ տարիքից աշխատասիրություն սերմանելու մոտեցումներով։ Ժամանակին այստեղ գործել են կավագործության, ասեղնագործության, նկարչության, պարի և այլ խմբակներ։
Հաջորդ կանգառը խորհրդային վաղ շրջանում կառուցված բոժոժի նախկին գործարանն էր։ Հուրիկ Ադդարեանը «Բարդ անցյալի դպրոց. միգրացիա» նախագծի մասնակիցների ուշադրությունը հրավիրեց թաղամասի երբեմնի աշխույժ կյանքին, դրանում գործարանների ունեցած ուղղակի ազդեցության վրա։ Այս առնչությամբ մեկ այլ կարևոր կանգառ էր «Մետաքս» գործարանը, որի նախկին աշխատակիցներից շատերի հիշողություններում մինչև օրս պահպանվում է մետաքսաթելի բույրը։
Ցեղասպանությունը վերապրածների կողմից Սեբաստիայում կառուցված ու մինչև օրս պահպանված շենքերից է Սենեքերիմյան-Կամարակ» շենքը։ Կառույցի նախամուտքի մոտ «Սեբաստիայից Սեբաստիա» շրջայցի հեղինակները պատմեցին, թե ինչպես են մի խումբ ֆրանսիահայեր, սփյուռքահայերի հայրենադարձությանն ուղղված խորհրդային պրոպագանդայի արդյունքում, 30-40-ական թվականներին տեղափոխվել Հայաստան։ Այդպիսի մի քանի ընտանիք բնակություն է հաստատել տուֆակերտ երկհարկանի տանը, որը մեր օրերում Մարսելից Սեբաստիա ներգաղթի քարակերտ ապացույցն է։
Մալաթիա-Սեբաստիայի քաղաքային տարածություններում, 60-ականն թվականներին ազգայնական գաղափարների տարածման ու խորհրդային միությունում Ցեղասպանության շուրջ խոսույթի ձևավորման մասին վկայում են այգիներն ու պուրակները։ Դրանցից հատկապես նշանակալի են Ազատամատիկների այգին, 1915 թվականի նահատակների հիշատակին նվիված աղբյուր-հուշարձանը և Մեծ եղեռնի ժամանակ նահատակված մալաթիացիների հիշատակին նվիրված պուրակը։ «Բանալիք» կոլեկտիվի անդամները փաստեցին, որ այս վայրերն իբրև սրբատեղի են ծառայել և ծառայում տեղի բնակիչների համար, քանի որ հենց այս վայրերում են իրականացվում բարդ անցյալի տրավմատիկ և բեկումնային իրադարձությունների ոգեկոչման արարողությունները։ «Բանալիք» կոլեկտիվի անդամ Արմենուհի Նիկողոսյանը «ԲԱԴ 2024»-ի մասնակիցների ուշադրությունը հրավիրեց Ազատամարտիկների պուրակում գտնվող արծվի քանդակին, որը նվիրված է Մեծ եղեռնի, Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան պատերազմների զոհերին, մինչդեռ ժամանակին պատվանդանին եղել է ԽՍՀՄ քաղաքական գործիչ Լավրենտի Բերիայի արձանը։
Շրջայցն ամփոփվեց Դանիել Վարուժանի անվան թիվ 89 հիմնական դպրոցի մոտ։ Խորհրդային վաղ շրջանում կրթօջախը կոչվել է նախ Ստալինի, ապա՝ Բերիայի անվամբ, իսկ վաթսունականներին վերանվանվել սեբաստահայ բանաստեղծ Դանիել Վարուժանի անվամբ։
«Սեբաստիայից Սեբաստիա. ցեղասպանության հիշողության հետքերով» շրջայցի ավարտին «Բանալիք. հիշողության քննախույզ ուսումնասիրությունների հայկական նախաձեռնության» անդամները «Բարդ անցյալի դպրոց. միգրացիա» ծրագրի մասնակիցների հետ կիսիեցին «Սեբաստիայից Սեբաստիա» տպագիր քարտեզները, որոնք հիմք կհանդիսանան Մալաթիա-Սեբաստիա թաղամասի շարունակական ուսումնասիրությունների և բացահայտումների համար։
«ԲԱԴ»-ը CSN Lab-ի ամենամյա նախագիծ է, որն ալտերնատիվ կրթության ճանապարհով նպաստում է բարդ անցյալի շուրջ հանրային դիսկուրսի ձևավորմանը։ Այս տարի դպրոցը կայացավ սեպտեմբերի 20-ին, 21-ին և 22-ին։ Այն իրականացնում էր «Մշակութային և սոցիալական նարատիվների լաբորատորիա»-ն (CSN Lab) «Դանիական մշակութային ինստիտուտի» (DCI) «Նոր ժողովրդավարության հիմնադրամ» (NDF) նախագծի և «Հայաստանում կանանց հիմնադրամի» (WFA) աջակցությամբ։