«Կեանք մը Հալէպի ճամբաներու վրայ»

«Մշակութային և սոցիալական նարատիվների լաբորատորիան», շարունակելով հիշողության ուսումնասիրություններին և տեղի հիշողությանը նվիրված նախագծերը, ինչպես նաև ամրապնդելով տարբեր համայնքների հետ մշակութային երկխոսությունը՝ OHM - Oral History Matters նախաձեռնության հետ համագործակցությամբ՝ տարվա սկզբին, հյուրընկալեց Հալեպահայ Սաղաթէլ Պասիլի «Կեանք մը Հալէպի ճամբաներու վրայ»  գրքի  շնորհանդեսը։ Այս աշխատությունը յուրօրինակ վավերագրություն է, որտեղ հեղինակը տարածության իր յուրահատուկ ընթերցմամբ բաց է անում մի պատուհան դեպի Հալեպի քաղաքային լանդշաֆտը՝ քարտեզագրելով միջավայրի բազմաշերտ միջավայրն ու առօրյա անցուդարձը։

Միջոցառման բացումը տեղի ունեցավ պանելային քննարկմամբ, որին մասնակցում էին՝ Հայաստանում Ամերիկյան Համալսարանի դասախոս, բանավոր պատմության մասնագետ Հուրիկ Ադդարեանը, մարդաբան Հուրի Փիլիպպոսեանը, և գրականագետ Տիգրան Ամիրյանը նաև առցանց միացել էր գրքի հեղինակ՝ Սաղաթէլ Պասիլը։ Հայ համայնքի փորձառության վավերագրման տեսանկյունից այս գրքի յուրահատկությունն ընգծելով, քննարկման մասնակիցները հատկապես կարևորեցին անհատական և հավաքական հիշողության պահպանման և փաստագրման անհրաժեշտությունը՝ քաղաքական ճգնաժամերի, պատերազմների և տեղահանության պայմաններում, որոնք ցավոք կարծես չեն դադարում տարածաշրջանում։

Պանելային քննարկման առանցքային թեմաներից էր նաև տեղահանված համայնքների առջև ծառացող բազմաթիվ միգրացիոն խնդիրները և մասնավորապես տեղի ու տեղի հիշողությանն առնչվող հարցերը։ Այս համատեքստում պանելիստները նշեցին, թե որքան կարևոր է դառնում գիրը և գրականությունը՝ քաղաքի հիշողությունը պահպանելու գործում, հատկապես երբ քաղաքը շարունակաբար ենթարկվում է փոխակերպումների՝ հակամարտությունների և պատերազմների պատճառով։

Սաղաթէլ Պասիլի գիրքը դառնում է  մի հզոր վկայություն քաղաքի մասին, որն այլևս դադարում է գոյություն ունենալ այնպես ինչպես իրեն բնակիչները ճանաչում էին, տարիներ շարունակ ենթարկվելով արմատական փոխակերպումների։

Ճգնաժամերից, բնական աղետներից և պատերազմներից խորապես տուժած Հալեպը՝ շարունակում է ապրել նաև հալեպցիների հիշողության մեջ։  Ինչպես ընդգծեց Հուրիկ Ադդարեանը՝ գիրքը ոգեշնչման աղբյուր է հանդիսանում փաստագրելու անձնական տեղահանության պատմությունները, ինչը՝ խորը արձագանք գտավ ներկաների շրջանակում, որոնցից շատերը անգամ բազմակի միգրացիայի էին ենթարկվել։ Ֆիզիկապես կորսված և/կամ լքված քաղաքների հիշողության շուրջ այս քննարկումն ընդգծեց նաև մասնակիցների համընդհանուր փորձառությունները՝ մեկ անգամ ևս շեշտադրելով պատումների պահպանման կարևորությունը։ 

«Կեանք մը Հալէպի ճամբաներու վրայ» գրքի առանձնահատկություններից մեկը Հալեպը նկարագրող լեզուն էր։ CSN Lab -ի հիմնադիր և գրականագետ Տիգրան Ամիրյանը բնութագրեց գիրքը որպես «տեղային կյանքի մասին գիրք, նկարագրված տեղային լեզվով՝ տեղայնացնելով միջավայրը»։ Այն ոչ միայն պատկերում է քաղաքի ֆիզիկական տարածաքների էությունը, այլ նաև բնակիչների ամենօրյա կյանքն ու մշակույթը՝ օգտագործելով նրանց խոսակցական լեզուն։ Հալեպի տեղային լեզուն նաև հնչեց․ Հուրիգ Աթթարեանը ընթերցեց փոքր հատված գրքից և միջոցառման ներկաներն այս յուրօրինակ լեզուն լսելու հնարավորություն ունեցան։ 

Պանելային քննարկմանը մասնակցում էր նաև հալեպցի Հուրի Փիլիպպոսեանը, ով գրքի նախաբանի հեղինակն է և իր մարդաբանական հետազոտական գործունեության զգալի մասը նվիրել է Հալեպի մշակութային ժառանգության ուսումնասիրմանը՝ զբաղվելով հայկական Հալեպի մասին մեծածավալ բանավոր պատմությունների հավաքմամբ և թվային արխիվ ստեղծելով։

«Կեանք մը Հալէպի ճամբաներու վրայ» գիրքը, որը հրատարակվել է Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան աջակցությամբ, ծանր և դժվարին պայմաններում Հալեպահայ համայնքի դիմադրողականության ևս մեկ վկայություն է։ 

Գրքի շնորհանդեսը հյուրընկալելով՝ CSN Lab-ը կրկին հաստատում է իր հանձնառությունը մշակութային իրավունքների ջատագովության գործում։ Մեզ համար անչափ կարևոր է անդրադառնալ գրքում բարձրաձայնված հիմնահարցերին՝ մշակութային իրավունքների համատեքստում և ընդգծել ոչ միայն Հալեպի նյութական մշակութային ժառանգության պահպանման կարևորությունը, որը ինքնին չափազանց արդի հարց է այսօրվա աշխարհաքաղաքական իրավիճակում, այլ նաև ոչ նյութական մշակութային ժառանգությունը՝ ինչպես օրինակ քաղաքի փողոցներում և տներում հնչող լեզուն վավերագրելու և պահպանելու անհրաժեշտությունը։