Կապույտ Երևան

«Կապույտ Երևան» նախագիծը միջգիտակարգային հետազոտական նախաձեռնություն է, որն ուսումնասիրում է Երևանի ջրային ենթակառուցվածքների փոխակերպումները և դրանց ազդեցությունը քաղաքային միջավայրում, սոցիալական և մշակութային հիշողության լանդշաֆտում։ Ուրբանիզմի, հիշողության ուսումնասիրությունների և միջավայրի մարդաբանության խաչմերուկում իրականացվող այս նախագիծը միտված է վեր հանել հետխորհրդային Երևանում ջրային մարմինների վերաձևումները, դրանց դեգրադացիայի, զավթման և անհետացման գործընթացները։ Տարաբնույթ մեթոդների համադրման, պետական և ընտանեկան արխիվների ուսումնասիրման, դաշտային աշխատանքների, քարտեզագրումների և համայնքային ներգրավման, արվեստային միջամտությունների միջոցով «Կապույտ Երևանը» նպատակ ունի վերապատկերացնել քաղաքային լանդշաֆտը՝ դրանցում ջրային մարմինների դերն ու կարևորությունը։

Երևանի քաղաքային միջավայրի փոխակերպումների անկանոն հոսքում հետխորհրդային շրջանը նշանավորվում է հանրային տարածքների կանաչ և կապույտ գոտիների դեգրադացիայի մինչ օրս շարունակվող գործընթացներով, որոնք հանգեցրել են քաղաքային միջավայրից, կյանքից և առօրյա պրակտիկաներից բնական լանդշաֆտի հետզհետե անհետացմանն ու մարգինալացմանը։ Կլիմայի փոփոխության ճգնաժամի համատեքստում այս գործընթացները ոչ միայն նպաստում են էկոլոգիական վիճակի վատթարացմանը, այլ նաև բնական միջավայրի սոցիալական և մշակութային նշանակության կորստին։ Երևանի կապույտ մարմինները՝ գետերը, լճերը, ավազանները, շատրվաններն ու աղբյուրները հատկապես խոցելի են ընթացող ջենտրիֆիկացիայի առջև։ Հեզհետե խտացող ու կարծրացող քաղաքում, այս մեղմության ու փախուստի կապույտ կղզիները դիտվում են իբրև զավթման հնարավորություն։

Նախորդ երեք տասնամյակներում աղտոտվել և մասամբ փակվել է Երևանի գետային ցանցը, ցամաքեցվել են բազմաթիվ հանրային ջրային տարածքներ, սեփականաշնորհվել ու կառուցապատվել են մի շարք արհեստական լճեր ու հանրային լողավազաններ։ Այս փոխակերպումները դիտարկելով որպես թե՛ քաղաքային, թե՛ մշակութային երևույթներ՝ նախագիծը դիտարկում է ջրային մարմինները և ջուրը որպես բանալի՝ քաղաքային հիշողությունը և սոցիալական վերափոխումները վերլուծելու  համար։

«Կապույտ Երևան» նախագծի հետազոտական շրջանակը ներառում է՝

– Կապույտ գոտիների ջենտրիֆիկացիան և դրա էկոլոգիական, ուրբանիստական, մշակութային և սոցիալական ազդեցությունը

– Գետային համակարգերի և ջրանցքների դերը որպես հաղորդակցման ցանցեր

– Լճերի և ջրամբարների նշանակությունը որպես կուտակման և համայնքային կենտրոնացման վայրեր

– Շատրվանների և լողավազանների կարևորությունը որպես քաղաքային հավաքական պրակտիկաների տիրույթներ

– Վերնակուլյար ջրային ենթակառուցվածքների ձևավորումը,և դրանց կարևորությունը համայնքային կյանքում։

Նախագծի իրականացման հիմքում մարդաբանների, ճարտարապետների, ուրբանիստների, գրականագետների, էկոլոգների և արվեստագետների միջգիտակարգային համագործակցությունն է։ Զանազան մեթոդների համադրան միջոցով՝ տեսական հետազոտություններից և, արխիվային ուսումնասիրություններց մինչև, քարտեզագրումներ ու բանավոր պատմությունների հավաքագրում՝ «Կապույտ Երևանը» միտված է խթանել հանրային խոսույթում ջրային մարմինների ընկալումը ոչ միայն որպես էկոլոգիական, այլն նաև կենսական մշակութային և հանրային տարածքներ։

Վերհանելով մոռացված կամ վերափոխված ջրային ենթակառուցվածքները՝ «Կապույտ Երևանը» նպատակ ունի վերաիմաստավորել Երևանի շուրջ հյուսվող պատումները, հարցադրել ու խնդրականացնել «վարդագույն քաղաքը», «քարի քաղաքը», «արևի քաղաքը» և այդպիսով առաջ բերել Երևանի ջրային պատումը՝ ուրվագծելով Երևանի կապույտ մարմինը։

 

Թիմ և գործընկերներ

Նախագծի համադրող՝ Տիգրան Ամիրյան
Հեղինակներ՝ Oral History Matters (OHM) նախաձեռնություն, Արսեն Աբրահամյան
Հետազոտական թիմ՝ Ինեսա Սահակյան, Դավիթ Երեմյան, Մարիամ Եղիազարյան

Արվեստագետներ՝ Արմինե Շահբազյան, լուսինե թալալյան, Աննա Հակոբյան, Դավիթ Քոչունց, Հարություն Թումաղյան

«Կապույտ Երևան» նախագծի արդյունքները կհանրայնացվի տարբեր ձևաչափերով՝ գրքի հրապարակմամբ, ինչպես նաև արվեստային վավերագրական ցուցադրությամբ, որն իրականացվում է Կանադայի տեղական նախաձեռնությունների հիմնադրամի աջակցությամբ։ Ցուցահանդեսը կներկայացվի նաև Գերմանիայում՝ Լայպցիգի գրքի փառատոնի շրջանակում։

Նախագիծն իրականացնում է «Մշակութային և սոցիալական նարատիվների լաբորատորիա» հասարակական կազմակերպությունը Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի աջակցությամբ։ 

Նախագծի բովանդակության համար պատասխանատու է «Մշակութային և սոցիալական նարատիվների լաբորատորիա»-ն, և այն որևէ կերպ չի կարող ընկալվել որպես Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի տեսակետ։