Հայաստան. հիշողությունների լանդշաֆտներ

Դանիացի լուսանկարիչ Մարտին Թաուլոուն այս գարնանը շաբաթներ շարունակ ապրել է Հայաստանում, շրջել տարբեր քաղաքներով ու գյուղերով եւ ստեղծել «Հայաստան. հիշողությունների լանդշաֆտներ» շարքը։ «Մշակութային եւ սոցիալական նարատիվների լաբորատորիա»-ի (CSN Lab) եւ «Դանիական մշակութային ինստիտուտի» (Danish Cultural Institute) «Նոր ժողովրդավարության հիմնադրամ» ծրագրի (New Democracy Fund) աջակցությամբ իրականացված այս նախագիծը միահյուսում է հայաստանյան հանրության տարբեր համայնքների ներկայացուցիչների դիմանկարներն ու անձնական պատմությունները։

Մարտին Թաուլոուն դանիացի լուսանկարիչ եւ վիզուալ արտիստ է, ով դիմանկարների եւ անձնական պատմությունների համադրման միջոցով շոշափում է բռնի տեղահանության եւ փախստականության, ինչպես նաեւ պատերազմների եւ հակամարտությունների այլ հետեւանքներին առնչվող բարդ եւ զգայուն թեմաները։ Հեղինակը բազմաթիվ նախագծեր ունի Ուկրաինայից, Լիբանանից, Սիրիայից, Իրաքից, Ռուանդայից եւ աշխարհի տարբեր անկյուններից բռնի տեղահանված մարդկանց մասին, որոնք իրականացրել է այնպիսի միջազգային կառույցների աջակցությամբ, ինչպիսիք են ՄԱԿ-ը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն, Կարմիր խաչը, Ամնեսթի ինթերնեյշնլը եւ այլն։

«Հայաստան. հիշողությունների լանդշաֆտներ» ցուցահանդեսը բացվեց այս տարվա հունիսին Դանիայի Բորնհոլմ կղզում կայացած People’s Summit (Folkemødet) փառատոնի շրջանակներում։ Սա ամենամյա միջոցառում է, որին մասնակցում են Դանիայից եւ աշխարհի տարբեր ծայրերից ժամանած մշակութային, հասարակական եւ քաղաքական գործիչներն ու պարզապես հետաքրքրված անձինք, եւ քաղաքականության, արվեստի ու մշակույթի լեզվով խոսում ժողովրդավարության կարեւորության մասին։

Մարտին Թաուլոուի կողմից ստեղծված լուսանկարչական շարքը, որի ցուցադրությունը համադրել է CSN Lab-ի հիմնադիր Տիգրան Ամիրյանը, բաղկացած է երկու մասից։ Առաջինը կառուցված է Հայաստանի հասարակության բազմազանության շուրջ եւ ներկայացնում է ամենատարբեր ինքնություններ ու փորձառություններ ունեցող մարդկանց դիմանկարներ։ Երկրորդ մասի առանցքում «Մշակութային եւ սոցիալական նարատիվների լաբորատորիա»-ի կողմից իրականացված «Կեչուտ. հիշողություն ջրի հատակին» միջգիտակարգային մուլտիմեդիա նախագիծն է։ Հայաստան կատարած այցի շրջանակներում Մարտին Թաուլոուն միացել է Կեչուտ գյուղում CSN Lab-ի դաշտային աշխատանքներին եւ ստեղծել Կեչուտի եւ կեչուտցիների յուրօրինակ լուսագրությունները, որոնք ցուցահանդեսից զատ դարձել են «Կեչուտ. հիշողություն ջրի հատակին» նախագծի նոր բաղադրիչի՝ համանուն գրքի կարեւոր մասը։ Բաց երկնքի տակ, կղզու ժայռոտ ափերին ցուցադրության համադրությունը կարծես զուգահեռում է Բորնհոլմի եւ Կեչուտի, Դանիայի եւ Հայաստանի լանդշաֆտները։ Այս ցուցահանդեսի շնորհիվ հազարավոր մարդիկ հնարավորություն ունեցան ծանոթանալու Հայաստանի բազմաշերտ հանրությանը, մշակույթին, ինչպես նաեւ արդի մարտահրավերներին, որոնց միջով անցնում է մեր հանրությունը։

«Հայաստան. հիշողությունների լանդշաֆտներ» ցուցահանդեսը բացահայտում է Հայաստանի բարդ անցյալի բազմաշերտ հիշողությունը, ներկայի մարտահրավերները եւ արտացոլում հայաստանյան հանրության բազմազան ինքնությունները։ Այս ցուցահանդեսը նաեւ կարեւոր քայլ է հայ-դանիական մշակութային երկխոսության հաստատման եւ Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամրապնդման համատեքստում։ Ցուցահանդեսի հանդիսավոր բացումը տեղի ունեցով հունիսի 13-ին, Բորնհոլմի փառատոնի շրջանակներում, եւ բաց կլինի մինչեւ օգոստոսի 12-ը։

Լուսանկարները՝ Մարտին Թաուլոու և Վիլաս Օլաֆ Թաուլոու

09.07.2024