Սույն թվականի հունվարի 8-ին Երեւանի ավագանու նիստի շրջանակներում Օղակաձեւ զբոսայգու չորրորդ հատվածի բարեկարգման առաջարկի քննարկման ընթացքում պարզ դարձավ, որ քաղաքային իշխանությունները մտադիր են ապամոնտաժել ԵՊՀ-ին հարակից թենիսի կորտերը։
«Բուրեվեստնիկ» անվամբ հայտնի թենիսի կորտերը հանրային գերակա շահ ճանաչելու եւ ապամոնտաժելու առաջարկը քաղաքացիների մշակութային իրավունքների խախտման ռիսկեր է պարունակում։ Սա առաջին դեպքը չէ, երբ «Հանրության գերակա շահի ապահովման» օրենքի հիմքով ոչնչացվում եւ կոպիտ տրանսֆորմացիաների է ենթարկվում քաղաքի դիմագիծը, քաղաքացիները զրկվում են հանրային տարածքներից, վերնակուլյար թաղամասերից եւ մշակութային հուշարձաններից։ «Հանրության գերակա շահի ապահովման» օրենքի այսօրինակ գործածումը աղճատում է քաղաքի եւ մարդկանց մշակութային ինքնությունն ու հիշողությունը։
Տասնամյակներ շարունակ Երեւանի պետական համալսարանի դիմաց տեղակայված թենիսի կորտերը երեւանաբնակների առօրյայի եւ մշակութային կյանքի առանցքային մասն են, քաղաքի հիշողության եւ ինքնության կարեւոր տարրը։ Քաղաքի այս հատվածը յուրահատուկ հանրային ու կանաչ տարածք է, ուր կարելի է ոչ միայն սպորտով զբաղվել, այլեւ՝ ներգրավվել այլ մշակութային ու սոցիալական պրակտիկաներում։
ՀՀ-ն դեռեւս 2007 թվականին վավերագրել է «Մշակութային ինքնարտահայտման ձեւերի բազմազանության, պաշտպանության եւ խրախուսման մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիան եւ պարտավորվել է ընդգրկել մշակութային հիմնահարցերը պետական քաղաքականության բոլոր մակարդակներում, ստեղծել կայուն զարգացմանը նպաստող պայմաններ եւ օժանդակել այս առնչությամբ մշակութային ինքարտահայտման ձեւերի բազմազանությանը, ինչպես նաեւ հարգել եւ խթանել մշակութային կյանքի եւ միջավայրի հասանելիությունը։
CSN Lab-ը, որպես Հայաստանում մշակութային իրավունքներով զբաղվող կազմակերպություն, մտահոգություն է հայտնում քաղաքային զբոսայգու մի մասը հանրային գերակա շահ ճանաչելու, եւ այդ պատրվակով թենիսի կորտերը ապամոնտաժելու առնչությամբ։ Սա կարող է անդառնալի հետեւանքներ ունենալ քաղաքի եւ բնակիչների կյանքի, մշակութային ինքնության եւ հիշողության վրա։
Կոչ ենք անում ՀՀ ԿԳՄՍՆ-ին, ՀՀ կառավարությանն ու Երեւանի քաղաքային իշխանություններին պահպանել թենիսի կորտերը, Օղակաձեւ զբոսայգու զարգացման հետագա քայլերը հաստատել հանրային լայն քննարկումների արդյունքում եւ վերջապես խթանել եւ պաշտպանել քաղաքացիների մշակութային իրավունքները։