Հայաստանում Կանադայի դեսպանատան նախաձեռնությամբ հունվարի 24-ին կայացավ Հայաստանում Կանադայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էնդրյու Թըրների եւ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդիպումը։ Ֆորումի շրջանակներում կանադական «Աջակցություն տեղական ծրագրերին» (CFLI) ֆոնդի օժանդակությամբ Հայաստանի մայրաքաղաքում եւ մարզերում տարբեր մշակութային եւ սոցիալական ծրագրեր իրականացրած կազմակերպությունները հնարավորություն ունեցան ներկայացնելու իրենց աշխատանքը, ծանոթանալու գործընկերների նախաձեռնություններին, ինչպես նաեւ՝ քննարկելու համագործակցության նոր հնարավորությունները։
Իր ողջույնի ուղերձում Հայաստանում Կանադայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էնդրյու Թըրները նշեց, որ նախորդ տարվա հոկտեմբերին Հայաստանում դեսպանատան բացումը խորհրդանշում է Կանադայի գործնական աջակցությունը հետպատերազմյան ճգնաժամում գտնվող Հայաստանի Հանրապետության երիտասարդ ժողովրդավարությանը։ Պարոն Թըրների համոզմամբ՝ հրատապ է ոչ միայն Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերին աջակցության տրամադրումը, այլեւ՝ ժողովրդավարական արժեքների հանրահռչակմանն ուղղված նախագծերի իրականացումը, ինչը կբերի Հայաստանի կայունացմանն ու բարգավաճմանը։
Միջոցառմանը ներկա հասարակական կազմակերպություններն իրենց հերթին ընդգծեցին, պետության անվտանգային խնդիրներին զուգահեռ, ժողովրդավարության ամրապնդմանն ու հատկապես բռնի տեղահանությանը, միգրացիոն հոսքերին եւ գենդերային հավասարությանն ուղղված ծրագրերի իրականացման եւ, այս առնչությամբ, միջազգային գործընկերների աջակցության կարեւորությունը։
«Մշակութային եւ սոցիալական նարատիվների լաբորատորիա»-ի թիմն ուրախ էր ֆորումին ներկա գտնվելու հնարավորության, եւ CFLI-ի աջակցությամբ իրականացված «ZINEադադար» նախագիծը եւս մեկ անգամ ներկայացնելու հնարավորության համար։ Բազմաբաղադրիչ «ZINEադադար» ծրագիրը միտված է Հայաստանում եւ տարածաշրջանում պատերազմների եւ հակամարտությունների համատեքստում կանանց փորձառությունը, հայացքները, մոտեցումներն ու ձայնը լսելի ու տեսանելի դարձնելուն։ Մեր նախագծի մանրամասներին ծանոթանալու, նախագծի շրջանակներում ստեղծված գրքույկները կարդալու, փոդքասթները լսելու համար կարող եք այցելել մեր կայքի փոդքասթների եւ հրապարակումների բաժինները։
Շնորհակալ ենք Հայաստանում Կանադայի դեսպանատանը եւ «Աջակցություն տեղական ծրագրերին» (CFLI) ֆոնդին՝ «ZINEադադար» նախագիծն իրականություն դարձնելու գործում մեզ աջակցելու համար։