Բաց կանչ | Խթանելով արվեստագետների շարժունակությունը

 
Սեպտեմբերի 9-ին CSN Lab-ը հրավիրում է արվեստագետներին և մշակույթի գործիչներին մասնակցելու, «Ստեղծագործ Եվրոպայի» անհատական շարժունակության՝ «Culture Moves Europe» ծրագրին նվիրված, տեղեկատվական հանդիպում-աշխատարանին։ «Culture Moves Europe»-ը տրամադրում է ճանապարհորդական դրամաշնորհներ «Ստեղծագործ Եվրոպա» երկրների բոլոր մշակութային և ստեղծագործական ոլորտներում (բացառությամբ աուդիովիզուալ ոլորտի) միջազգային ծրագրեր իրականացնելու նպատակով։
 
«Culture Moves Europe»-ը «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի շրջանակներում Եվրամիության կողմից աջակցվող նախաձեռնություն է, որն ուղղված է նպաստել ծրագրի անդամ երկրների արվեստագետների և մշակույթի գործիչների միջազգային համագործակցությանն ու համաստեղծարարությանը, հանդիպումներին, փոխանակումներին, հետազոտություններին կամ մասնագիտական ​​միջոցառումների այցելություններին։ Այս շարժունակության ծրագրի, հայտի ներկայացման պարզ և ճկուն գործընթացի միջոցով արվեստի և մշակույթի գործիչները իրենց մասնագիտական ​​նպատակների համար կարող են կարճ, միջին և երկարաժամկետ, անհատական կամ խմբային այցեր կատարել «Ստեղծագործ Եվրոպա»-ի այլ երկրներ։
 
Աշխատարանի շրջանակներում CSN Lab-ի թիմի անդամները կանդրադառնան մշակութային շարժունակությանը և կներկայացնեն, թե ինչպես կարող է այն նպաստել մշակույթի տարբեր ոլորտների ներկայացուցիչների գործունեությանը։ Մասնակիցները կսովորեն, թե ինչպես մշակել շարժունակության գաղափար, գտնել գործընկերներ և իրականացնել մշակութային շարժունակության ծրագրին դիմելու առաջին քայլերը։
Աշխատարանը տեղի կունենա CSN Lab-ի գրասենյակում, Մ. Մաշտոց 29 հասցեում:
 
Ծրագրի oրակարգը`
▫️17:00 - 18:15 տեղեկատվական մաս
▫️18:15 - 18:45 սուրճի ընդմիջում
▫️18:45 - 20:00 աշխատարան
 
Տեղեկատվական հանդիպման շրջանակներում կներկայացվի նաև «Culture Moves Europe» անհատական շարժունակության ծրագրին դիմելու ընթացակարգը և մանրամասները՝ ինչպես օգտվել Գյոթե Ինստիտուտի հայտադիմումների համակարգից, պատրաստել անհրաժեշտ փաստաթղթերը, կազմել անհատական կամ խմբային դիմումները, իրականացնել դրամաշնորհը ստանալուն հաջորդող քայլերը և պատրաստել հաշվետվությունը։ Կարճ ընդմիջումից հետո հանդիպումը կշարունակվի աշխատարանով, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալ ձևաթղթին, տալ իրենց հուզող հարցերը, ստանալ խորհրդատվություն և առաջարկություններ մշակութային շարժունակության առնչությամբ։
 
Աշխատարանի գլխավոր նպատակն է խթանել մասնակիցների կողմից հաջող դիմումների ստեղծումը, ընձեռել արվեստի և մշակույթի գործիչներին հնարավորություն ստանալ «Culture Moves Europe»-ի կողմից տրամադրվող ուղևորության դրամաշնորհները։
 
✔️Դիմելու վերջնաժամկետը սեպտեմբերի 5-ն է։