«Մշակույթն իրավունք է» ազդարարող կարգախոսով կայացավ CSN Lab-ի մշակութային իրավունքների շուրջ տարածաշրջանային երկխոսության ծրագիրը։ «Մշակութային եւ սոցիալական նարատիվների լաբորատորիան» (CSN Lab), այս նախագծի շրջանակներում, միավորել է Հայաստանում եւ Վրաստանում մշակութային ոլորտը, մեդիան եւ մարդու իրավունքները ներակայցնող մի շարք մասնագետների։
«Մշակույթ իրավունք է» ծրագրի մեկնարկը տրվեց EVN մեդիա փառատոնի շրջանակներում՝ մշակութային իրավունքների, դրանց արդի մարտահրավերների եւ խնդիրների, դրանք հաղթահարելուն ուղված «մշակութային դիմադրություն» թեմայի շուրջ պանելային քննարկմամբ, որը վարում էր միջազգային իրավունքի եւ մարդու իրավունքների փորձագետ Շիլա Փայլանը։ Միջոցառումը սկսվեց Շիլա Փայլանի ողջույնի խոսքով, որտեղ նա ընդգծեց «Մշակութային եւ սոցիալական նարատիվների լաբորատորիայի» կողմից իրականացվող այս նախաձեռնության կարեւորությունը, մասնավորապես արցախահայության բռնի տեղահանության համատեքստում՝ նշելով, որ, «մշակութային իրավունքները նույնքան կարեւոր են, որքան մարդու հիմնարար իրավունքները»։ Այնուհետեւ CSN Lab-ի հիմնադիր Տիգրան Ամիրյանը, ներկայացնելով կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունները եւ նպատակները, ձեւակերպեց մշակութային իրավուքնների ընդգրկուն շրջանակը, դրա շուրջ խոսույթ ծավալելու անհրաժեշտությունը, այդ ուղղությամբ «Մշակութային եւ սոցիալական նարատիվների լաբորատորիայի» կողմից իրականացված եւ ընթացիկ ծրագրերը, ինչպես նաեւ՝ արդի հայաստանյան համատեքստում մշակութային իրավուքնների զարգացումները, պետական եւ ոչ պետական հաստատությունների կողմից առկա խնդիրների հասցեագրման բացերը։ Ամիրյանը նաեւ շեշտեց թեմայի շուրջ հայ-վրացական երկխոսության կարեւորությունը՝ մասնավորապես ընդգծելով ժողովրդավարությանն ուղղված այն արդի մարտահրավերները, որոնց բախվում են երկու երկրների հասարակությունները։
Հաջորդիվ, քննարկամն առանցքում հայտնվեցին մեդիան, մշակութային իրավունքների համատեքստում դրա դերն ու պատումներ ստեղծելու, տարածելու եւ դրանց միջոցով հանրային գործընթացների վրա ազդեցություն ունենալու կարողությունը։ Մեդիափորձագետ, ԵՄ պատվիրակության մամուլի եւ տեղեկատվության պատասխանատու Մայա Մաթեշվիլին, հղվելով ներկայումս Վրաստանում տեղի ունեցող գործընթացներին, մասնավորապես՝ կառավարության կողմից «Օտարերկրյա գործակալների մասին օրենքի» ընդունմանը, խոսեց վրաստանյան մեդիայում ստեղծվող կեղծ նարատիվների մասին, որոնք «փորձում են սաբոտաժի ենթարկել վրաստանում ժողովրդավարական գործընթացները»։ Մաթեշվիլին նաեւ անդրադարձավ ԵՄ-ի կողմից իրականացվող այն նախաձեռնություններին, որոնք միտված են մշակութային գործընթացների շուրջ հանրային լայն շրջանակների իրազեկվածության եւ մեդիագրագիտության բարձրացմանը։ Մշակութային իրավունքների համատեքստում մեդիա գործոնի շուրջ քննարկումը շարունակեց, Հայաստանում Freedom House-ի ներկայացուցիչ Անդրանիկ Շիրինյանը, ով առկա իրավիճակին անդրադառնալիս, խոսեց Հայաստանում ժողովրդավարության կայացման գործում մեդիայի դերի մասին՝ կենտրոնանալով հակաժողովրդավարական եւ հակագենդերային շարժումների վրա, որոնք թիրախավորում են «Ստամբուլյան կոնվենցիան», «Լանզարոտեի կոնվենցիան», ինչպես նաեւ ԼԳԲՏ+ համայնքին, որոնց շուրջ հյուսվող կեղծ պատումները լայն տարածում են գտնում տեղական մեդիայում։
Քննարկման երկրորդ հատվածում, Հայաստանում եւ տարածաշրջանում մշակութային իրավունքների շուրջ ստեղծված ճգնաժամերին եւ դրանց դիմակայելու մշակութային լեզվին եւ գործիքներին անդրադարձան կինոքննադատ ու համադրող Սոնա Կարապողոսյանը եւ մշակութային համակարգող, թարգմանիչ Նաթիա Միքելաձե-Բախսոլիանին։ Հայաստանում կինոոլորտի արդի խնդիրները ներկայացնելիս, Սոնա Կարապողոսյանն առանձնացրեց արվեստագետների ազատ ստեղծագործելու իրավունքի իրացման խոչընդոտները, պետության կողմից դաշտի վերահսկման փորձերը, ինչպես նաեւ մշակութային կյանքին հանրության լայն շրջանակների մասնակցության ապահովմանն ուղղված ջանքերի եւ ռեսուրսների պակասը։ Իր ելույթում Կարապողոսյանը հատուկ ուշադրություն դարձրեց հայաստանյան արվեստում եւ մշակույթում լեզվի հիմքով խտրականությանը, ինչը մշակութային իրավունքների ոտնահարման օրինակ է։ «Հայաստանում ֆիլմերի մեծ մասը հայերեն չեն ցուցադրվում»,- ընդգծեց նա։ Տարածաշրջանում մշակութային երկխոսության եւ փոխանակման շուրջ քննարկումը շարունակելով՝ Նաթիա Միքելաձե-Բախսոլիանին ընդգծեց մշակութային գոծիչների եւ ինստիտուտների գործունեության կարեւորությունը, վերջիններիս աջակցելու եւ ինտենսիվ համագործակցությունը խթանելու անհրաժեշտությունը։ Կրկին անդրադառնալով ներկայումս Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին եւ այդ համատեքսում կառավարության կողմից մշակութային գործիչների նկատմամբ բանեցվող ճնշումներին եւ սահմանափակումներին, Նաթիան ընդգծեց ինչպես առանձին երկրների, այնպես էլ՝ տարածաշրջանային մակարդակում մշակութային գործիչների համագործակցության եւ երկխոսության կարեւորությանը, որպես արդի նեոգաղութատիրական սպառնալիքներին եւ հակաժողովրդավարական գործընթացներին դիմակայելու միջոց։
«Ինչպե՞ս հաղթահարել ստեղծված ծայրահեղ բեւեռացումը։ Ո՞րն է մշակույթի դերն այս առնչությամբ» եզրափակիչ հարցերով պանելային քնարկումն ի վերջո ընդլայնվեց եւ ներգրավեց միջոցառմանը ներկա հյուրերին։ Հարցուպատասխանը ծավալվեց տարածաշրջանում ստեղծված դժվարին իրականությունում երեւան եկած բեւեռացումը հաղթահարելու, հակամարտող խմբերի առերեսման գործում մշակույթի հնարավոր ազդեցության եւ կարողությունների շուրջ։
«Մշակույթն իրավունք է» տարածաշրջանային երկխոսության ծրագրի երկրորդ միջոցառումը տեղի ունեցավ կոնֆերանսի ձեւաչափով, որին իրենց մասնակցությունն ունեցան մշակութային ոլորտի բազմաթիվ մասնագետներ, հետազոտողներ, քաղհասարակության ներկայացուցիչներ, արվեստագեներ ու մշակութային գործիչներ։ Նախագծի այս փուլում Հայաստանից եւ Վրաստանից հրավիրված փորձագետների շարքը համալրեցին սոցիալական մարդաբան եւ Հայնրիխ Բյոլ հիմնադրամի երեւանյան գրասենյակի ծրագրերի համակարգող Էվիյա Հովհաննիսյանը, մշակութային համակարգող եւ հետազոտող Մարիամ Եղիազարյանը, ինչպես նաեւ քաղաքագետ, խմբագիր եւ թարգմանիչ Հովհաննես Գալստյանը, ով էլ մոդերացնում էր «Մշակույթն իրավունք է» կոնֆերանսը։
Նախքան թեմայի շուրջ իր մասնագիտական դիտարկումներով կիսվելը, Հովհաննես Գալստյանն իր ներածական խոսքում առաջ բերեց ժողովրդավարությանը սպառնացող արդի մարտահրավերները, որոնք էլ ավելի են սրվել վերջին տարիների բեկումնային իրադարձությունների՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի, ռուս-ուկրաինական պատերազմի, բռնի տեղահանությունների, միգրացիոն ճգնաժամի, Վրաստանում տեղի ունեցող հակաժողովրդավարական գործընթացների համատեքստում։
Կոնֆերանսի մեկնարկային փուլում անչափ կարեւոր էր նաեւ մշակութային համակարգող եւ հետազոտող Մարիամ Եղիազարյանի ելույթը, ով ներգրավված է CSN Lab-ի մշակութային իրավունքների շուրջ ծրագրերում։ Նա ընդգրկուն կերպով սահմանեց մշակութային իրավունքներ հասկացությունը, դրա բազմազան բաղադրիչները եւ դրանց փոխազդեցությունները, ինչպես նաեւ Հայաստանում եւ տարածաշրջանում դրա շուրջ նոր ձեւավորվող խոսույթն ու զարգացումները։ Անդրադառնալով CSN Lab-ի երկար տարիների գործունեությանը Մարիամը նաեւ խոսեց մշակութային, արվեստային եւ հետազոտական նախագծերի, երկխոսության եւ փոխանակման ծրագրերի միջոցով մշակութային իրավունքների ամրապնդման եւ հանրահռչակման մասին։
Փորձագիտական համայնքի ներգրավվածությամբ թեմայի շուրջ քննարկում ծավալելու նպատակով ծրագրի մյուս մասնակիցները այս ձեւաչափում առավել ընդգրկուն եւ խորքային կերպով անդրադարձան նախակոնֆերանսային պանելային քննարկման ընթացքում իրենց կողմից բարձրաձայնված խնդիրներին՝ ներկայացնելով իրենց մասնագիտական գործունեությունը, իրականացված ծրագրերի, հետազոտությունների եւ դիտարկումների արդյունքները։
«Մշակույթն իրավունք է» ծրագրի այս փուլում անչափ կարեւոր էր նաեւ սոցիալական մարդաբան Էվիյա Հովհաննիսյանի ներդրումը, ում զեկույցը վերաբերում էր միգրացիոն հոսքերի վրա տարածաշրջանային պատերազմների եւ հակամարտությունների ազդեցությանը։ Բռնի տեղահանությունների եւ հարկադիր միգրացիայի համատեքստում մշակութային իրավունքների խոցելիությունն ընդգծելով, Էվիյան մասնավորապես անդրադարձավ 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղից արցախահայության բռնի տեղահանությանը, նրանց վերաբնակեցման, հայաստանյան հասարակությունում նրանց ինտեգրման եւ/կամ ադապտացիայի, ինչպես նաեւ մշակութային իրավունքների պաշտպանության խնդիրներին։
Կոնֆերանսը եզրափակվեց թեմայի շուրջ փորձագիտական համայնքի ոչ ֆորմալ քննարկմամբ։ Միջոցառման ամփոփիչ խոսքում Տիգրան Ամիրյանն նշեց մշակութային իրավունքների շուրջ CSN Lab-ի առաջիկա ծրագրերի, թեմայի շուրջ հանրային խոսույթը կայացնելու եւ զարգացնելու հեռահար նպատակների մասին՝ ընգծելով որ մշակութային իրավունքները կազմակերպության գործունեության առանցքում են եւ որ տարածաշրջանային մշակութային երկխոսության այս նախագիծը «Մշակույթն իրավունք է» մասշտաբային ծրագրի մեկնակետն է միայն։ «Մշակութային եւ սոցիալական նարատիվների լաբորատորիան» մտադիր է նախագծին հաղորդել շարունակական բնույթ՝ այսպիսով հետեւողականորեն նպաստելով Հայաստանում եւ տարածաշրջանում մշակութային իրավունքների հանրահռչակմանը։