Երբ մշակույթը հատում է սահմանները

Մշակութային երկխոսությունը CSN Lab-ի գործունեության առանցքում է, և մենք հավատացած ենք, որ հենց դա է մշակութային էկոհամակարգի զարգացման եւ ժողովրդավար մշակութային միջավայրի ձեւավորման հիմքը։ 

Այս առնչությամբ շատ կարևոր է արվեստագետների և մշակութային գործիչների շարժունակությունը, միջազգային համագործակցությունն ու համաստեղծարարությունը:

Մշակութային երկխոսությունը խթանելու նպատակով CSN Lab-ն այս ամիս իրականացրել է 2  աշխատարան, որոնք մասնավորապես միտված են եղել «Culture Moves Europe» շարժունակության ծրագրին՝ հայաստանյան արվեստագետների և մշակույթի գործիչների հաջող մասնակցությանը։

CSN Lab-ի թիմը, բաց կանչի շրջանակներում, ստացել է ավելի քան 160 հայտ, եւ 50 դիմորդի հնարավորություն է ընձեռնվել մասնակցել աշխատարաններին։ Ինտենսիվ դասընթացների շրջանակներում CSN Lab-ի թիմի անդամները իրականացրել են տեղեկատվական հանդիպումներ և շարժունակության նախագծերի նախապատրաստման աշխատանքներ։ Տեղեկատվական հանդիպումների շրջանակներում աշխատարանի մենթորները համապարփակ կերպով ներկայացրել են «Culture Moves Europe» ծրագրի մանրամասները՝ կառուցվածքը, հիմնական նպատակները, գործունեության ոլորտները, դիմելու կարգը, նախագծերի իրականացման և ծրագրի ամփոփման ժամանակացույցը։ Մեր թիմի անդամները կիսվել են նաև շարժունակության սեփական փորձառությամբ, այսօրինակ ծրագրերի առանձնահատկություններով և դրանց դիմելու հմտություններով։

Շարժունակության ծրագրեր և նախագծեր պատրաստելու, սեփական գաղափարները ձևակերպելու և համագործակցության հնարավորություններ գտնելու նպատակով՝ հանդիպումների մասն են կազմել նաև գործնական աշխատանքները։ Մասնակիցներն այս փուլում հնարավորություն են ունեցել մենթորների խորհրդատվությամբ և օժանդակությամբ լրացնել իրենց հայտերը, քննարկել դրանց ուժեղ և թույլ կողմերը, զարգացնել սեփական նախագծերը, ինչպես նաև՝ ձեռք բերել միջազգային գործընկերներ գտնելու, նրանց հետ կապեր և համագործակցություն ձևավորելու մի շարք հմտություններ։ 

Աշխատարաններին միացել են նաև «Ստեղծարար Եվրոպա»-ի հայաստանյան գրասենյակի մեր գործընկերները, որոնք մեծ պատրաստակամությամբ կիսվել են իրենց գիտելիքներով և խորհուրդներով։

Արվեստային և մշակութային փոխանակման այս հնարավորությունը բաց չթողնելու համար մենք հորդորում ենք դիմել «Culture Moves Europe» ծրագրի երրորդ փուլի բաց կանչին, որը կգործի մինչեւ 2024 թվականի նոյեմբերի 30-ը։ CSN Lab-ն առաջիկայում  շարունակելու է իրականացնել տարաբնույթ ծրագրեր, որոնք ուղղված կլինեն արվեստագետների ու մշակույթի գործիչների շարժունակությանը, միջազգային համաստեղծարարությանը և մշակութային երկխոսությանը։