Մշակութային իրավունքների պաշտպանությունը՝ հանուն ժողովրդավարության

Օրեր առաջ տեղի ունեցավ CSN Lab-ի և Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի կողմից կազմակերպված «Մշակութային իրավունքները կենտրոնական և արևելյան Եվրոպայում. գենդեր, ժառանգություն, լեզու» միջազգային կոնֆերանսը։ Նախաձեռնության  նպատակն էր վեր հանել և քննարկել տարածաշրջանում պատերազմների և զինված հակամարտությունների համատեքստում մարդու իրավունքներին և մասնավորապես մշակութային իրավունքներին առնչվող հիմնախնդիրները, որոնք հաճախ  աղետալի իրադարձությունների և հիմնարար իրավունքների պարբերական խախտման համատեքստում հայտնվում են լայն քննարկման լուսանցքում։ 

Կոնֆերանսի ընթացքում Հայաստանից և Բելառուսից, Սլովենիայից, Ղազախստանից, Հունգարիայից ժամանած հետազոտողներն ու փորձագետները քննարկեցին պատերազմի համատեքստում մարդու իրավունքների և ազատության նկատմամբ քաղաքական բռնաճնշումները, արվեստագետների, մշակույթի և մեդիա գործիչների նկատմամբ սահմանափակումները, մշակութային կյանքի հասանելիության խնդիրները, կրթական և գիտական գործընթացների լիարժեք կազմակերպման բարդությունները, ռազմականացման համատեքստում գենդերային հավասարության և հանրային լայն խոսույթի ռադիկալացման հիմնահարցերը։  

Միջոցառման շրջանակներում կայացավ նաև «Մարդու իրավունքների ներկա իրավիճակը կենտրոնական և արևելյան Եվրոպայում»  հետազոտական աշխատանքի շնորհանդեսը, որը ընդգրկուն և համապարփակ կերպով անդրադառնում է մարդու իրավուքններին և դրանց առնչվող հիմնահարցերին։ Մասնակիցների ելույթներին և գրքի շնորհանդեսին հաջորդեցին պանելային քննարկումներ և ներկաները հնարավորություն ունեցան իրենց հուզող հարցերն ուղղել կոնֆերանսին հրավիրված հետազոտողներին և փորձագետներին։ 

 

CULTURAL RIGHTS IN CENTRAL AND EASTERN EUROPE: GENDER, HERITAGE, LANGUAGE - conference program