(Dis)Solutions կացության ծրագիրը Հայաստանում

Փետրվար  2025

 

Փետրվարի մեկնարկին CSN Lab-ը հյուրընկալեց (Dis)Solutions: «Ապագաղութային Հանդիպումներ» կացության ծրագիրը, որը նախաձեռնել է Գյոթե Ինստիտուտը։

(Dis)Solutions բազմափուլ ծրագրի նպատակն է ուսումնասիրել հետգաղութային փորձառությունները արվեստի, մշակույթի և քաղաքացիական հասարակության ոլորտներում՝ միաժամանակ բարձրացնելով Կենտրոնական Ասիայի, Հարավային Կովկասի և Արևելյան Եվրոպայի լռեցված համայքների ձայները։ Միջտարածաշրջանային փոխանակման այս ծրագիրը խթանում  է  նորանոր համագործակցությունների ձևավորումը, ինչպես նաև զարգացնում է հետխորհրդային երկրների միջև մշակութային երկխոսությունը։ Այսպիսով, CSN Lab-ը հյուրընկալեց Հարավային Կովկասի՝ Հայաստան և Վրաստան ընդգրկող փոխանակման ծրագրի մասնակից արվեստագետներին՝ իրականացնելով նախագծի հերթական հայաստանյան փուլը։

Փետրվարի 5-11-ը Գերմանիայից, Ղազախստանից, Ղրղզստանից, Լատվիայից, Լիտվայից, Մոլդովայից, Ռումինիայից, Տաջիկստանից և Ուկրաինայից ժամանած արվեստագետներ և մշակութային գործիչներ միավորվեցին՝ ապագաղութացման տեսանկյունից ուսումնասիրելու Հայաստանյան արվեստային և մշակութային դաշտը։ Այցի գլխավոր նպատակն էր մասնակիցներին հնարավորություն տալ բացահայտելու Հայաստանի մշակութային միջավայրը՝ ուսումնասիրելով տեղական արվեստի և մշակույթի առանձնահատկությունները։

Ծրագիրը մեկնարկեց CSN Lab-ում կազմակերպված ծանոթության հանդիպումով՝ ձևավորելով սպասվող մեկշաբաթյա ակտիվ ուսումնասիրությունների և երկխոսության ուղիները։ Հայաստանյան մշակութային լանդշաֆտը խորքային կերպով ընկալելու նպատակով CSN Lab-ը կազմակերպել էր նաև այցեր մի շարք կազմակերպություններ՝ ներառելով մշակութային նախաձեռնություններ, արվեստային կոլեկտիվներ և խոշոր մշակութային հաստատություններ։ Արվեստագետները հնարավորություն ունեցան ծանոթանալ կին լուսանկարիչների կողմից հիմնադրված «4Plus» կազմակերպության գործունեությանը, ինչպես նաև այցելեցին Ժամանակակից արվեստի ինստիտուտ «ԺԱԻ», որտեղ ուսումնասիրեցին իրականացվող կրթական ծրագրերն ու ընթացիկ ցուցահանդեսները։ Ժամանակակից արվեստի դաշտը հիմնային ընկալելու համար արվեստագետները եղան նաև ՆՓԱԿ-ում, ծանոթացան հաստատության մեծ ժառանգությանը, ինչպես նաև ներկա գտնվեցին ժամանակակից արվեստագետ Ամասիա Նիզիբլյանի ընթացիկ ցուցահանդեսին՝ հենց հեղինակի ուղեկցությամբ։

Ծրագրի ապագաղութային ուղղվածության համատեքստում կարևոր էր ըմբռնել նաև տեղի բազմաշերտ լանդշաֆտը, ինչպես նաև դրա ձևավորման վրա խորհրդային ժառանգության, քաղաքային  ակտիվիզմի և արդի մարտահրավերների ազդեցությունը։  Բազմաշերտ ու բարդ իրականությունն առավել ընկալելի ներկայացնելու նպատակով CSN Lab-ը նախաձեռնեց հիշողության շրջայց Երևանի Կոնդ թաղամասում՝ CSN Lab-ի թիմի անդամ, ճարտարապետ Արսեն Աբրահամյանի առաջնորդությամբ։ Մասնակիցներին հնարավորություն տրվեց խորքային կերպով ուսումնասիրել Երևանի անցյալն ու ներկան, քաղաքային փոխակերպումներն ու միջավայրային մարտահրավերները։ Շրջայցը շատերի համար արդի զուգահեռներ առաջացրեց Երևանի և իրենց հետսոցիալիստական քաղաքների միջև՝ մասնավորապես հաշվի առնելով թափ առնող շինարարությունը, անկանոն վերափոխումներն ու ջենտրիֆիկացիայի մարտահրավերները։

Շարունակելով խորհրդային ժառանգության և Հայաստանի քաղաքային ու մշակութային վերափոխումների ուսումնասիրությունը՝ արվեստագետները այցելեցին Սևանա լճի ափին գտնվող խորհրդային մոդեռնիզմի ճարտարապետության նշանավոր օրինակներից մեկը՝ Գրողների հանգստյան տուն։ Հայաստանի բնապահպանական իրավիճակը հասկանալու նպատակով քննարկվեցին Սևանա լճի և երկրի ջրային ենթակառուցվածքների առջև ծառացած մարտահրավերները։ Զրույցներն ընդգծեցին անցյալի ջրային ռեսուրսների ոչ արդյունավետ կառավարման հետևանքները, զուգահեռներ տանելով Հայաստանի և այլ  երկրների բնապահպանական խնդիրների միջև։ Քննարկումները ցույց տվեցին տարածաշրջանում էկոլոգիական խնդիրների ավելի լայն ազդեցությունը, և արվեստի ու մշակույթի միջոցով միջսահմանային միասնության ձևավորման կարևորությունը։ 

Փոխանակման ծրագրի առանցքային նպատակներից էր  խթանել տեղացի և արտերկրացի արվեստագետների միջև կապերի ստեղծումը։  Այդ նպատակով CSN Lab-ը կազմակերպեց հանդիպում-ծանոթություն, որի ընթացքում մասնակիցները քննարկեցին իրենց ստեղծագործական փորձառությունները, անձնական պատումները, և արվեստի ու մշակույթի դերը ապագաղութացման գործընթացներում։ Հանդիպման ընթացքում արվեստագետ Աննա Հակոբյանը, անդրադառնալով խորհրդային մոդեռնիստական ժառանգությունն արվեստի միջոցով հարցադրելուն, ներկայացրեց իր նախագծերից մեկը, որն իրականացվել էր CSN Lab-ի աջակցությամբ։

Անդրադառնալով գաղութատիրության և արդի ճգնաժամերի փոխկապակցվածությանը՝ մասնակիցները փաստեցին, որ տարածաշրջանը շարունակում է բախվել և դիմակայել պատերազմների ու սոցիալական մարտահրավերների, և չնայած այս դժվարություններին, արվեստագետները լիահույս են, որ հնարավոր է հաղթահարել գաղութատիրության հետևանքները՝ խթանելով ապագաղութային ձայների ու պատումների հանրայնացումը։

Մեկ շաբաթյա կացության ծրագիրն ավարտվեց վերջին անդրադարձ-քննարկումով, որը կայացավ Երևանի Գյոթե կենտրոնում։ Մասնակիցները կիսվեցին իրենց տպավորություններով՝ անդրադառնալով այն ամենին, ինչը նրանց ոգեշնչել էր, և, թե ինչպես են այս փորձառությունները ձևավորելու իրենց ապագա մշակութային գործունեությունը։ CSN Lab-ը՝ որպես հյուրընկալող կազմակերպություն,  ուրախությամբ արձանագրեց, որ ներդրված ջանքերը՝ անվտանգ և ոգեշնչող միջավայր ստեղծելու ուղղությամբ, բարձր գնահատվեցին մասնակիցների կողմից։

CSN Lab-ի համար  երկխոսության խթանումը առանցքային արժեք է և այս նախագիծն այդ ուղու տրամաբանական շարունակությունն է։ Արվեստի և մշակույթի մասին երկխոսություն-քննակումների միջոցով՝ մասնակիցները ուսումնասիրում ու բացահայտում են ոչ միայն ապագաղութացման թեմաներն ու առկա բարդություները, այլ նաև ձևավորում են նոր կապեր, համագործակցության և համաստեղծարարության նոր հարթակներ՝ միաժամանակ վերաիմաստավորելով   ներկան ու ապագան։