Հայաստանյան մշակութային դաշտի ապակենտրոն զարգացումը CSN Lab-ի երկարամյա գործունեության կարևոր ուղղություններից է։ Շարունակելով այս հանձնառությունը՝ սեպտեմբերի 29-ին CSN Lab-ը մասնակցեց Երևանում անցկացվող «Ստեղծարար էկոհամակարգեր․ տարածաշրջանային ներուժի բացահայտում՝ հանուն կայուն զարգացման» հանդիպմանը, որով մեկնարկեց EU4 Culture ծրագրի երկրորդ փուլը Հայաստանում։ Միջոցառումը համախմբել էր մշակութային կազմակերպությունների, տարածաշրջանային նախաձեռնությունների, ոլորտի մասնագետների և ինստիտուցիոնալ գործընկերների՝ քննարկելու Հայաստանի տարբեր մարզերում ստեղծարար էկոհամակարգերի զարգացման հնարավորությունները։

CSN Lab-ի գործադիր տնօրեն Տիգրան Ամիրյանը մասնակցեց «Ստեղծարար էկոհամակարգերի կապակցում․ միջնորդ կազմակերպությունների դերը կարողությունների ամրապնդման և հնարավորությունների ստեղծման գործում» պանելային քննարկմանը։ Այլ ընտրված միջնորդ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկումը կենտրոնացավ մշակութային դերակատարների միջև կապերի ձևավորման, տեղական կարողությունների զարգացման և Հայաստանի մշակութային դաշտում նոր հնարավորությունների ստեղծման գործում արդեն իսկ կայացած կազմակերպությունների դերի վրա։

Այս հանդիպմամբ մեկնարկեց EU4Culture-ի նոր փուլը Հայաստանում, որին ուրախ ենք միանալ CSN Lab-ի նոր նախագծով՝ ուղղված Հայաստանի մշակութային դաշտի ապակենտրոնացմանը։ Նախագիծը կուսումնասիրի Երևանից դուրս մշակութային զարգացման ներկա պայմաններն ու առկա անհավասարությունները՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով Հայաստանի մարզերում վիզուալ արվեստների զարգացմանն ու աջակցությանը։

CSN Lab-ի համար մշակութային ապակենտրոնացումը սերտորեն կապված է մշակույթի հասանելիության, տեղական կարողությունների և կայուն մշակութային էկոհամակարգերի ձևավորման հետ։ Հետազոտությունների և մարզային մշակութային դերակատարների հետ համագործակցության միջոցով մեր առաջիկա նախագիծը կուսումնասիրի առկա մարտահրավերներն ու ռեսուրսները՝ միաժամանակ նպաստելով Հայաստանի տարբեր մարզերում, մասնավորապես՝ Սյունիքի մարզում, գործող արվեստագետների, կազմակերպությունների և համայնքների միջև կապերի ամրապնդմանը։
Նախագծի զարգացմանը զուգահեռ CSN Lab-ը կշարունակի ուսումնասիրել, թե ինչպես կարող են հետազոտությունը, մշակութային պրակտիկան և տարածաշրջանային համագործակցությունը նպաստել Հայաստանում առավել փոխկապակցված և աշխարհագրորեն բազմակենտրոն մշակութային դաշտի ձևավորմանը։