Ի լրումն «Մշակութային իրավունքների» ձեռնարկի թարգմանության և հրատարակման, գրքի շնորհանդեսի օրը «Վայրապար» ցուցասրահում բացվեց «Թխած հանդես» ցուցադրությունը։ Շուրջ մեկ շաբաթ հայաստանյան հանրությունը հնարավորություն ունեցավ ծանոթանալու տասը ժամանակակից վիզուալ արվեստագետների կողմից ստեղծված պաստառներին, որոնք այս կամ այն կերպ անդրադարձել էին հեղինակային իրավունքի թեմային։
Ցուցահանդեսում ներկայացվել են Աննա Հակոբյանի, Արմինե Շահբազյանի, Լենա Դերունցի, Լիլիթ Ալթունյանի, լուսինե թալալյանի, Լուսինե Նավասարդյանի, Հարություն Թումաղյանի, Մայդա Շավակի, Մերի Հովսեփյանի և Նվարդ Երկանյանի աշխատանքները։ «Թխած հանդես»֊ը համադրվել է «Մշակութային և սոցիալական նարատիվների լաբորատորիա»֊ի հիմնադիր Տիգրան Ամիրյանի կողմից։
Թվում էր, թե իսկության, ինքնագրի ու պատճենի սահմանների շուրջ հարցերը վաղուց դադարել են խնդրահարույց լինել, սակայն ներկայումս դրանք կրկին արդիական են արվեստի, մշակույթի և իրավունքի ասպարեզներում։
Մեր օրերում, երբ համընդհանուր մարդկությունը ականատես է լինում որոշ պետությունների վարած ագրեսիվ քաղաքականությանը, ինչը հանգեցնում է ոչ միայն ապօրինի իշխանության ամրապնդմանը, նոր տարածքների ու ռեսուրսների բռնազավթմանն այլև զանազան կեղծիքների և ժխտողականության միջոցով ուրիշի մշակութային ժառանգության յուրացմանը, գաղութատիրական լեզվի վերակենդանացմանը, որ վաղուց բացասվել և դատապարտվել է քաղաքակիրթ աշխարհի կողմից։
Անվերջ մանիպուլյացիաների, ուրիշի ու այլի անողոք բռնագրավման, իրավունքների բացակայության և ամենաթողության այս մթնոլորտում մշակութային իրավունքների մասին խոսույթի հարթակի ստեղծումն ավելի քան արդիական է՝ արձագանքելու ստեղծարար համայնքների և հանրության լայն շրջանակների ցանկություններին, կարիքներին և պահանջներին։ Հեղինակային իրավունքների ոտնահարմանն ու անարդարության այլ դրսևորումներին բախվելով, արվեստագետներն ու ստեղծագործողները հաճախ հայտնվում են դժվարին երկընտրանքի առաջ. Հարցը լուծել առճակատման միջոցով, ինչը կարող է հանգեցնել աղմուկի, թե՞ հանդուրժել և չբարձրաձայնել խնդիրը։ Հեղինակային ստեղծագործությունների յուրացման և իրավունքների ոտնահարման հարցերի շուրջ լռությունը արվեստագետին պաշտպանող կառույցների բացակայության և/կամ թերգործունեության, քննադատական մտածողության և մոտեցման բացակայության հետևանքն է։
Ստեղծարար խմբերից դուրս մղվելու կամ համայնքի կողմից քննադատության արժանանալու վախը, սեփական իրավունքները պաշտպանելու սահմանափակ հնարավորությունները, քննարկումների հարթակի բացակայությունը, «պատկանելության» մասին զրույց ծավալելու իրավասության մասին կասկածները, երբեմն էլ` ստեծագործական աշխատանքը սեփականության ու իրավունքի շրջանակներում դիտարկելու ցանկության բացակայությունը, շատ անգամ, արվեստագետներին ստիպում են լռել ու համակերպվել իրավունքների ոտնահարման հետ՝ վերջիններիս դարձնելով խոցելի ու անպաշտպան։
Ժամանակակից աշխարհի, «ոչ մի սկզբնագիր, ամեն ինչ ենթակա է ընդօրինակման ու վերարտադրման» սկզբունքով հաճախակի առաջնորդվելը յուրաքանչյուր արվեստագետի ինչ-որ պահի հարկադրում է կասկածելու սեփական գործերի պատկանելությունն ու հեղինակայնության իրավունքը։