Խորհելով նորաձևության և տեքստիլի միջոցով

CSN Lab-ը մշտապես միտված լինելով խթանել միջմշակութային և միջգիտակարգային երկխոսությունը՝ ակտիվորեն համագործակցում է տարածաշրջանային և միջազգային տարատեսակ հետազոտական և մշակութային հաստատությունների, համալսարանների, ինչպես նաև անկախ նախաձեռնությունների և անհատ գործիչների հետ։ Խաչմերուկելով փիլիսոփայությունը, հիշողության, տեսողական արվեստի և մշակույթի ուսումնասիրությունները՝ այս ամռանը CSN Lab-ը հյուրընկալել էր մշակութային տեսաբան Մարի Բարոնյանին և աջակցում էր նրա հետազոտական գործունեությանը Երևանում։ 

Մարի Բարոնյանը Ամստերդամի համալսարանի տեսողական մշակույթի դոցենտ է։ Նրա հետազոտական գործունեությունն անդրադառնում է նորաձևության և տեքստիլի, հիշողության և տեսողական արվեստների, էթիկայի և էսթետիկայի, կինոյի և փիլիսոփայության ոլորտներին։ Հայաստանյան հետազոտական աշխատանքի շրջանակներում, TUMO ստուդիաների հետ համագործակցությամբ, CSN Lab-ը նախաձեռնեց նաև Մարի Բարոնյանի բաց դասախոսությունը, որի առանցքում տեքստիլի և նորաձևության պրակտիկաների վերընթերցումն էր՝ որպես մշակութային արխիվ, հիշողության և հույզերի արտահայտման մեդիում։

Բանախոսությունը մեկնարկեց Մարի Բարոնյանի կողմից պարզ, սակայն միևնույն ժամանակ բազմաշերտ հարցադրումով՝ «Ի՞նչ է նորաձևությունը»։ Դուրս բերելով այն արդյունաբերության և ապրանքայնացման կաղապարից՝ նա քննարկման տիրույթ բերեց նորաձևության և մարմնին փոխկապակցված նշանային շերտերը, մշակութային ու սոցիալական հիմնահարցերը։

Զուգահեռներ հյուսելով նորաձևության և կինոյի՝ անջատ թվացող այս ձևերի միջև՝ Մարի Բարոնյանը ընդգծեց իմաստների արտահայտման ու նշանների փոխանակման գործում շարժման և մարմնի առանցքային դերը։ Նա սահմանեց նորաձևությունը և տեքստիլ-օբյեկտը որպես նյութականություն, որն արտահայտում է ինքներս մեզ, ուրիշներին և աշխարհին միահյուսվելու եղանակները։ Տեքստիլ-օբյեկտը կենդանացնում է մարմինը՝ իր ֆիզիկական ու անդրադարձային ժեստերում, այն միաժամանակ նյութ է և տեքստ, միջավայր, որը կրում ու շոշափում ենք, բայց նաև նշան, որի շուրջ խորհում ու մտորում ենք։ Այն վավերագրում է «տարածությունը և ժամանակը», կրում իրադարձությունների հետքերը և դառնում հիշողության օբյեկտ։ 

Ելույթին հաջորդեց հարցուպատասխան և ծավալուն քննարկում, որը բացեց տարածություն դիզայներների, արվեստագետների, մշակութային գործիչների և պարզապես հետաքրքրված մարդկանց համար՝ հարցադրելու և վերլուծելու այն պատումները, որոնք ձևավորվում ու հանրահռչակվում են հայաստանյան և սփյուռքյան համատեքստներում։ Լսարանը կիսվեց դիտարկումներով և անձնական փորձառություններով՝ անդրադառնալով զրույցի ընթացքում բարձրացված հարցերին և միաժամանակ խորհելով նորաձևության և տեքստիլի ոլորտի առավել ներառական, շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու ու կայուն ապագայի մասին։ Քննարկման առանցքային հարցերից էր նաև հայկական մշակույթի և արվեստի ազդեցությունը տեքստիլի և նորաձևության պրակտիկաներում, մասնավորապես Փարաջանովի արվեստի և ժառանգության դերը, դրան ուղղված հայացքը, դրա վերարտադրությունը և/կամ վերաիմաստավորումը։

Քննարկման թեմատիկ ուղղությունների այս բազմազանությունը ևս մեկ անգամ ընդգծեց, թե ինչպես է նորաձևությունն անքակտելիորեն կապվում մշակութային հիշողությանը, քաղաքական համատեքստին, մարմնի և հիշողության քաղաքականությանը, սոցիալական խնդիրներին և այլ հիմնահարցերին։

Այս և այլ նախաձեռնությունների միջոցով CSN Lab-ը շարունակում է կամրջել մշակութային նարատիվները՝ միաժամանակ մեկտեղելով տարբեր գիտակարգերի և ոլորտների ներկայացուցիչների և նպաստելով իրապես բազմաշերտ մասնագիտական և հանրային խոսույթի ձևավորմանը։

receptiON հարթակը CSN Lab-ի շարունակական նախաձեռնությունն է՝ միտված հանրային միջոցառումների միջոցով արդի մշակութային նարատիվների հանրահռչակմանը։ Այն միավորում է մշակույթի գործիչների, արվեստագետների և հետազոտողների Հայաստանից և աշխարհի տարբեր անկյուններից՝ բանախոսությունների, աշխատարանների, կինոդիտումների և բազմաթիվ այլ ձևաչափերում կիսվելու իրենց գիտելիքով և փորձառությամբ։