Մոռացությա՞ն հանդերձները

Հայտարարություն «Բռնադատվածների հուշահամալիրում» նորաձեւության շքերթի անցկացման վերաբերյալ

Նոյեմբերի 7-10-ը Երևանում կընթանա «Նորաձևության շաբաթ 2024»-ը։ Այս մասին հայտարարություններով հանդես են եկել միջոցառումն իրականացնող «Հայաստանի նորաձևության եւ հագուստի պալատ» ՀԿ-ն, միջոցառման գլխավոր հովանավոր Երեւանի քաղաքապետարանը, ինչպես նաեւ՝ նախաձեռնության միջազգային գործընկերները։ 

«Նորաձեւության եւ հագուստի պալատ» ՀԿ-ի ինստագրամյան էջում հոկտեմբերի 30-ին արված հրապարակումից պարզ է դառնում, որ նորաձեւության շաբաթի միջոցառումներից մեկի՝ երիտասարդ դիզայներների աշխատանքների ցուցադրության Fashion Scout Armenia-ի իրականացման համար, ընտրվել է խորհրդային տարիներին բռնադատվածների հիշատակին նվիրված հուշահամալիրը։ Կազմակերպության կողմից տարածված հաղորդագրությունում մասնավորապես ասվում է.

«Fashion Scout Armenia-ն այստեղ անցկացնելով՝ ցանկանում ենք հարգել տուժածների ժառանգությունը, այն վերաիմաստավորել, որպես ոգեշնչման կառույց։ Նորաձևությունը, որպես արվեստի ճյուղ երկար ժամանակ եղել է գաղափարներ արտահայտելու և հասարակության նորմերին մարտահրավեր նետելու հզոր միջոց։ Հենց այս ոգով մրցույթի թեման ընտրվել է «Ժողովրդավարություն» և «Խոսքի ազատություն» համապատասխան հուշարձանի արժեքներին»։ 

Նորաձեւության պալատը չի մանրամասնել, թե հատկապես ինչպե՞ս է խորհրդային բարդ անցյալում բռնաճնշումներին զոհ գնացած անձանց հիշատակին նվիրված հուշահամալիրում նորաձեւության շքերթի անցկացումը վերաիմաստավորում կառույցը եւ հղվում խոսքի ազատությանն ու ժողովրդավարությանը։

Երևանի քաղաքապետարանի Visit Yervan կայքում նոյեմբերի 7-ին կայացած միջոցառման եւ վերջինիս անցկացման վայրի մասին որեւէ տեղեկություն չկա։ Ավելին՝ «Բռնադատվածների հուշահամալիրը» բացակայում է նշված կայքում դասակարգված հուշահամալիրների, պատմամշակութային շենքերի, թանգարանների եւ առանձնացված այլ վայրերի ցանկից։ Այսպես՝ «Եզակի վայրեր» բաժնում ներառված է «Կասկադ համալիրը», «Թանգարաններ եւ պատկերասրահներ» բաժնում առանձին անդրադարձ կա «ՀՀ ՊՆ Մայր Հայաստան ռազմական պատմության թանրագրանին», «Հուշարձաններ»-ի բաժնում կարելի է գտնել «Մայր Հայաստան» քանդակի նկարագիրը, եւ չնայած այն հանգամանքին, որ «Բռնադատվածների հուշահամալիը» գտնվում է նշված օրինակների անմիջական հարեւանությամբ, վերջինիս մասին որեւէ հիշատակում չկա։

2006 թվականին, «ՀՀ-ի տոների եւ հիշատակների մասին օրենքում կատարված լրացումների» արդյունքում, հունիսի 14-ը հռչակվել է բռնադատվածների հիշատակի օր։ Բռնադատվածների հուշահամալիրը բացվել է 2008 թվականին եւ խորհրդային բռնաճնշումներին զոհ գնացած անձանց ու նրանց հարազատների համար վերածվել խորհրդային բարդ անցյալի եւ հատկապես ստալինյան բռնաճնշումներին զոհ գնացած անձանց հիշատակի ոգեկոչման վայր։ Կառույցի ճարտարապետները Սարգիս Գուրզադյանը եւ Ջիմ Թորոսյանն են, ում հայը նույնպես աքսորվել է խորհրդային տարիներին։ Բազմաթիվ հրապարակումներ, իրավապաշտպաններ եւ մշակութային գործիչներ փաստում են, որ հուշարձանը երբեւէ պատշաճ ուշադրության չի արժանացել քաղաքային իշխանությունների կողմից, ավելին՝ այն բացվում է միայն բռնադատվածների հիշատակի օրը՝ հունիսի 14-ին։

Նորաձևության միջոցառումը «Բռնադատվածների հուշահամալիրում» անցկացնելու նախադեպը ի ցույց է դնում Երևանի քաղաքային իշխանությունների վերաբերմունքը ոչ միայն բուն հուշահամլիրի, այլեւ՝ հասարակության մշակութային իրավունքների հանդեպ։ Մասնավորապես, Երեւանի քաղաքապետարանը.

  • Քայլեր չի ձեռնարկում «Բռնադատվածների հուշահամալիրի» պահպանման, հանրության լայն շրջանակների համար վերջինիս հասանելիությունը ապահովելու համար, 

  • Մշակութային կոթողը ծառայեցնում է մասնավոր շահին՝ հնարավորություն չտալով, որպեսզի կառույցը ծառայի իր առաջնային նպատակին, 

  • Հանրության լայն շրջանակներին զրկում է հուշահամալիրում մշակութային կյանքի կազմակերպման եւ/կամ դրա մասը դառնալու հնարավորությունից,

  • Ջանքեր չի գործադրում, որպեսզի հատկապես խորհրդային տարիներին բռնադատվածներն ու նրանց հարազատները հասանելիություն ունենան մշակութային կոթողին,

  • Միջոցառման մասին տեղեկատվական արշավը բավականաչափ բաց, թափանցիկ եւ ներառական սկզբունքներով չանցկացնելով՝ զրկում է մշակութային գործիչներին, կազմակերպություններին եւ համայնքներին՝ արձագանքելու եւ իրենց կարծիքն արտահայտելու թե տեղի ընտրության, թե միջոցառման մյուս հանգամանքների վերաբերյալ, 

  • Նորաձևությանը նվիրված միջոցառումը հուշահամալիրում անցկացնելիս պատշաճ կերպով չհիշատակելով ընտրված վայրի պատմության եւ նշանակության մասին՝ փորձում է ջնջել տեղի հիշողությունը, այն վերածել ժամանցային վայրի եւ անուղղակիորեն անարգել խորհրդային տարիներին բռնադատվածների եւ նրանց հարազարտների տրավման եւ վիշտը, 

  • Քայլեր չձեռնարկելով կառույցի մշակութային արժեքի եւ նշանակության շուրջ իրազեկման բարձրացման շուրջ՝ ստվերում եւ ճնշում է խորհրդային անցյալը վերաիմաստավորող խոսույթը, 

  • Հասարակության հավաքական հիշողության եւ ինքնության կարեւոր մասնիկն ամփոփող հուշահամալիրը վերածում է բուտաֆորիայի՝ այն ծառայեցնելով խորհրդային անցյալը «խմբագրելուն» եւ կեղծ վերաիմաստավորմանը։

«Մշակութային և սոցիալական նարատիվների լաբորատորիա»-ն (CSN Lab) տարիներ շարունակ զբաղվում է հիշողության ուսումնասիրություններով և մշակութային իրավունքների ջատագովությամբ։ Մեր տարաբնույթ աշխատություններում բազմիցս անդրադարձել ենք խորհրդային բռնաճնշումներին առնչվող հիմնահարցերին՝ դրանք վերլուծելով այդ թվում մշակութային իրավունքների համատեքստում։ Որպես մշակութային և սոցիական կազմակերպություն, մեզ համար անընդունելի եւ դատապարտելի է Երևանի քաղաքապետարանի եւ միջոցառման կազմակերպիչների նման մոտեցումը Երևանի մշակութային ժառանգության, մշակութային կոթողի եւ հանրության հավաքական տրավմատիկ հիշողության հանդեպ։ Ուստի պահանջում ենք, որպեսզի քաղքային իշխանությունները հանդես գան պաշտոնական պարզաբանմամբ՝ Երեւանի նորաձևության շաբաթը «Բռնադատվածների հուշահամալիրում» անցկացնելու առնչությամբ և հարգեն հանրության մշակութային իրավունքները։

Երեւան 

08/11/2024