«Ֆիրդուս. Տեղի հիշողությունը» աշխատությունը ծավալուն միջգիտակարգային հետազոտություն է, որն ուսումնասիրում է Երեւանի կենտրոնում գտնվող թաղամասի հիշողությունը եւ մշակութային ժառանգությունը։ Ծրագիրը մեկնարկել է 2018 թվականին, այն հիշողության ուսումնասիրությանն ու հիշողության ակտիվիզմին ուղղված մեր հետազոտական նախագծերից է, որն անդրադառնում է այնպիսի թեմատիկ հայեցակետերի, ինչպիսիք են վերնակուլյար եւ ժողովրդական ճարտարապետության պահպանումը, քաղաքային պլանավորման ազդեցությունը մարդկանց առօրեական կյանքի եւ պրակտիկաների վրա, տարբեր ինքնությունների եւ մշակույթների ներդաշնակ համակեցությունը, թաղամասի ժողովրդագրական փոխակերպումները (ներառյալ՝ ստալինյան բռնաճնշումները և բռնի տեղահանությունները), բնակիչների հավաքական և անհատական հիշողություններն ու հետհիշողությունները, կանանց փորձառությունը, տարածքի սոցիալ-մշակութային ընկալման փոփոխությունները և Ֆիրդուսի նշանակությունը ոչ միայն իր մշակութային ժառանգության, այլև՝ Երևանում հիշողություն կրող եզակի տարածք լինելու տեսանկյունից։
Երևանի կենտրոնում գտնվող փոքրիկ թաղամասի հիշողության շերտերն ու դրսեւորումները բազմազան են։ Հետխորհրդային շրջանում Ֆիրդուս փողոցում ձեւավորվել է հայ-իրանական շուկա, որի հետ էլ հետագայում ամիջականորեն ասոցացվել է թաղամասը և «վերանվանվել»։ Ֆիրդուսը քաղաքի կենտրոնում գտնվող եզակի թաղամաս է, որտեղ պահպանվել է ժողովրդական ճարտարապետությունը, սակայն ջենտրիֆիկացիայի արդյունքում թաղամասը վերացման եզրին է։ Չունենալով պատմամշակութային հուշարձանի կարգավիճակ, բայցեւայնպես կրելով բազմամշակութային հիշողության տարրեր, Ֆիրդուսը աստիճանաբար տարալուծվում է ժամանակի մեջ։
Նախագիծն իրականացվել է տարբեր մասնագիտացումներ ունեցող հետազոտողների խմբի կողմից, որում ներգրավված էին մարդաբաններ, մշակութաբաններ, ուրբանիստներ, ճարտարապետներ, վիզուալ արվեստագետներ, նշանագետներ, արխիվագետներ և այլք։ Հետազոտության շրջանակներում մշակվել է նորարարական մեթոդաբանություն, որի շնորհիվ հեղինակները ներթափանցել են թաղամասի բազմաշերտ անցյալը՝ նպատակ ունենալով ոչ թե նկարագրել պատմական անցյալի լայնարձակ նարատիվները, այլ՝ վեր հանել բանավոր պատմություններում եւ ընտանեկան արխիվներում ամբարված անհատական հիշողությունը։
Հետազոտությունն անդրադարձել է թաղամասի տարաբնույթ առանձնահատկություններին ու խնդիրներին.
-
Վերնակուլյար ճարտարապետությանը (ժողովրդական ճարտարապետության նմուշներ, որոնք ձեւավորվել են 19-րդ դարից մինչև 2000-ական թթ.),
-
Մշակութային եւ պատկմական շենքերին, որոնք նշանավոր են քաղաքային փոխակերպումների եւ մշակութային ժառանգության համատեքստում,
-
Վերնակուլյար թաղամասի ցանցային ճարտարապետական կառուցվածին եւ վերջինիս ազդեցությանը ցանցային հիշողության ձեւավորման վրա (համայնքային/կոմունային հիշողություն),
-
Շուկայի դերին (1990-ականներից) և ազդեցությանը համայնքի և շինությունների ձևավորման վրա,
-
Ֆիրդուսի շուկայի նշանակությանն իբրեւ քաղաքի մյուս առևտրային կետերի անքակտելի մաս,
-
Թաղամասի ներքին ու արտաքին երկակի ուրբանիստական եւ սոցիալական ինքնություններին,
-
Վերնակուլյար թաղամասի վրա միգրացիոն ալիքների ազդեցությունը,
-
Վերնակուլյար թաղամասի շուրջ կանանց եւ տղամարդկանց ընկալումների եւ նարատիվիզացիայի տարբերություններին։
Հետեւելով մարդաբանական ուսումնասիրությունների սկզբունքներին, մեր թիմի անդամները մանրակրկտորեն հավաքել եւ վերլուծել են տեղացիների բանավոր պատմությունները։ Այս արժեքավոր աղբյուրի միջոցով մենք բացահայտել ենք թաղամասի սոցիալական դինամիկան, առօրեական պրակտիկաները, տարբեր մշակութային խմբերի անհատական եւ կոլեկտիվ հիշողությունն ու հետհիշողությունը։ Հետազոտական թիմը նաև հանգամանորեն ուսումնասիրել է թաղամասի վերնակուլյար ճարտարապետությունը, որն արտացոլում է մշակութային ժառանգությունը, խաղաղ եւ բազմամշակութային համակեցությունը։
Հետազոտողներն առանձնակի ուշադրություն են դարձրել բազմաէթնիկ համայնքի հիշողությանը՝ մասնավորապես Ֆիրդուսում հայերի եւ մահմեդականների երբեմնի խաղաղ համակեցությանը՝ նպատակ ունենալով դրական հիշողության բացահայտման ու ընդգծման միջոցով խթանել հարեւանության առավել ընդգրկուն ըմբռնումը։
Նախագծի վիզուալ փաստահենությունն ու գրավչությունն ապահովելու համար՝ մեր թիմի վիզուալ արվեստագետները հատուկ այս նախագծի համար մշակել են տարբեր քարտեզներ եւ նկարազարդումներ, որոնք արտահայտում են Ֆիրդուսի վերնակուլյար ճարտարապետությունը, թաղամասի շարունակական ոչնչացումն ու ժամանակի ընթացքում Երեւանի փոխակերպումը։ Պատկերելով այս տրանսֆորմացիաները՝ մենք նպատակ ունեինք բարձրացնել հանրության իրազեկվածության մակարդակը քաղաքին սպառնող մարտահրավերների վերաբերյալ եւ ստեղծել Ֆիրդուսի մշակութային ժառանգության պահպանման եւ թաղամասի պաշտպանության պայքարի հիմք, գործիքակազմ և լեզու։
«Ֆիրդուս. Տեղի հիշողությունը» նախագծի շրջանակներում մենք մշակել եւ հրատարակել ենք գիրք, ստեղծել ենք վեբկայք, տարածել ենք ծրագրի մասին տեղեկատվություն սոցիալական մեդիայում և մշակել ենք զեկույց, որը ներկայացնում է նախագծի գաղափարախոսությունը, մեթոդաբանությունն ու արդյունքները։
«Ֆիրդուս. տեղի հիշողությունը» նախագծի իրականացումը կյանքի կոչեց մեր իդեալները՝ անցյալի թափանցիկ ուսումնասիրություն, ժողովրդավարական քաղաքային միջավայրի ձեւավորում, մշակույթի միջոցով երկխոսության, հակամարտությունների կարգավորման եւ խաղաղության խթանում։ Այս նախագիծը նպաստեց նաև թաղամասի բարեկարգմանն ուղղված միջազգային մրցույթի հայտարարմանը և դարձավ մրցույթի իրականացման հետազոտական հիմքը։
Արտաքին անդրադարձեր նախագծին եւ “Ֆիրդուս. տեղի հիշոլություն” գրքին
Հետք
«Ֆիրդուս․ տեղի հիշողությունը»․ պատում, որ «տեսանելի» է / Անուշ Քոչարյան
Ուրբանիստա
հայաստանի հանրային Ռադիո
Տեղի հիշողության կամ հիշողության վայրի կորուստը՝ Ֆիրդուսում
Ծրագիրն իրականացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ` «Խաղաղարարության ամրապնդում կարողությունների զարգացման և հանրային մասնակցության միջոցով» ծրագրի շրջանակներում: Կայքի բովանդակության համար պատասխանատու է "Մշակութային եւ սոցիալական նարատիվների լաբորատորիա" սոցիալակն եւ մշակութային հասարակական կազմակերպությունը։ Բովանդակությունը կարող է չհամընկնել Եվրոպական միության և ծրագիրն իրականացնող գործընկեր կազմակերպությունների, այդ թվում՝ ԵՀՀ-Հայաստանի, ԵՀՀ-Ադրբեջանի, «Ինթերնեյշնլ ալերթ»-ի և ՀՌԿԿ-Վրաստանի տեսակետների հետ։