Գետառ. գետի հիշողությունը

«Գետառ. գետի հիշողություն» նախագիծը Երեւանի եւ երեւանցիների ինքնության եւ հիշողության ձեւավորման գործում առանցքային դեր եւ նշանակություն ունեցող գետին նվիրված միջգիտակարգային հետազոտոտություն է: Այն Գետառն ուսումնասիրում է ուրբանիստական, մշակութաբանական, մարդաբանական և բնապահպանական տեսանկյուններից։ Հիշողության ուսումնասիրության եւ հիշողության ակտիվիզմի շրջանակներում իրականացված այս աշխատությունը նպատակ ունի լույս սփռել մոռացված գետի պատմության վրա և ընդգծել դրա կարևորությունը՝ հիմք ընդունելով բնակչության անհատական եւ կոլեկտիվ հիշողությունը, արխիվային նյութերը, նախկինում առկա եւ մեր նախագծի շրջանակներում ստեղծված վավերագրությունները, խորքային ուսումնասիրությունները եւ վերլուծությունները։

«Մշակութային եւ սոցիալական նարատիվների լաբորատորիա»-ի թիմը «Գետառ. Գետի հիշողությունը» նախագիծը մեկնարկել է 2021 թվականին եւ շուրջ երկու տարի աշխատել այս ծավալուն թեմայի ուսումնասիրության, այն հանրության լայն շրջանակներին հնարավորինս մատչելի եւ հետաքրքրական կերպով մատուցելու, ինչպես նաեւ ուրբանիստական, մարդաբանական, մշակութաբանական և բնապահպանական երևույթների կապի եւ փոխազդեցության շուրջ դիսկուրսի ձեւավորման, խթանման եւ հանրահռչակման ուղղությամբ։

Գետին զուգընթաց

Գեղամա լեռներից սկիզբ առնող եւ ողջ Երեանով անցնող Գետառը, որ ժամանակին ազատորեն հոսել է քաղաքի Փոքր ու Մեծ Կենտրոններով, անցել թաղամասերով, այգիներով, եղել բնակիչների ամենօրյա կյանքի եւ առօրեական պրակտիկաների, եւ ուրեմն՝ ինքնության հատկանշական մասը, տարիներ շարունակ դուրս է մղված քաղաքի եւ հանրության տեսանելիության եւ արժեւորման դաշտից։ Գետի մակերեւույթը միայն մասամբ է փակ, սակայն քաղաքի բնակիչներից շատերը պատկերացում անգամ չունեն ոչ միայն գետի նշանակության, այլեւ առհասարակ վերջինիս գոյության մասին։ 

Պատմական տարբեր հորձանուտներում Գետառը ենթարկվել է տարատեսակ ճնշումների եւ խեղումների՝ ջրհեղեղի շուրջ հյուսված կեղծ պատումներից ու աղավաղված հիշողություններից մինչեւ փոխված հուն, քարաշեն ծածկ, կոյուղատար և աղբավայր։ Տարատեսակ գործոնների ազդեցությամբ Գետառը ստորադասվել եւ դադարել է ընկալվել իբրեւ գետ, որն անփոխարինելի նշանակություն ունի Երեւան քաղաքաշինության, էկոլոգիայի, մշակութային ժառանգության, կոլեկտիվ հիշողության եւ ինքնության տեսանկյուններից։ Ուստի այս հետազոտությունը փորձ է վեր հանելու «գետնի տակն անցած» գետը, բացահայտելու դրա կենսականությունն ու կարևորությունը։

«Գետառ. գետի հիշողությունը»  նախագիծը համախմբել է մշակութաբանների, մարդաբանների, բնապահպանների, կենսաբանների, ուրբանիստների, ճարտարապետների, վիզուալ արվեստագետների, նշանագետների, արխիվագետների և իհարկե Գետառի շուրջ/հետ կեցությունը կիսող մարդկանց, ովքեր պատրաստակամ էին մեր նախագծի շրջանակներում կիսվել իրենց փորձով, գիտելիքներով, հիշողություններով, մտահոգություններով եւ հույսերով։

Նախագծի ողջ ընթացքում համադրվել են հետազոտական տարբեր մեթոդներ եւ պրակտիկաներ, ինչի  շնորհիվ հեղինակներին հաջողվել է հավաքագրել, փաստագրել և ամփոփել Գետառին առնչվող տարաբնույթ նյութեր ու աղբյուրներ, ինչպես նաեւ ստեղծել մանրակրկիտ ուսումնասիրություններ, վերլուծություններ եւ վիզուալ նյութեր այնպիսի առանցքային հարցերի եւ թեմաների շուրջ, որոնք մինչ այս հետազոտությունը երբեւէ չեն շոշափվել եւ ներկայացվել հանրության լայն շրջանակներին։

«Գետառ. գետի հիշողությունը» միջգիտակարգային հետազոտությունը անդրադարձել է  մի շարք հիմնահարցերի և թեմաների՝

  • Գետի դերը Երեւանի բնակիչների ինքնության ձեւավորման եւ սեփական միջավայրի, քաղաքի ընկալման տեսանկյունից,
  • Գետի եւ վերջինիս կարգավիճակի ազդեցությունը՝ Երեւանի քաղաքաշինության, ուրբանիստական միջավայրի պլանավորման եւ զարգացման համատեքստում, 
  • Գետառի դերը Երեւանի էկոլոգիական միջավայրի ձեւավորման, օդի մաքրության, խոնավության, քաղաքի կլիմայի կարգավորման, կենսաբազմազանության ապահովման, ոռոգման եւ բնապահպանական այլ ասպեկտների համատեքստում,
  • Գետի ոչ միանշանակ ներկայությունն ու բացակայությունը Երեւանի քաղաքային կյանքում,
  • Գետառի մոռացումը ու աննշմար անէացումը քաղաքային միջավայրից, հավաքական հիշողությունից եւ տեսածրից,
  • Գետառի մշակութային արժեքը որպես գրական ստեղծագործությունների եւ արվեստի գործերի ոգեշնչման աղբյուր, քաղաքի մշակութային կյանքի կարևոր բաղադրիչ, բնակավայրերի, հանրային տարածքների, ժամանցի գոտիների ձեւավորման հիմք, 
  • Գետառի վարարումները, որոնք ունեցել են աղետալի հետեւանքներ, նպաստել լեգենդների, կեղծ հիշողությունների եւ նարատիվների հյուսքին, իրարամերժ ընկալումների ու մոտեցումների եւ վերջապես խնդրահարույց որոշումների կայացմանը, որոնք մեկընդմիշտ փոխեցին գետի հունն ու ճակատագիրը։

 

«Գետառ. գետի հիշողությունը» նախագծի շրջանաներում մշակվել եւ հրատարակվել է գետը համակողմանիորեն ուսումնասիրող հոդվածներ եւ նախադեպը չունեցող վիզուալ նյութեր ու քարտեզներ ներառող գիրք։ Նախագծում համադրվել են տարբեր գիտակարգեր եւ մեթոդներ, այդ թվում՝ խորքային հարցազրույցների միջոցով բանավոր պատմությունների հավաքագրում, պետական եւ անձնական արխիվային նյութերի ուսումնասիրություն, դաշտային հետազոտություններ (չափագրումներ եւ քարտեզագրումներ), թեմայի համատեքտսում գրականության եւ արվեստի այլ ճյուղերի մանրակրկիտ վերլուծություն, բնապահպանական ուսումնասիրություններ, տարբեր մասնագիտացումներ ունեցող փորձագետների դիտարկումներ եւ իհարկե Գետառի հարակից շրջաններում ապրող մարդկանց փորձառության ներառում ու վերլուծություն։ 

Այս նախագիծը մեկն է «Մշակութային եւ սոցիալական նարատիվների լաբորատորիայի» կողմից իրականացված հետազոտություններից, ուր հատվում են այնպիսի թեմատիկ շրջանակներ եւ եզրույթներ, ինչպիսիք են հիշողությունը, մարդաբանությունը, մշակույթը, ուրբանիզմը և էկոլոգիան։ Խթանելով շրջակա միջավայրի պահպանման կարեւորության մասին հանրային դիսկուրսն ու վերջինիս հանրհռչակումը, մենք ցանկանում ենք նպաստել այս տեսակ հարցերի շուրջ հանրության լայն շրջանակների իրազեկության եւ գիտակցության բարձրացմանը, մասնակցայինությանը, սեփական միջավայրի շուրջ ընկալումների եւ դրանք պատումների վերածելու գործընթացների փոխակերպմանը, հիշողության եւ ինքնության ակներեւ ու թաքնված շերտերի բացահայտմանը։

Ծրագիրն իրականացվել է «Մշակութային եւ սոցիալական նարատիվների լաբորատորիա» հասարակական կազմակերպության կողմից «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակում։ Նյութի բովանդակության համար պատասխանատու է միայն ստեղծողը։ Հետազոտությունում արտահայտված տեսակետները/բովանդակությունը կարող են չհամընկնել Սիդայի տեսակետների հետ։‍

«Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության, Սիդայի աջակցությամբ։