Հայաստանի համար գարնան ամենանշանակալի իրադարձություններից մեկը Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի ուղեկցությամբ գերմանական պատվիրակության պաշտոնական այցն էր, որի շրջանակում Երևանում տեղի ունեցան մի շարք միջոցառումներ և հանդիպումներ, այդ թվում՝ Գյոթե ինստիտուտի կողմից կազմակերպված պանելային քննարկում, նվիրված մշակույթին և քաղաքացիական հասարակությանը։ Միջոցառմանը ներկա էին մշակութային և կրթական ոլորտի հեղինակավոր փորձագետներ՝ պրոֆեսոր Կատրին Բոենինգ-Գեզենը, պրոֆեսոր Էվա-Մարիա Աուխը և Գյոթե ինստիտուտի նախագահ՝ պրոֆեսոր Գեշե Յոստը։ Պանելային քննարկումը միավորեց Հայաստանի մշակութային դաշտի և քաղաքացիական հասարակության կարևոր ձայներ։ Ներկայացուցիչներից էր նաև Մշակութային և սոցիալական նարատիվների լաբորատորիայի (CSN Lab) հիմնադիր Տիգրան Ամիրյանը, ով ընդգծեց երկխոսության կարևորությունը այսօրվա բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում և անդրադարձավ լաբորատորիայի երկար տարիների փորձին՝ ուղղված մշակութային համագործակցության ու կայունության խթանմանը։
Տարածաշրջանում, որտեղ քաղաքական լարվածությունները հաճախ ստվերում են մշակութային փոխհարաբերությունները, երկխոսության բացակայությունը շարունակում է մնալ հրատապ խնդիր։ CSN Lab-ը ձգտում է լրացնել այդ բացը՝ խթանելով արվեստային համագործակցությունն ու երկխոսությունը ինչպես Հարավային Կովկասում, այնպես էլ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ՝ իրականացնելով միջտարածաշրջանային նախաձեռնություններ։ Ի լրումն դրա, լաբորատորիայի երկխոսական ծրագրերը նպատակ ունեն ամրապնդել նաև Հայաստանի և ԵՄ-ի միջև մշակութային կապերը։
Անդրադառնալով CSN Lab-ի նախագծերին՝ Տիգրան Ամիրյանը նշեց, որ կազմակերպության համար առաջնահերթ է ավանդական ակադեմիական և ինստիտուցիոնալ շրջանակներից դուրս ծրագրերի իրականացումը, ինչը թույլ է տալիս վեր հանել նարատիվներ, որոնք հաճախ մնում են լուսանցքում։ Լաբորատորիայի գործունեության առանցքային տարրերից է հիշողության ուսումնասիրության ապակենտրոնացումն ու բազմազանեցումը։ Իրականացնելով միջգիտակարգային նախագծեր և համադրելով գենդերային, էկոլոգիական, ուրբան և միգրացիոն ուսումնասիրությունները՝ CSN Lab-ը ձևավորում է հիշողության ուսումնասիրության շուրջ առավել բազմաշերտ և խորքային ընկալում՝ թե՛ փորձագիտական, թե՛ լայն հանրային շրջանակներում։
Առաջիկա ամիսներին CSN Lab-ի գործունեությունը և երկարամյա աշխատանքի արդյունքները կներկայացվեն տարբեր գերմանական հարթակներում։ Մենք շարունակում ենք նաև զարգացնել համագործակցությունը Գյոթե ինստիտուտ Հայաստանի հետ, որի արդյունքում ստեղծվող ծրագրերով կկիսվենք շուտով։
Լուսանկարները՝ Էդ Թադեւոսյան