CSN Lab-ը EUNIC Armenia-ի նախաձեռնությամբ և աջակցությամբ արդեն ամիսներ շարունակ իրականացնում է «Կանաչ Հայաստան. դեպի մշակութային կայունություն» հետազոտական նախագիծը։ Օրեր առաջ Գյոթե ինստիտուտի գրասենյակում տեղի ունեցավ հետազոտության առաջնային արդյունքների ներկայացմանը նվիրված միջոցառում, որը միավորել էր հայաստանյան մշակութային դաշտի տարբեր պետական և ոչ պետական հաստատությունների ներկայացուցիչների։
«Կանաչ Հայաստան» նախագիծը առաջին համապարփակ հետազոտությունն է Հայաստանում, որը խաչմերուկում է մշակութային դաշտի և շրջակա միջավայրի հիմնահարցերը։ Այն ուրվագծում է հայաստանյան մշակութային լանդշաֆտի կանաչ քարտեզը և կայունության համատեքստում քննում պետական և ոչ պետական կառույցների ռազմավարությունները։ Ուսումնասիրելով բազմաթիվ մշակութային հաստատությունների և նախաձեռնությունների փորձը, կիրառվող պրակտիկաները և անտեսված հիմնահարցերը՝ «Կանաչ Հայաստան» նախագիծը վեր է հանում ոլորտում առկա խնդիրները, ինչպես նաև ներկայացնում է դրանք հասցեագրելու գործուն ուղեցույցներ։
Միջոցառման շրջանակներում CSN Lab-ի հիմնադիր Տիգրան Ամիրյանը իր ողջույնի խոսքում, անդրադառնալով «Կանաչ Հայաստան. դեպի մշակութային կայունություն» հետազոտության հիմնական նպատակին, ընդգծեց մշակույթի և էկոլոգիայի խաչմերուկման կարևորությունն ու անհրաժեշտությունը՝ հատկապես ներկայիս կլիմայական ճգնաժամի համատեքստում։ CSN Lab-ի թիմի անդամներ Արսեն Աբրահամյանը և Նանոր Հովհաննիսյանը ներկայացրին հետազոտության նպատակները, հիմնական խնդիրները և կառուցվածքը։ Անդրադառնալով հայաստանյան մշակութային դաշտում արդեն իսկ իրականացվող միջավայրահեն նախաձեռնություններին, պետական և ոչ պետական հաստատությունների գործելակերպերին, ինչպես նաև Հայաստանում մշակույթի զարգացման ռազմավարությանը՝ նախագծի հեղինակները վեր հանեցին մշակութային դաշտի կանաչ անցման արդի մարտահրավերները և դրանք հասցեագրելու հնարավոր մոտեցումները։
Նախագծի ներկայացմանը հաջորդեց հարցուպատասխան, որի շրջանակում միջոցառմանը ներկա մշակութային և միջավայրային կազմակերպությունները նաև ներկայացրին կանաչ անցման ուղղությամբ իրենց գործունեությունն ու փորձը։
«Կանաչ Հայաստան» նախագիծը հաջորդիվ անցնելու է առաջարկությունների մշակման և հետազոտության հրատարակման փուլ։ Նախագիծն ամփոփվելու է հետազոտական ձեռնարկի շնորհանդեսով, որի նպատակն է ոչ միայն բարձրացնել միջավայրային իրազեկվածությունը անհատ մշակութային գործիչների և հաստատությունների շրջանակում, այլ նաև իր ազդեցություն ունենալ մշակույթի զարգացման պետական ռազմավարությունում։
«Կանաչ Հայաստան. դեպի մշակութային կայունություն» հետազոտական նախագիծը EUNIC Armenia-ի նախաձեռնությունն է, որն իրականացվում է CSN Lab-ի կողմից՝ Եվրոպական միության պատվիրակության աջակցությամբ։