Իջիր ջրի հատակը

«Իջիր ջրի հատակը» ցուցադրությունը CSN Lab-ի «Կապույտ Երևան» նախագծի արվեստային բաղադրիչն է, որը միավորում է հինգ ժամանակակից հայ արվեստագետների։ Աննա Հակոբյանը, Արմինե Շահբազյանը, Դավիթ Քոչունցը, Հար Թումն ու լուսինե թալալյանը, երկխոսելով նախագծի արխիվային նյութերի և հետազոտության հետ, ուսումնասիրում են ջրի բազմակի նշանակությունները և դրա փոխհարաբերությունները հիշողության, մարմնի, բնական ու քաղաքային միջավայրի հետ։ «Կապույտ Երևանի» շրջանակում նրանք առաջարկում են նոր դիտանկյուն․ ինչպե՞ս է ջուրը ձևավորում առօրյա պրակտիկաները, զգայական փորձառությունները, անհատական և հավաքական հիշողությունները։

Արվեստագետների հետ երկխոսությունը ինչպես CSN Lab-ի այլ ծրագրերի, այնպես էլ «Կապույտ Երևան» հետազոտական նախագծի անբաժանելի մասն է։ Այն հնարավորություն է տալիս բարձրաձայնել հարցեր և փնտրել դրանց պատասխանները՝ անդրադառնալով այն թեմաներին, որոնք միայն արխիվային փաստաթղթերի ու վերլուծական նյութերի միջոցով հնարավոր չէ լիովին բացահայտել։ Անձնական ու մարմնական փորձառություններից մինչև քաղաքի ջրային մարմինների շուրջ ձևավորված հավաքական հիշողություններ, հանրային տարածքներից մինչև բնական լանդշաֆտներ ու կենսաբազմազանություն, ինտիմ փոխհարաբերություններից մինչև ջրի վերահսկում ու ռազմականացում․ հենց այս հակադրությունների տիրույթում են արվեստագետներն ուսումնասիրում ջրի բազմազան իմաստները։   

«Կապույտ Երևանի» կարևոր մաս լինելով՝ «Իջիր ջրի հատակը» ցուցադրությունը շուրջ մեկ տարի է՝ շրջում է հայաստանյան և միջազգային հարթակներում՝ Գրականության և արվեստի թանգարանում, Լայպցիգի գրքի միջազգային տոնավաճառում և COP17 համաժողովում՝ արտացոլելով, թե ինչպես կարող են փոխազդել բնությունն ու մշակույթը, և ինչ իմաստներ կարող է բերել արվեստը բնապահպանական խոսույթ։

Armine Shahbazyan

Har Toum

Davit Kochunts

Anna Hakopian

lucine talalyan


Իջիր ջրի հատակը

Արվեստագետներ՝ Աննա Հակոբյան | Արմինե Շահբազյան | Դավիթ Քոչունց | Հար Թում | լուսինե թալալյան
համադրողներ՝ Տիգրան Ամիրյան | Արսեն Աբրահամյան


Կանգ ենք առնում նրա ափերին ու փնտրում զովությունը, սուզվում ենք, լողում մակերեսին ու երբեմն խեղդվում։ Ջրի հպումը փորձառություն է, որը շարունակ կլանում է մեր մարմինները։

Կապույտը միայն մատերիա և միջավայր չէ, այն նաև տարածություն է, որտեղ մեր մարմինը դառնում է տեսանելի և շոշափելի։ Տարածություն, որը կարող է դառնալ կարգապահության ու մաքրման, մերկության ու իսկության, խաղի ու հոգատարության, խինդի ու զվարթության տիրույթ։ Տարածություն, որը կարող է լինել երկդիմի և հակասական, միաժամանակ հոգատար ու վտանգավոր, սնուցող ու մահաբեր։ Տարածություն, որը կարող է բերել ծայրահեղ հանրայնություն ու խոր ինտիմություն, հասանելիություն ու արգելք, էրոս ու էրոսի մերժում։

Ամեն անգամ, երբ քաղաքը կորցնում է իր ջրային մարմիններն ու ջրային ճարտարապետությունները, մեր մարմինները նույնաբար կորցնում են իրենց պրակտիկաներն ու փորձառության ձևերը։ Ինչն առօրյայի մաս էր, վերածվում է հիշողության կամ երևակայական ժեստի։ Ջուրը հեռանում է՝ ծարավ թողնելով մեր հավաքական մարմինը, ծարավ՝ հոսուն ու զով տարածության, որը տարբեր է քաղաքի չոր ու բիրտ մակերեսից։

Կորսված այս միջավայրի որոնումներում մենք դիմում ենք անցյալին, անհատական ու հավաքական արխիվներին։ Կարևոր հուշարար է դառնում նաև երևակայությունը՝ արվեստային պրակտիկան, որը պատկերի, ժեստի և հիշողության միջոցով վերադարձնում է հպման հնարավորությունը։

Հինգ ժամանակակից արվեստագետներ, դիմելով անձնական և հավաքական հիշողություններին, ուսումնասիրում են ջուրը որպես զգայական միջավայր և մարմնական փորձառություն։ Մեզ ուղեկցելով կապույտի խորքերը՝ նրանք առաջարկում են նորից վերապրել ու երևակայել ջուրը՝ որպես խինդի ու մտորումի, հոգատարության ու իսկության, հանրայնության ու ինտիմության, թափանցիկության ու մերկության մարմնական տարածք: