«Ֆիրդուս․տեղի հիշողությունը» զրույց Տիգրան Ամիրյանի հետ

Վահե։ Նախորդ տարի ԵՀՀ-ի աջակցությամբ լույս տեսավ Տիգրան Ամիրյանի և Սոնա Քալանթարյանի «Ֆիրդուս․ տեղի հիշողություն» խմբային մենագրությունը։ Գրքում տեղ են գտել նաև Համլետ Մելքումյանի, Նառա Մուրադյանի, Արսեն Կարապետյանի և Անդրեյ Իվանովի հոդվածները, բազմաթիվ արխիվային և ընտանեկան լուսանկարներ, փաստաթղթեր, նկարզարդումներ ու քարտեզներ։ 

«Ֆիրդուս․ տեղի հիշողություն» գիրքն առաջարկում է երևակայական ճամփորդություն կատարել Երևանի Ֆիրդուսու փողոցում՝ հատելով դրա մշակութային, սոցիալական ու պատմական չափումները․ ոտք դնել 19-րդ դարի կավահողի փողոցներին, մտնել փոքր, ինքնաշեն տնակները, հանդիպել դրանց հյուրընկալ բնակիչներին՝ Ջոջ Աղային, Չարենցի ընկեր, գող Բադասին, Կլարա մորաքրոջը, քամանչահար Վիդոկին…։ Հետո հունգարացի ռազմագերիների, սևազգեստ վաուչեր առնող-ծախողների, 90-ականների դախլերի ու պարսկական ցուցանակների միջով դուրս գալ 2000-ականների Ֆիրդուսի շուկա և առերեսվել Ֆիրդուսի ներկային։

Տիգրան։ Թե՛ գրականության, թե՛ մարդաբանության կամ այլ գիտակարգերի մեջ ինձ միշտ հուզել է, այսպես կոչված, «սովորական մարդկանց կյանքը»։ Հայտնիների և մեյնսթրիմ շենքերի ու թաղամասերի մասին պատմաբաններն ու մեդիան շատ են գրում, ես գրում եմ սովորական մարդկանց մասին, որոնցից կազմված է քաղաքը, երկիրը։ Եվ ուրեմն՝ վերնակուլյար ճարտարապետության մասին, որից կազմված են շատ քաղաքներ մեր տարածաշրջանում։ Դրանից բացի մենք հիշողության նախագիծ էինք անում, իսկ մարդաբաններն արդեն վաղուց եզրակացրել են, որ հիշողությունը խիստ տարբերվում է պատմությունից։ Պատմությունն ու հիշողությունը շատ դեպքերում հակադրվում են, երբ փորձում են պատումայնացնել անցյալը։

Ֆիրդուսն ինձ համար անվերջ հակադրությունների և երկիմաստությունների վայր է։ Շուկան և ընտանիքների առօրյա կյանքը մեկ տանը, քրիստոնեության և իսլամի համակեցությունը, խորհրդայինն ու հակախորհրդայինը, ֆասադային շենքերի շքեղությունն ու թաղամասի ներսի թշվառությունը․․․։ Ի դեպ, Ֆիրդուսը եզրագծող շենքերից մեկը ՆՓԱԿ-ն է։ Նախագծի իրականացման ժամանակ տարբեր միջոցառումների էի մասնակցում և ամեն անգամ համադրողների տեքստերում կարդում էի «փորձառության», «առօրեականության», «հիշողության» և այլնի վերաներկայման կարևորության մասին։ Այդտեղից դուրս գալով հիասթափված քայլում էի ֆիրդուսցիների մոտ սուրճ խմելու, զրուցելու, քանի որ այնտեղ էր առօրեականությունն ու փորձառությունը, բայց ոչ թե արհեստական, այլ կենդանի՝ իրական։ Ֆիրդուսն իր կյանքով ինձ հուշում էր, որ փորձառության վերաներկայման համար պետք չեն թանգարաններ ու հաստատություններ։ Անհրաժեշտ է ընդամենը այդ փորձառության պատումայնացում, փորձառության մեջ ներգրավվածություն, ինչն արել եմ։ Հուսամ՝ հաջողությամբ։

Վահե։ Գրքի նախաբանում նշվում է, որ դրա ստեղծման գաղափարը ծագել է մի քանի տարի առաջ, երբ Երևանի սրտում՝ Ֆիրդուսի փողոցի երկայնքով դեռ ակտիվ առևտուր էր ծավալվում։ Ինձ հետ առանձին զրույցում ասացիր, որ ողջ նախագծի համար առիթ է եղել 64 էջի լուսանկարը, որտեղ պատկերված է Ֆիրդուսի հին բնակիչներից մեկի սենյակը՝ նամազի պատուհանով։

Տիգրան։ Այնտեղ կան նամազի համար կեղծպատուհաններ, բայց այս դեպքում ես լուսանկարել եմ ուրիշ պատուհան` սենյակի ներսից։ Այն ինչ նկարել եմ ընդամենը մահմեդական կամ (փսևդո)մավրիտանական ճարտարապետության պատուհանի տիպական ձևն է՝ ներսի կողմից։ Դրսից տան այդ հատվածը մի քանի անգամ երեսպատվել էր և երևում էր զուտ քառակուսին, սովորական պատուհանը, որոնցից քաղաքում հարյուր հազարներով կան։ Ինձ պարզ դարձավ, որ այստեղ հենց այն վայրն է, որտեղ իրականությունը շերտավորվում է երկու մասի՝ կախված ֆոկուսային կետից։ Աշխարհի դիտարկման երկու տեսակ․ ներսից ու դրսից։ Դրսից ոչ մի հատկանշական բան չկա, ինչպես՝ ողջ թաղամասում, որը հետնախորշ են կոչում։ Իսկ ներսից՝ «ուրիշ» հայացք աշխարհին, ուրիշ շրջանակ, ուրիշ ոսպնյակ։

Այս միտքը պատմեցի մարդաբան Լևոն Աբրահամյանին, որի Փարաջանովի վերաբերյալ հոդվածում Սայաթ Նովայի «պատուհանից աշխարհի» տողի մասին խոհեր կան։ Լևոնն անմիջապես հավանություն տվեց և օրհնեց իմ ապագա նախագիծը։ Հենց այդպես ինձ այցելեց ներքին կյանքի գաղափարը, ինչպես էլ անվանեցի իմ տեքստը։ Պատուհանը դարձավ մետոնիմիա թաղամասի համար, թաղամասը՝ քաղաքի համար։ Նախագիծը սկսվեց մի լուսանկարից և դարձավ բազմաթիվ լուսանկարների պատմություն։ Իմ լուսանկարած Ֆիրդուսի դրվագները, մեր գործընկեր Կլիմ Գրեչկայի լուսանկարները, ընտանեկան արխիվներից լուսանկարներ, որ հավաքագրել ենք երկու տարվա ընթացքում, և այլն: Այդ փողոցում ապրել են տարբեր լուսանկարիչներ, և նրանցից մեկը՝ Ռոբերտ Խաչատրյանը չապրեց մինչև մեր գրքի շնորհանդեսը։ Նա երկար տարիներ լուսանկարում էր հայկական հանրագիտարանի համար։ Հետագայում իր կինը՝ Սիրան Նաջարյանը որոշեց ինձ փոխանցել Ռոբերտի լուսանկարչական արխիվի մի մասը։ Մենք հանդիպեցինք, և երբ տիկին Սիրանն իջավ նկուղ՝ Ռոբերտի ֆոտոխցիկների ու նեգատիվների հետևից, աչքերիս առաջ անցան ինձ արդեն ծանոթ բոլոր կադրերը․ իրենց ընտանիքի առօրյայի կադրերը, հարևանների հետ բարեկամության կադրերը և այլն։ Եվ այդ պահին ես քարացա գիտակցումից, որ հիշողությունը այդ հին ընտանեկան ժապավենների հավաքածուներն են, որոնք պահվում են խոնավ նկուղներում, և մթության մեջ սպասում են, իրենց լույս տեսնելուն, պատմվելու առիթին։ Բայց ոչ ոք այդ մասին չի մտածում, երբ դրսից է նայում գառաժներով պատված այդ տներին։ Ինչպես նաև չի իմանում, որ Ռոբերտի և Սիրանի հարևանների քառակուսի պատուհանը ներսից ամենևին քառակուսի չէ։

Tigran Amiryan

Վահե: Ինձ համար աշխատությունը և մասնավորապես, քո մենագրությունը մի քանի կարևոր շեշտադրում ունի, որոնք այն յուրահատուկ և արժեքավոր են դարձնում հատկապես ներկա քաղաքական զարգացումների համատեքստում։ Առաջին՝ Ֆիրդուսի քաղաքաշինական, ճարտարապետական ու մշակութային կողմերն ընթերցվում են նշանագիտության գործիքակազմով՝ փորձ անելով վերհանել քողարկված իշխանական հարաբերությունները՝ կենտրոնի և ծայրամասի, պաշտոնականի և վերնակուլյարի, յուրայինի և «ուրիշի» միջև։

Ֆիրդուսը ձևակերպվում է, որպես «քաղաք՝ քաղաքի մեջ»։ Վայր, որ լինելով Երևանի կենտրոնում, խստորեն տարբերվում է իր ճարտարապետական և կենցաղային ձևերով։ Եվ, ինչպես նշում ես, տեղի հիշողությունը հուշում է տարբեր մասնագիտությունների, էթնիկ և կրոնական պատկանելիության մարդկանց և մշակույթների համակեցության պատմության մասին։ Այսինքն՝ Ֆիրդուսը լինելով քաղաքի ուրբանիստական «ուրիշը», որի հետ դեռ հաշվի են նստում, դառնում է նաև «ուրիշին» ընդունելու և «ուրիշի» հետ ապրելու մոդել ու հնարավորություն։

Համլետ Մելքումյանի տեքստում Ֆիրդուսը նաև քաղաքային առօրյայում պարսկական մշակույթի ժամանակակից շերտն է, որի բնակիչների երկխոսությունները բացահայտում են ազգայնական ու կրոնական անհանդուրժողականությունը, որն արտահայտվում է «գեշ», «աղքատ», «կեղտոտ» բառերով։ Հետաքրքիր զուգադիպությամբ այս տեսակ բառերը տարբեր քանդման հիմնավորումներում վերագրվել են այլևայլ պատմական կառույցների. օրինակ՝ Արամի 30-ը պիտակվեց «սառայ» (сарай), «Փակ շուկան»՝ «կռիսանոց» և այլն։

Տիգրան: Լիովին ճիշտ է։ Իմ հոդվածում ես վերլուծել եմ այդ վայրը և փորձել եմ այն ըմբռնել ֆուկոյական հետերոտոպիայի հասկացության օգնությամբ, միաժամանակ իմ մտքի կենտրոնում միշտ մի գաղափար կար, որին ես միշտ հավատարիմ եմ. Յուլիա Կրիստևայի տասնամյակներ առաջ ձևակերպած գաղափարը. «ուրիշը մեզանում»։ Մենք կազմված ենք այդ «ուրիշություններից» և ինձ հետաքրքրում էր՝ ինչպես է քաղաքը փորձում մոռանալ, դուրս մղել իր գիտակցությունից սեփական ծանր անցյալը։ Գիտե՞ք, դա այնպիսի հոգեբանական գործողություն է, երբ երեխաները հաճախ ամաչում են իրենց ծեր ծնողներից, քանի որ իրենք արտաքնապես այլևս չեն համապատասխանում իրենց գեղեցկության, արդիության և այլ բաների մասին պատկերացումներին։ Ճիշտ ինչպես քաղաքն է փորձում թաքցնել ու մոռանալ իր անցյալը։ Մենք ցույց ենք տվել «ուրիշին» ընդունելու հզոր կարողությունը, որպեսզի խոսենք Ֆիրդուսի մասին որպես մայրական հող, հոգածության տարածություն։

Համլետը վաղուց էր շուկաներով զբաղվում և մենք միասին կազմեցինք, այսպես կոչված, «անդադար առևտրի» քարտեզը, որն օղակում էր ողջ շրջակայքը Ֆիրդուսից մինչև Նար-Դոս։ Հավանաբար, մենք Համլետի հետ փորձել ենք ընթերցողին ասել, որ «ուրիշությունը» այս վայրի սովորական վիճակն է, որ այս վայրը հիշում է հայերի ու մահմեդականների համակեցության, առևտրի և այլնի մասին։ Այդ պատճառով վայրն անընդհատ հիշում է իր անցյալի մասին և վերադարձնում է իր անցյալի պրակտիկաները։

 

Վահե: Մյուս հետաքրքիր շեշտադրումը քաղաքային տարածության մարմնական փորձառության նկարագրությունն է, որը դարձել է գրքի ամենագեղարվեստական հատվածներից մեկը։ Գրում ես. «․․․․ կտրվելով պողոտայի մեծ միֆից [․․․․] թեքվում ենք ձախ ու շեղվում մեծ պատումից, լցվում կենդանի քաղաքային տարածության առօրեականությամբ և մասնատում տարածությունը դրվագների, կոտրում կոթողայինը, պատմականը, պաշտոնականն ու առասպելացածը․․․․ »։

Տիգրան: Վերջին տարիներին մեր քաղաքային տարածությունն անընդհատ դեֆորմացվում է և 19-րդ դարից մինչև ուշ խորհրդային շրջանը ձևավորված ճարտարապետական և քաղաքաշինական ֆոնդում իրականացվում են կոպիտ ճարտարապետական միջամտություններ։ Ես հաճախ մեջբերում եմ դե Սերտոյին՝ խոսելով քաղաքի պարտադիր, փորձառական ճանաչողության մասին, քանի որ քաղաքի ապամոնտաժման և վերակառուցման մասին բոլոր որոշումները ձևակերպվում են «վերևից հայացքով», քաղաքը դիտարկվում է որպես քարտեզ (վերևից), որպես կապիտալիստական զարգացման և այլնի վայր։ Բայց ոչ ոք չի խոսում քաղաքում գտնվելու զգացողությունների մասին։ Քանդելով այդ թաղամասերը՝ դեվելոփերները քանդում են մեր տարբեր վայրերում գտնվելու զգացողությունների մասին հիշողությունները։ Իրենք՝ դեվելոփերները, մեզ՝ ներքևում, քաղաքի ներսում գտնվողներին, կսարքեն որբ։ Այդտեղ մեծ վտանգ կա։

 

Վահե: Ֆիրդուսը քաղաքի ամենացավոտ կետերից է։ Դեռ 2007-ից որպես «գերակա շահ», տարածքն օտարվել է մի ընկերության, որն այդտեղ պետք է բազմաբնակարան շենք կառուցեր և ապահովեր տեղահանված բնակիչներին վարձավճարով և նոր բնակարաններով, ինչը չի արվել։ Մարդկանց մեկ ուրիշ խումբ էլ շարունակում է ապրել կիսաքանդ տարածքում՝ չհամաձայնվելով կառուցապատողի առաջարկած պայմաններին։ Խնդիրը, ցավոք, լուծում չստացավ նույնիսկ հեղափոխությունից հետո։

Քո մենագրությունն ավարտվում է լավատեսական հիշեցումով. «Շուկան պարբերաբար վերականգնում է աշխատանքը, որոշ տներ արդեն քանդված են, մի քանիսը՝ լքված, բայց գարնան գալու հետ բնակիչներն սկսում են խնամել այգիները՝ արհամարհելով թաղամասի անհետացման վտանգը․․․․ »։

Տիգրան: Իսկապես, բանավոր պատմությունները մեզ անընդհատ հետ են բերում «վաղը կքանդեն», արտահայտությանը։ Դա ֆիրդուսցիների ինքնության ևս մի առանձնահատկություն է, նրանք արդեն հարյուր տարուց ավել ապրում են քանդման և անհետացման վտանգի տակ, արդեն մի քանի սերունդ ձևավորվել է իրենց սովորական կենցաղի անհետացման սպառնալիքի պատումով։ Ավիրելով Ֆիրդուսը քաղաքային իշխանությունները և դեվելոփերները կկորցնեն իմաստություն դրսևորելու և թաղամասը վերականգնելու վերջին հնարավորություններից մեկը։ Դա կլիներ վերնակուլյարի և կոնստրուկտիվիզմի պահպանության մի բացառիկ փորձ։

Բոլոր ռեսուրսներն առկա են ապամոնտաժումը կանգնեցնելու և նույնիսկ հիմա ամբողջը վերականգնելու համար. հետ բերել կյանքն ու առևտուրը, որն իրենք արտաքսել և արտաքսում են ամեն օր։ Պետք է ընդամենը տեղացի բնակիչներին օգնել բարելավելու իրենց կացարանները և ավելի հարմարեցված դարձնել առևտրային գոտիները մեր օրերի համար։ Ստեղծել ճարտարապետների և ուրբանիստների խորհուրդ, որը կաշխատի՝ ելնելով տեղի համայնքի կարիքներից՝ հաշվի առնելով նրանց պատկերացումները տան մասին։ Եթե դա տեղի չունենա, մենք կկորցնենք քաղաքային կյանքի բացառիկ փորձառության պահպանման վերջին հնարավորությունը։

Իմ խնդիրը զուտ այն իմաստների և պո­տենցիալի արտիկուլացումն էր, որն առ­կա է այդտեղ։ Ցավոք, ես ակտիվիստ չեմ և ոչ էլ՝ ճարտարապետ, և առավել ևս քաղաքական գործիչ չեմ, այդ պատ­ճա­ռով ոչ ես, ոչ էլ մեր թիմը, չենք կարող ուղղ­ակի ազդեցություն ունենալ տեղի ճա­կատագրի վրա։ Մեր նպատակը հի­շո­ղության նախագիծ ստեղծելն էր, բայց ոչ՝ տեղի հուշարձան։

Իմ սիրելի ֆիր­դուս­ցիները կստանան նոր բնակարաններ, իրենք կկորցնեն շատ կարևոր, իրենց համար հոգեհարազատ կենցաղի տե­սակ, երբ ողջ թաղամասն ապրում է հա­ղորդակ­ցման մեջ (ճար­տա­րապե­տո­րեն և առօրեական պրակ­տի­կա­ներով), բայց կշարունակեն ապրել, հա­մա­կերպ­վել նոր կյանքին։ Թաղա­մա­սը քան­դող­ները կկորցնեն ա­վե­լին, քան ֆիր­դուս­ցի­ները։ Սա ֆիր­դուս­ցիների վեր­ջին հնա­րա­վորու­թ­յունը չէ, սա քաղա­քային իշխանությունների վերջին հնարավորությունն է։