Կեչուտ. հիշողություն ջրի հատակին

Օրեր առաջ ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի ունեցավ «Կեչուտ. հիշողություն ջրի հատակին» նախագծի շնորհանդեսը, որն իրականացվել է  նախորդ տարվա բարդ և մարտհրավերներով լի աշխատանքի արդյունքում, եւ համալրել CSN Lab-ի հիշողության ուսումնասիրությունների եւ ակտիվիզմի շուրջ հետազոտությունների շարքը։ 

Շնորհանդեսի շրջանակներում նախագծի հեղինակները նախ և առաջ ներկայացրին CSN Lab-ի գործունեությունը, հիմնական ուղղությունները և նպատակները, ինչպես նաև հիշողոիթկամ թեմայի շուրջ իրականացված նախագծերը և դրանց միջոցով բարձրաձայնվող հիմնահարցերը, ինչին հաջորդեց «Կեչուտ. Հիշողություն ջրի հատակին» վեբ նախագծի ներկայացումը։ 

Նախագծի հեղինակները կիսվեցին ծրագրի իրականացման գաղափարով, մեթոդաբանությամբ, առանձնահատկություններով և մարտրահրավերներով՝ հատկապես ընդգծելով հիշողության ուսումնասիրությունների ապակենտրոնացման կարևորությունը և շրջակա միջավայրի շուրջ խոսույթը վերաիմաստավորելու հրատապությունը։ Ներկայացվեց նաև «Կեչուտ. հիշողություն ջրի հատակին» հետազոտական նախագծի վեբ ձևաչափի ընտրության նպատակը, դրա հասանելի, հանրամատչելի և առավել կայուն բնույթը։

Միջոցառման ընթացքում նախագծի թիմը մանրամասն կերպով անդրադարձավ միջավայրի շուրջ խորհրդային միության խոսույթին, դրա ավերիչ ազդեցությանը և վերջինիս արդյունքում իրականացված բնության վերափոխման մասշտաբային նախագծերին, ինչպես նաև Հայաստանում ջրամբարաշինության գործընթացքում ջրասույզ արված բնակավայրերին և կորսված մշակութային ժառանգությանը։ Նախագծի համահեղինակ Արսեն Աբրահամյանը խոսեց Կեչուտի ջրմաբարի կառուցման խնդրահարույց գործընթացի , և դրա հետեւանքով մարդկանց բռնի տեղահանության և վերաբնակցեման արդյունքում ստեղծված ճգնաժամերի մասին։  Գլխավորապես՝ Կեչուտ գյուղի ջրասուզման բարդ պատմությունը և բնակիչների տեղահանության տրավման վեր հանելով, ինչպես նաև համայնքի վերաբնակեցման խնդրահարույց գործընթացները քննելով և խնդրականացնելով, ծրագրի հեղինակներն ընդգծեցին Խորհրդային Միության ռեպրեսիվ գործելաոճը, ինչպես բնության, այնպես էլ ուրբանսիտական միջավայրերի, ճարտարապետական ժառանգության,  տեղաբնիկ համայնքների ինքնության և հիշողության նկատմամբ։

Անդրադառնալով համայնքի բռնի տեղահանության եւ էկոմիգրացիայի հավաքական տրավմային, սեփական գյուղը և տները կորցնելու հիշողությանը՝ նախագծի համադրող Տիգրան Ամիրյանը  խոսեց կեչուտցիների հիշողության կառուցվածքի՝բնակիչների հիշողության պրակտիկաների և անցյալը վավերագրելու անհատական և համայնքային փորձերի մասին։ Ի լրումն՝ խոսվեց Ջերմուկ եւ Կեչուտի մոդեռնիստական ճարտարապետության մասին, որպես խորհրդային «հաղթանակած» գաղափարները կրող խորհրդանիշներ։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կեչուտ համայնքի տեղահանության պատմությունն այն հատուկենտ դեպքերից է, երբ էկոմիգրացիայի ենթարկված համայնքները ոչ թե ցրվում, այլ՝ շարունակվում են բնակվել իրենց նախկին բնակավայրի անմիջական հարեւանությամբ եւ ամեն օր առերեսվել իրենց տրավմատիկ անցյալի հուշարձանին, խորքային անդրադարձ կատարվեց Կեչուտի օրինակի առանձնահատկություններին։

Շնորհանդեսին հաջորդեց ակտիվ հարցուպատասխան և արդի իրականությունում բնության վերափոխման և մասնավորապես ջրային ենթակառուցվածքների ստեղծման գործընթացների շուրջ քննարկում։ 

Միջոցառման ավարտին CSN Lab-ը կիսվեց երկլեզու վեբ նախագծի հղումով՝ հասանելի և մատչելի դարձնելով այն լայն հանրային շրջանակների՝այդ թվում կեչուտցիների համար, որոնց գյուղին և անցյալին էլ նվիրված է «Կեչուտ. Հիշողություն ջրի հատակին» նախագիծը։

 

Նախագիծը իրականացվել է Դանիական մշակութային ինստիտուտի (DCI) աջակցությամբ՝ «Նոր ժողովրդավարության հիմնադրամ» (NDF) նախագծի շրջանակներում։