հիշողության աշխարհագրությունը
Կոնդը գտնվում է Երևանի հենց սրտում, և Կոնդի մասին հիշողությունները քաղաքի կոլեկտիվ հիշողության կենտրոնական տեղերից մեկն են զբաղեցնում։ Երբեմն անցյալը վերհիշելիս բնակիչները կատակում են՝ «Կոնդը միշտ էլ Երևանի մայրաքաղաքն է եղել»։ Հիշելով իրենց ընտանիքի, տան, փողոցի, թաղամասի անցյալը՝ կոնդեցիները մշտապես շեշտում են, որ իրենց առօրյան, կենցաղը, իրենց հուշերը անքակտելիորեն կապված են քաղաքի կենտրոնի կյանքի հետ։
Չնայած նրան, որ Կոնդը գտնվում է կենտրոնին բնորոշ քաղաքաշինական թոհուբոհի առանցքում, այն կարողացել է պահպանել նախանցյալ հարյուրամյակի վերնակուլյար ճարտարապետությունը, սոցիալական կյանքի յուրօրինակությունները, որ ձևավորվել էին դեռ տասնամյակներ առաջ։ Կոնդի կյանքի ռիթմը ասես ալիքի պես տարածվի ամբողջ քաղաքով։ Միևնույն ժամանակ Կոնդի հիշողությունը ըստ էության մի կոմպակտ, հաճախ՝ փակ, իր հստակ մտավոր ու ֆիզիկական սահմաններն ունեցող և դրանով իսկ մնացած թաղամասերից տարբերվող համայնքի հիշողությունն է։
Կոնդեցիները իրենց խոսքում թերևս ամենից հաճախ նշում են, թե ինչպես է թաղամասը փոքրացել վերջին տասնամյակների ընթացքում։ Եվ այդ ֆիզիկական կարճումը հանգեցրել է նաև տեղի բնակիչների մասնավոր ու կոլեկտիվ հիշողության տարածության փոքրացմանը։ Հաճախ այս կամ այն առօրյա պրակտիկաների կամ անցյալի որևէ հիշարժան դեպքի մասին պատմություններ լսելիս կարող է տպավորություն ստեղծվել, թե պատմողը հիշողության բավիղներում թափառելիս կարծես քայլի նաև Կոնդի փողոցներով. մեկ էլ հանկարծ կընդհատի պատմությունը, կանգ կառնի, որովհետև իրադարձությունները շարունակվում էին այնտեղ, որտեղ թաղամասն արդեն կրճատվել է, այն վայրում, որն արդեն կտրվել է Կոնդից և դադարել Կոնդ լինելուց։
Գուցե այս թաղամասը քաղաքի այն եզակի թաղամասերից է, որտեղ այսքան զգալի է ինչպես թաղամասի դիրքի, այնպես էլ փոփոխվող սահմանների ազդեցությունը տեղի հիշողության վրա։ «Ի՞նչ է մնացել որ։ Կոնդից էլ բան չեն թողել. առաջ շատ ավելի մեծ էր, իսկ հիմա մնացել է իսկական Կոնդի էս մի փոքր կտորը»։
Այսպես ճարտարապետական և ուրբանիստիկ հիշողության ջնջումը գործի է գցում անհատական և սոցիալական հիշողությունը։ Տեղի է ունենում հակառակ երևույթը. այն կոնդեցիներին, որոնց մենք այլևս չենք գտնի իրենց տներում, պատկերավոր սկսում են հիշել նրանց հարևանները, որոնք իրենց պատմություններում հասնում են մինչև նրանց տները, տանիքներն ու բակերը։
Կոնդի հիշողության տարածությունը այդպիսի հարատև շարժման ու փոխհատուցումների մեջ է. մեկը փոխարինում է մյուսին, մոռացումը արթնացնում է հիշողություններ, և հակառակը։ Ու չնայած այն բոլոր վերքերին, որ թաղամասը ստացել է վերջին տասնամյակներում, այն շարունակում է ապրել ու պահպանել իր յուրահատուկ հիշողությունը, հետևաբար՝ իր ինքնությունը։ Իսկ Կոնդի ինքնությունը բլրի վրա է, մեր քաղաքի կենտրոնում, միշտ մեր գլխավերևում։
Այսպիսով, Կոնդի հիշողությունը ենթարկվում է տեղի ռելիեֆին։ Կոնդը ոչ միայն կենտրոն է, այլ նաև բարձունք, սար։ Այդ իսկ պատճառով տեղի հիշողությունն էլ է այստեղ կառուցվում այս վերև-ներքև, բարձր-ցածր ռելիեֆային հարաբերակցության վրա։ Ինչ վերաբերում է կոնդեցիների հիշելու ու մոռանալու յուրահատուկ ռիթմին, ապա անցյալի մասին պատմությունները միշտ իջնում են մզկիթից ու եկեղեցուց վար՝ Ռուսթավելու փողոց կամ կիրճի կողմը։ Դա որոշակի ուրբանիստական խտություն է ձևավորում. ինչքան վեր ես բարձրանում, այնքան ավելի
հիշողության արխիտեկտոնիկան
խիտ են դառնում շինությունները, ընտանեկան պատմությունները, ընդհանուր անցյալը։ Միաժամանակ հենց Կոնդի ռելիեֆն է սահմանում նաև տների փոխդասավորվածությունը։ Տան անցյալի մասին պատմությունները հաճախ կարող են վերածվել բակի մասին պատմությունների, իսկ քանի որ մի տան բակը կախված է մի աստիճան ներքև գտնվող հարևան տան տանիքի վրա, մի փողոցի հիշողությունից մենք կարող ենք սահուն անցում կատարել մյուսին։
Մեր հավաքած բանավոր պատմությունները ցույց են տալիս նաև, թե ինչպես է թաղամասի հիշողության տարածության խտությունը բաշխվում բնակիչների հիշողության մեջ։ Նրանցից մեկն, օրինակ, ասում է՝ «մերը Կոնդի եվրոպական հատվածն է», և դրանով ընդգծում, որ մոտ է քաղաքի մնացած մասի հետ սահմանին։ Կոնդեցիների հիշողությունները սերտանում են ու խաչվում՝ վարից վեր ընթանալով, և այդ վերընթացում ընտանեկան պատմությունները կանգնում են նույնքան կիպ, որքան հարևան տների միմյանց սերտաճած պատերը։
Երևի թե չկա ոչ մի ընտանեկան պատմություն, որում կոնդեցին իր ընտանիքի պատմությունից անցում չկատարի հարևանների անցյալին։ Այս առումով Կոնդի հիշողությունը բաց է, ինչպես որ ժամանակին բաց էին լինում կոնդեցիների դռները՝ չկողպվելով նույնիսկ գիշերը։
Հարկ է նշել, որ առօրյա պրակտիկաներից մեկը, որի մասին ասվում է գրեթե բոլոր պատմություններում, ամառվա շոգ գիշերներին բակում քնելու կոնդեցիների սովորությունն է. «Մենք ուղղակի չէինք քնում բակում, հաճախ նույնիսկ հարևանների երեխաներն էին գալիս մեր բակում գիշերը քնելու»։ Կոնդի հիշողության տարրերը բխում են բոլորի համար ընդհանուր այդպիսի պրակտիկաներից, որ պահպանվում են ընտանեկան պատմության մեջ։ Այն տարիներին, երբ
հիշողության տարրերը
հեռուստացույցները դեռ տարածված չէին, կոնդեցիները հիշում են այսպես կոչված «Կոնդի կինոթատրոնը»: Դա «տոկատան» հարևանությամբ մի պատ էր, որի վրա ֆիլմեր էին ցուցադրում՝ և որտեղ ամեն երեկո բոլորը հավաքվում էին ֆիլմեր դիտելու։
Ինչպես հաճախ պատահում է, բանավոր պատմությունը ցույց է տալիս, որ տեղի հիշողությունները մանկության մասին պատումների առուներ են։ Կոնդի մանկությունը նախ և առաջ խաղերն էին, որ գիտեին թաղամասի բոլոր երեխաները։ Մանկության ընդհանուր տեղը բոլոր կոնդեցիների համար գարնանային ջանգյուլումն է, ֆուտբոլը, հոկեյն ու դահուկը, որոնց մասին պատմությունները ցույց են տալիս, թե ինչպես է տեղը ձևավորել առօրյան, և հետագայում ինչպես են հիշողությունը «կապել դահուկներից ու դքերով իջել»։
Հիշողության կենտրոնացման կարևորագույն տարրերից են դառնում եկեղեցին ու մզկիթը։ Վերջինս լոկալ հետհիշողության նարատիվի առանձնահատուկ տեսակ է. այսօրվա բնակիչներից գրեթե ոչ ոք ներկա չի եղել այն ժամանակ, երբ մզկիթը գործում էր, բայց բոլորի հիշողություններում դրան բավական մեծ կարևորություն է տրված։ Իսկ ահա եկեղեցին հանկարծ մեկ այլ տեսակի հիշողություններ է ծնում, որոնցում կարելի է տեսնել թաղամասի անցյալի իդեալականացում. «Առաջ էստեղ միայն հարսանիք էին անում, ուրախություն կար, իսկ հիմա թաղումներ ա»։ Կոնդի եկեղեցու նշանակության փոխակերպումն ակնառու է միջին և ավագ սերնդի հիշողություններում։ Կոնդի հիշողության տարրերը շարված են տների պատերի մեջ, ձգվում են թաղամասի նեղլիկ փողոցներով, դրանք հնարավորինս վառ ճարտարապետական դրսևորում ունեն, առավելագույն ֆիզիկական արտահայտում։ Եվ այդ ճարտարապետությունը ժողովրդական է՝ ստեղծված տեղացիների ձեռքերով ու պատկերացումներով, այն պատկանում է տեղի բնակիչներին, ինչպես որ նրանց լոկալ հիշողությունն է պատկանում այդ ճարտարապետությանը։
նկարազարդում` Արմինե Շահբազյան