Կապույտ Երևան» նախագիծը Լայպցիգի Գրքի Միջազգային Փառատոնում

«Ջրի պատկերը՝ անորսալի։
Ջրի պատկերը՝ հոսուն, աներևույթ, թափանցիկ։»

Այս տողերով «Կապույտ Երևան» ցուցադրությունը ողջունեց իր այցելուներին՝ հրավիրելով անդրադարձ կատարելու սահմանները, քաղաքական աշխարհագրությունը և ժամանակայնությունը հատող ջրային մարմինների փոխկապակցվածությանը և հոսուն էությանը։ 

Մարտի 19-ին Լայպցիգի միջազգային գրքի փառատոնի և Երևան-Լայպցիգ մշակութային տարվա շրջանակներում, D21 Kunstraum-ում բացվեց CSN Lab-ի արտ-դոկ ցուցադրությունը՝ ներկայացնելով Երևանի այլընտրանքային պատումները միջազգային մշակութային համատեքստում։ 

CSN Lab-ի «Կապույտ Երևան» միջգիտակարգային հետազոտական ​​նախագծի շրջանակներում մշակված այս ցուցադրությունը ներկայացնում է Երևանի ապագաղութային ընթերցումը՝ իր ջրային մարմինների, գետերի, ջրանցքների և կապույտ ենթակառուցվածքների միջոցով, որոնք ձևավորել են քաղաքի տարածական երևակայությունը, կոլեկտիվ հիշողությունը և առօրյա կյանքը: Ուսումնասիրելով Երևանի կապույտ գոտիների փոխակերպումները, մարգինալացումը և անհետացումը՝ «Կապույտ Երևանը» ներկայացնում է քաղաքի այլ պատկերը՝ հոսուն, բազմաշերտ և փոխկապակցված պատումներով:

Ցուցադրության հիմքում ընկած է ջուրը՝ որպես հաղորդակցության, կուտակման և փոխհարաբերման ձև դիտարկելու հայեցակետը։  Այստեղ ջուրը ընկալվում է որպես պատումներ և փորձառություններ տեղափոխող հոսք, ինչպես նաև տարածություն, որն ամբարելով հիշողությունը, միավորում է մարդկանց, միջավայրերն ու առօրյա պրակտիկաները։ 

«Կապույտ Երևան»-ը դարձավ նաև ինքնատիպ երկխոսություն Լայպցիգի գրքի փառատոնի ավելի լայն թեմատիկ շրջանակում, որը նվիրված էր ջրային մարմիններին և գրականությանը, մասնավորապես Դանուբ գետի և Եվրոպայի այլ ջրային մարմինների շուրջ հյուսվող պատումներին։ Այս համատեքստում ցուցադրությունը ներկայացրեց հայաստանյան և կովկասյան տարածաշրջանի փորձառությունը՝ ընդլայնելով ջրի, հիշողության և շրջակա միջավայրի հիմնահարցերի վերաբերյալ քննարկումը եվրոպական շրջանակից անդին։

Բացման արարողությունը մեկնարկեց D21 Kunstraum-ի ներկայացուցիչ Կոնստանց Մյուլլերի ողջույնի խոսքով, որին հաջորդեցին ցուցադրության համադրողներ Տիգրան Ամիրյանի և Արսեն Աբրահամյանի ելույթները։ Նրանք ընդգծեցին տարածաշրջանային համագործակցության կարևորությունը և մշակութային նախաձեռնությունների դերը քաղաքների, համայնքների և մշակութային հաստատությունների միջև երկխոսության խթանման գործում։ Իր ելույթում Տիգրան Ամիրյանը ընդգծեց Հայաստանի և Եվրոպական Միության միջև ավելի ամուր երկխոսության, մեր հասարակությունների, մշակույթների և միջավայրերի վերաբերյալ պատումներ փոխանակելու անհրաժեշտությունը։ Նա նաև ներկայացրեց «Կապույտ Երևան» լայն հետազոտական ​​նախագիծը, որի հիմքում ընկած է արվեստագետների, ճարտարապետների, հետազոտողների և մշակութային գործիչների  միջոլորտային համաստեղծարարությունը։

Ցուցադրության բացման արարողությունը միավորեց մարդկանց բազմազան համայնքներից, այդ թվում մշակութային գործիչներ և արվեստագետներ, հայկական, գերմանական և միջազգային մշակութային հաստատությունների ներկայացուցիչներ՝ ստեղծելով փոխանակման և նոր համագործակցությունների միջավայր։

D21-ի հյուրընկալ սրահում CSN Lab-ի Երևանի ջրային ժառանգության մասին պատմող այս ցուցադրությունը կգործի մինչև մարտի 29-ը՝ ծրագրելով երկու հաստատությունների, քաղաքների և մշակութային համայնքների միջև համագործակցության և երկխոսության նոր հեռանկարներ։ 

Ցուցահանդեսն իրականացրել է Մշակութային և սոցիալական նարատիվների լաբորատորիան | CSN Lab-ը D21 Kunstraum-ի հետ համագործակցությամբ։ Նախագծի իրականացմանն աջակցել են Հայնրիխ Բյոլ հիմնադրամը (Երևանյան գրասենյակ), Հայաստանում Կանադայի դեսպանատունը (CFLI ծրագիր), «Trust for Mutual Understanding» հիմնադրամը, Գյոթե ինստիտուտ Հայաստանը և Հայաստանում կանանց հիմնադրամը։ Ցուցադրությանը օժանդակել են նաև Երևանի պատմության թանգարանը, Հայաստանի ազգային արխիվը և ՀինԵրևան թվային արխիվը։