Հայաստանում ստեղծված նոր իրականությունն ու մարտահրավերները հասցեագրելու նպատակով՝ «Մշակութային եւ սոցիալական նարատիվների լաբորատորիա»-ն օրերս իրականացրեց «Եկ խոսինք» մշակութային երկխոսությունը։ Միջոցառման մասնակիցները Հայաստանում գործող եւ Արցախից բռնի տեղահանված արվեստագետները, մշակութային գործիչները, հետազոտողները եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն էին։ Բաց քննարկումների, վերլուծությունների եւ խմբային աշխատանքների միջոցով նրանք հնարավորություն ունեցան բարձրաձայնելու այն խնդիրներն ու կարծրատիպերը, որոնց շարունակաբար բախվում են, եւ վերլուծել, թե ո՞րն է մշակույթի դերը դրանց լուծման ճանապարհին։
Ողջույնի խոսքով հանդես գալիս՝ CSN Lab-ի անդամները, ընդգծեցին, որ հաշվի առնելով վերջին տարիների ողբերգական իրադարձությունների հետևանքով ի հայտ եկած բազմաթիվ մշակութային ու սոցիալական խնդիրնեը, հարկավոր է ստեղծել երկխոսության հարթակներ, ինքնարտահայտմանն ու միմյանց լսելուն ուղղված ապահով միջավայրեր։ Թիմի անդամները կարևորեցին իրար հասկանալու, հանրության ներսում առկա կոնֆլիկտները հարթելու, ինչպես նաև համերաշխ և ամուր հասարակություն ունենալու անհրաժեշտությունը։
Միջոցառման ներկաներից ձեւավորված խմբերի կողմից բարձրաձայնված հարցերի ու բաց քննարկումների արդյունքում պարզ դարձավ, որ բարձրաձայնված բոլոր խնդրներն իրենց հիմքում ունեն տնտեսական, սոցիալական, քաղաքական, բայց հիմնականում՝ մշակութային բնույթ եւ պատճառահետեւանքային կապեր. հասարակության լայն շրջանակներում տարածված կարծրատիպերը, ձեւավորվում եւ տարածվում են հենց մշակութային հոսանքների եւ մեդիայի միջոցով, ինչն ի վերջո հանգեցնում է համայնքների օտարմանն ու հանրության բեւեռացմանը։
Արդի ինտեգրացիոն խոչընդոտները վեր հանելիս եւ վերլուծելիս շոշափվեցին ինքնության պահպանմանը, մշակութային ժառանգությանը, լեզվին, առօրեական պրակտիկաների տրանսֆորմացիաներին, հիշողության իրավունքին, կրթական եւ տեղեկատվական բացերին առնչվող հարցեր։
«Եկ խոսինք» մշակութային երկխոսությունն ամփոփվեց ազատ ու ապահով միջավայրում, ինքնաարտահայտման ու միմյանց ապրումակցող մթնոլորտում։ Մասնակիցներն ու միջոցառման նախաձեռնող թիմը կիսվեցին, թե ի՞նչ լուծումներ են տեսնում առկախված հարցերի ու խնդիրների բարձրաձայնման, լուծումների որոնման, և որ ամենակարևորն է՝ միմյանց հասկանալու, սփոփելու ու աջակցելու ուղղությամբ։
Իբրեւ մշակութային կազմակերպություն, որը երկար տարիներ տարատեսակ ծրագրեր է իրականացրել պատերազմների, հակամարտությունների, բռնի տեղահանությունների, միգրացիայի, մշակութային երկխոսության, մշակութային իրավունքների և այլ հարակից հարցերի շուրջ, «Մշակութային եւ սոցիալական նարատիվների լաբորատորիա»-ն մտադիր է շարունակել աշխատել այս ուղղություններով և նպաստել Հայաստանում և տարածաշրջանում ազատ, խաղաղ ու ժողովրդավար հանրույթների կայացմանը։
«Մշակութային եւ սոցիալական նարատիվների լաբորատորիա»-ի թիմը շնորհակալություն է հայտնում Երեւանում «Գյոթե կենտրոն»-ին՝ «Եկ խոսինք» մշակութային երկխոսությունը հյուրընկալելու համար։