Օրերս տեղի ունեցավ լուսինե թալալյանի «Հանգույցներ» ցուցադրության բացումը, որը հայացքն ուղղելով խորհրդային ժառանգությանը, ամփոփում էր փլված անցյալի հիշողությունը։
«Հանգույցներ» ցուցադրությունը իրականացվել է CSN Lab-ի «տեղ-տեղ» նախագծի շրջանակներում, որն ուղղված է արվեստի, մշակույթի եւ հետազոտական գործունեության ապակենտրոնացմանը, նպատակ ունի խթանել ոլորտի ներկայացուցիչների շարժունակությանը եւ հայաստանի մարզերում մշակութային նախագծերի իրականացմանը։
«Տեղ-տեղ» շարժունակության ծրագրին մասնակցելով արվեստագետ լուսինե թալալյանը ապրել է Տավուշի մարզում եւ ուսումնասիրել է Իջեւան քաղաքի գորգերի լքված գործարանը։ Խորհրդային միության շրջանում կառուցված, երբեմնի կենսունակ միջավայրից այժմ մնացել է միայն գործարանի խարխուլ շինությունը, ժանգապատ դազգահները, գորգերի էսքիզները եւ սակավաթիվ նմուշները, մաշափայլ թելերը եւ գորգերի գունավորման մասին խունացած գրությունները։ Այս ֆրագմենտային մասնիկների, գրությունների ու ձեռագրերի շարժումն արթնացնելով լուսինեն երկխոսում է անվերջ հանգույցներ եւ հյուսքեր անող կանանց հետ, ասեղնագործող մոր ու տատի հետ։ Ձեռագրերի հոսքի բազմակի կրկնություններով արվեստագետը հարաբերվում է անցյալին ու անցյալի մարդկանց, պատկերում է տեքստը եւ դրա ընթացքը։ լուսինեն ստեղծել է յուրօրինակ աշխատանքներ, որոնք մեկտեղելով գործարանի նախկին աշխատակիցների հետ զրույցները, անձնական հիշողությունները եւ պատումները, շոշափում են խորհրդային անցյալի հիշողությունը եւ ներկայում դրա առկախված, հաճախ բարդ ու անընթեռնելի ներկայությունը։
«տեղ-տեղ»-ն իրականացվում է Դանիական մշակութային ինստիտուտի (DCI) աջակցությամբ՝ «Նոր ժողովրդավարության հիմնադրամ» (NDF) նախագծի շրջանակներում։