Դադարներ տարածականությունում։
Քայլում ես փողոցով՝ ամեն քայլի հետ ետևում թողնելով շենքերը։ Զգո՞ւմ ես մարմինդ, հոսքդ ծառերի միջով՝ արմատացած, բայց թեթև:
Տես արտացոլանքդ խանութների ցուցափեղկերին, որսա ակնթարթը, երբ մարմինները փոխազդում են ու միաձուլվում ապակուն:
Լսո՞ւմ ես ոտնաձայները ջրափոսերում, ջրի կաթկթոցը՝ տանիքներից կառչած սառցալեզվակներից, որ հյուսվում է լուսացույցի ազդակների ռիթմին։
Լսո՞ւմ ես շատրվանի ձայնը. մատներդ հոսում են ջրում՝ զովացնող զգացողությունը տարածելով ամբողջ մաշկիդ: Մի քանի րոպե դադար տուր, խորը շնչիր ու խորհիր մարմնիդ մասին, ինչպե՞ս է այն պատկանում տարածությանը, ինչպես է այն հարաբերվում տարածության հետ և ինչպես է այն միահյուսվում տարածության յուրաքանչյուր մարմնին:
Տեսնո՞ւմ ես՝ ինչպես է մամուռը հոսում ետնաբակի մութ անկյուններով՝ վերաձևելով քաղաքի կոշտությունը դալար, կանաչավուն նրբությամբ: Մամուռը կրկնագրում է տարածությունը։
Քաղաքները զարգանում ու փոխակերպվում են՝ արտացոլելով հինը պահպանելու և նորի հետ եկող առաջընթացը լիովին ընդունելու փոփոխվող հավասարակշռությունը։ Փոփոխվում է աշխարհագրությունը։ Փոփոխվում է տարածականությունը։ Այս փոխակերպումները չեն առնչվում միայն քաղաքային պլանավորմանը, դրանք արտացոլում են այն ուժերը, որոնք վերահսկում են տարածքների, ռեսուրսների և իշխանության հասանելիությունը։ Սովորաբար, հետևելով հայրիշխանական ուղղուն, այս փոխակերպումները առաջնահերթություն են տալիս բարեկեցությանն ու բացառիկությանը՝ հաշվի չառնելով այն մարդկանց, որոնք այդ այլափոխվող տարածքը տուն են համարում։ Այս գործընթացները որևէ կերպ չեն կարող համարվել չեզոք կամ պատահական, դրանք արտացոլում են հասարակությունում առկա ուժային դինամիկան։ Սկսած ագրեսիվ ջենտրիֆիկացիայից, էկոլոգիական միջավայրի վատթարացումից, մինչև ջրային ռեսուրսների շահագործում, այս այլափոխությունները մարդկանց զրկում են տեղում ապրելու և տեղին պատկանելու իրենց իրավունքից։ Նման միտումները, սակայն, չեն սահմանափակվում ու ավարտվում միայն մեկ բնակավայրով, մեկ քաղաքով կամ էլ մեկ երկրով, սա համընդհանուր երևույթ է, որն անվերջ զուգահեռվում է աճող ուրբանիզացիային, քաղաքների շարունակական ընդարձակմանն ու ընդլայնմանը։ Այսպիսով, քաղաքային պլանավորման գործում անհրաժեշտ է դառնում որդեգրել համընդգրկուն և քննադատական մոտեցում, որն առաջնահերթություն է տալիս ներառականությանն ու կայունությանը։
Մեր քաղաքները հայրիշխանությունն են՝ գրի առնված քարին, աղյուսին, ապակուն ու բետոնին։
- Ջեյն Դարկ
Ի՞նչ կնշանակի ապրել մի քաղաքում, որը կարտացոլի այս ներառականությունն ու փոխկապակցվածությունը․ քաղաք, որտեղ ինքնությունը, շարժումներն ու մարմիններն ապրում են որպես ամբողջականություն և ոչ թե առանձին, կամ առարկայացված։
Հենց այստեղ են խաչմերուկվում ֆեմինիստական ուրբանիզմը և հիդրոֆեմինիզմը ու միասին հակադրվում ավանդական քաղաքային պլանավորմանը և բնապահպանական մոտեցումներին՝ ուսումնասիրելով տարածականության, գենդերի, շարժունության և կայունության փոխհատումները։ Այս հայեցակարգերը բացահայտում են, թե ինչպես են իշխանության և անհավասարության համակարգերը ձևավորում քաղաքային տարածությունն ու բնական միջավայրը՝ հատկապես ջրային մարմինները։ Միջավայրին ուղված այս հայացքը խրախուսում է հարցադրել՝ թե ո՞վ իսկապես ունի հասանելիություն քաղաքին, ում շահերն են գերիշխում քաղաքային պլանավորման գործընթացներում և թե ինչպես է շրջակա միջավայրի շահագործումն արտացոլում սոցիալական աստիճանակարգումը: Այս դիտանկյունները աջակցում են պատկերացնել և պահանջել առավել ներառական ու արդար քաղաքային տարածություն և բնապահպանական հոգատարություն՝ ճանաչելով բոլոր մարմինների, տարածքների և էկոհամակարգերի փոխկապակցվածությունը և պայքարելով կառավարման այն կառուցակարգերի դեմ, որոնք բացասաբար են ազդում ինչպես ուրբան տարածքների վրա, այնպես էլ ջրային մարմինների։
Ֆեմինիստական ուրբանիզմն հարցադրում է անհավասար և բացառող քաղաքային տարածություն ձևավորող համակարգերը։ Այն պահանջում է քաղաք, որը լսում է իր բնակիչներին, ապահովում է անվտանգությունն ու հասանելիությունը բոլորի համար անխտիր։ Հիդրոֆեմինիզմը, իր հերթին, հիմնվելով ֆեմինիստական տեսությունների վրա, ուսումնասիրում է, թե ինչպես են ջրային մարմինները, ինչպես և մարդկային մարմինները, փոխկապակցված իշխանության, գենդերի և սոցիալական կառուցվածքների հետ։ Այն ջուրը դիտարկում է ոչ միայն որպես ռեսուրս, այլև կայունության և արդարության համար մղվող պայքարում դիմադրության և ճկունության խորհրդանիշ։ Այս հիմնահարցերը խթանում են նաև քաղաքային միջավայրում ջրի դերի վերաիմաստավորումը՝ կիրառելով «ջրային հայացքը» (aqueous lens)՝ որպես երևակայման գործիք, որը կդառնա հույսի ու վերափոխման ձգտման շարժիչ ուժ։
Մենք նույնպես ջրային մարմիններ ենք՝ թափանցիկ, փոխկապակցված ու ներհյուսված շրջակա պատումներին ու էկոհամակարգերին։
Մարմինը հիդրոֆեմինիզմում ունի լայն ու ճկուն ընկալում, որ հաճախ զուգահեռում է կնոջ մարմինը և ջրային մարմինները. երկուսն էլ սնուցող, բայց հաճախ հպատակեցված և ենթարկված բռնության։ Կառավարման և զրկման այս գործընթացում ջրային մարմիններն ու կանանց մարմինները դարձել են շահագործման վայրեր։ Ջրի հունը փոխում են, մասնավորեցնում և խլում իր բնական հոսքից, ինչպես և մարմինները՝ ենթարկեցնում բռնության, հարկադրում փոփոխման, և զրկում ինքնավարությունից։ Ջրային մարմինները կառավարող մեխանիզմները հաճախ արտացոլում են այն համակարգերը, որոնք ձգտում են գերիշխել և փորձում են ճնշել նաև մարդկային մարմիններին։ Այսպիսով անհրաժեշտ է դառնում հիշել և հիշեցնել, որ ջուրը միայն հեղեղող ուժ չէ․ այն սնուցում է, կյանք տալիս՝ իր մեջ կրելով բուժելու, խնամելու, կարեկցանք ու համերաշխություն մարմնավորելու կարողություն։ Այն մեզ հիշեցնում է համակեցության, փոխըմբռման և փոխադարձ հոգատարության մասին։
Միջավայրի վերաիմաստավորման այս հոսքում կարևոր բաղադրիչ է հանդիսանում քաղաքը՝ որպես հոգ-ա-տարածություն դիտարկելու փորձը․ այս գաղափարը ավելի խորը ըմբռնելու համար այն կարելի է շրջանակել Թրոնտոյի և Ֆիշերի կողմից ներկայացված հոգատարության չորս փուլերով՝ հոգալ (caring about), հոգ տանել (caring for), հոգածել (care giving) և հոգածություն ընդունել (care receiving)։ Այս փուլերը կարող են աջակցել խորհել այն հարցի շուրջ, թե ինչպես կարող են քաղաքային տարածքները զարգանալ արդարության, հավասարության և կայունության հենքով։ Հոգատարության այս սկզբունքներն առաջնորդվում են ուշադրության, պատասխանատվության, ունակության և արձագանքելու արժեքներով, որոնք կոչ են անում մեզ նախագծել սնուցող քաղաքներ, որոնք խնամք են տածում իրենց ներսում գտնվող բոլոր մարմինների նկատմամբ, քաղաք, որտեղ հոգատարությունը հանդիսանում է քաղաքի գործունեության անբաժանելի մասը։
Քաղաքները չեզոք չեն, դրանք գոյացել են պաշտոնական պատմություններից, դրանց փողոցներն ուրվագծվել են անհավասարությունների ներքո, դրանք կառուցվել են որոշ մարդկանց համար, բայց ոչ բոլորի։ Այս անհավասարության օրինաչափությունը խախտելու համար պետք է ականջ դնել հաճախ բացառված մարմինների կարիքներին, ինչը մեզ բերում է հոգատարության առաջին փուլին. Հոգալ (caring about)՝ ճանաչել քաղաքային միջավայրում լուսանցքային մարմինների կարիքները։ Քաղաքը լի է կանանց մարմինների, հաշմանդամություն ունեցող մարմինների, քվիր մարմինների կարիքներով, բայց այդ կարիքները լռեցված ու անտեսված են։ Ֆեմինիստական ուրբանիզմը այս կոնտեքստում կոչ է անում ստեղծել քաղաք, որը պահանջում է հսկողությունից ազատ անվտանգություն, բոլոր ձևականություններից զերծ հասանելիություն ու ներառականություն։ Ֆեմինիստական քաղաքը գիտակցում է առկա անհավասարությունները, տարբերակում ազատ մարմինները և ստվերված մարմինները։
Սակայն, միայն գիտակցումը և կարիքների ճանաչումը բավարար չէ։ Հոգատարությունը պետք է անցնի գիտակցումից դեպի գործողություն, որն էլ մեզ բերում է երկրորդ փուլին՝ հոգ տանելուն (caring for)։ Ասել է թե ձևավորել այնպիսի քաղաք, որտեղ բոլորը, անկախ գենդերից, ինքնությունից կամ կարողունակությունից, կարող են ազատ շարժվել ու ապրել արժանապատվորեն։ Քաղաքի մասին հոգ տանելը նշանակում է նախագծել տարածքներ, որոնք կենտրոնացած են մարդու վրա, այլ ոչ թե նրան վերահսկելու: Դա նշանակում է վստահ լինել, որ փողոցները, տրանսպորտը և հանրային տարածքները ակտիվորեն հովանավորում են քաղաքի անվտանգությունը, հանգիստն ու հասանելիությունը: Այսուհանդերձ, խոսքը չի գնում վերից վար մոտեցման մասին։ Տարածությունը ձևավորվում է ոչ միայն քաղաքականությամբ և նախագծմամբ, այլ անընդմեջ գրվում է բնակիչների առօրյա շարժումներով: Առօրյա գործողությունները և դիմադրության փորձերը վերաձևում են քաղաքի տարածականությունը։ Այս երևույթն անվանելով «տարածական պրակտիկաներ»` ուրբան տեսաբան Միշել դը Սերտոն նշում է, որ մարդիկ իրենց քայլքով ամեն օր գրում են քաղաքը: Ֆեմինիստական քաղաքը ճանաչում և ընթերցում է այդ գիրը, ընդունում, որ քաղաքային տարածությունը քարացած չէ, այլ անընդհատ վերաիմաստավորվում և վերաձևավորվում է բնակիչների կողմից:
Հոգատարության համատեքստում, ջուրն ունի առանցքային կարևորություն, ոչ միայն որպես սնուցող ուժ, այլ նաև որպես հաճախ կառավարվող, առարկայեցված, և իշխանական համակարգերի կողմից ենթարկեցված երևույթ։ Այդպիսով, երբ անդրադառնում ենք խնամքին, պետք է մասնավորապես ուշադրություն դարձնել ջրային մարմիններին և դրանց խոցելիությանը։
Ջուրը չի ենթարկվում սահմաններին, այն հոսում է մակերեսով, միջով ու տակով, սահում առաջ՝ վերաձևավորելով իր մարմինը, շրջապատի մարմինների հետ միասին։ Ջրային մարմինները, ինչպես և քաղաքները, հարափոփոխ են։ Հիդրոֆեմինիզմն առաջարկում է կայուն և ներառական մի տեսլական, որը կոչ է անում դիտարկել ջուրը ոչ թե որպես ռեսուրս՝ պաշար, այլ որպես կյանքը սնուցող կարևոր ուժ: Թե ֆեմինիստական ուրբանիզմը և թե հիդրոֆեմինիզմը բացահայտում են տարածական արդարության և ջրային արդարության փոխկապակցվածությունը, ցույց տալով, թե ինչպես են մարմինները, քաղաքները և էկոհամակարգերը ձևավորվում ուժի, դիմադրության և փոփոխության միջոցով:
Ո՞ր մարմիններն են ծայրահեղ երաշտում՝ ջրառատ հողից իմ արտամղածի պատճառով։
- Աստրիդա Նեյմանիս
Ուսումնասիրելով այս փոխկապակցված համակարգերը՝ հասնում ենք խնամքի երրորդ փուլին՝ հոգածությանը՝ (care giving)՝ շոշափելի աշխատանքին, որն արտացոլվում է ջրի պահպանման և կենսունակության ապահովման գործողություններում: Այստեղ ջուրը չի ընկալվում որպես վերահսկման ենթակա ռեսուրս, այլ՝ որպես մարմին, որը պահպանում և հիշում է։ Հոգատարածությունն ակտիվորեն հոգ է տանում ջրային համակարգերի մասին՝ ապահովելով հավասար հասանելիություն և ջանում է ուղղել պատմական անարդարությունները, ջրային իրավունքների խախտումները, համայնքների տեղահանումները և ջրային աղբյուրների աղտոտումը: Սա ավելի լավ հասկանալու համար մենք կարող ենք դիտարկել գետերի ռեմատրիացիան՝ հայեցակարգ, որը արմատավորված է տեղային ֆեմինիստական սկզբունքներում և ներառում է էկոլոգիական և մշակութային հավասարակշռությունը վերաստեղծելու նպատակով գետերի վերականգնումն ու պաշտպանությունը: Ռեմատրիացիան խնամքի ակտ է, որը ձգտում է վերակառուցել մեր հարաբերությունները ջրի հետ: Այն հարց է տալիս. «Ո՞ր հիշողություններն ու պատմություններ են խորասուզվում ջրի տակ, երբ գետերը պատվում ու ծածկվում են, հուները փոփոխվում կամ գողացվում են: Սա մեզ տանում է ոչ միայն էկոլոգիական հավասարակշռության, այլև արդարության վերականգնման անհրաժեշտության գիտակցմանը։ Ջրին իր իրավացի տեղն ու հոսքը վերադարձնելը միայն էկոլոգիական կայունության մասին չէ. այն նաև ացնյալի շահագործման վերքերն ապաքինելու և համայնքների ծաղկման հնարավորությունը վերականգնելու գործողություն է։
Ռեմատրիացիայի այս գաղափարը ուղղակիորեն տանում է դեպի խնամքի վերջին փուլը՝ հոգածության ընդունմանը (care-receiving), որը վերաբերում է խնամքի արձագանքման կարողությանը՝ դիտարկելով, թե ինչպես են համայնքները ազդում և ազդվում այդ գործողություններից: Էկոլոգիական վնասների նկատմամբ առավել խոցելի համայնքները, օրինակ՝ մարդիկ, ովքեր աղտոտման կամ ջրային իրավունքների խախտման հետևանքով տեղահանվել են կամ ենթարկվել հարկադիր միգրացիայի, արձագանքում են հոգատարության ներդրված ջանքերին և դրանց միջոցով վերապրում են ապաքինման ու վերականգնման փորձառությունը։ Քաղաքն իր քաղաքականությունների և համատեղ գործողությունների միջոցով դառնում է մի տարածք, որտեղ հոգատարությունն ընդունվում է, և որտեղ շրջակա միջավայրի վերականգնումը անմիջականորեն բխում է այն մարդկանց կարիքներից, ովքեր երկար ժամանակ անտեսվել և ճնշվել են բնապահպանական անարդարության հետևանքով։ Այս համատեքստում հոգածություն ընդունելը նշանակում է քաղաքի արձագանքը ջրային համակարգերի ապաքինմանն ու վերականգնմանը՝ ակտիվորեն հոգ տանելով գետերի և այլ ջրային մարմինների մասին։ Սա միայն շրջակա միջավայրի կայունության մասին չէ, այլև այնպիսի տարածքների ստեղծման, որտեղ բոլոր մարմինները՝ մարդկային և ոչ մարդկային, կարող են ծաղկել։ Այս գործընթացի միջոցով քաղաքները կարող են շարժվել դեպի ավելի արդար, կայուն և կարեկից ապագա, որտեղ խնամքը փոխադարձ է և վերականգնող։
Քաղաքը պատկերացնել ֆեմինիստական և ջրային տեսանկյունից՝ նշանակում է մեղմացնել քաղաքի կոշտ ու կոպիտ եզրերը՝ կառուցել մտապահելով գալիք վերափոխումները, արժևորելով հոգատարությունը առավել, քան արտադրողականությունը, որը հաճախ հանգեցնում է շահագործման։ Դա նշանակում է հարցադրել՝ ո՞վ է որոշում, թե որ մարմինները պետք է տեսանելի լինել, կամ ում կարիքները պետք է առաջնահերթ լինեն: Ո՞ր ջրերն են ազատ ու անկաշկանդ հոսում, և ո՞վ ունի իրավունք քաղաքի նկատմամբ: Լեֆևրի «իրավունք քաղաքի նկատմամբ» կոչն այստեղ հնչում է ոչ միայն որպես հասանելիության կոչ, այլ որպես իրավունք քաղաքի կյանքի համատեղ վերաիմաստավորման ու փոխակերպման՝ կենտրոնանալով հոգատարության, կայունության և արդարության վրա: Խնամքի չորս փուլերը՝ ուշադրությունը, պատասխանատվությունը, կարողությունն ու արձագանքելիությունը, հենց հյուսված են այս հարցերի հիմքում՝ ուղղորդելով մեզ դեպի քաղաքային կյանքի մի տեսլական, որտեղ բոլոր մարմիններին տրվում է տարածություն և խնամք: Առանցքում ունենալով կանանց, միգրանտների, հաշմանդամություն ունեցող համայնքների և բոլոր այն մարդկանց, ովքեր հաճախ մղվում են եզրեր, հոգատարածության այս տեսլականը գիտակցում է, որ ջուրը հիշում է, դիմադրում և ձևավորում այն ապագան, որը դեռ պետք է կառուցվի։
Հոգատար քաղաքը պատեր շարելու փոխարեն վերականգնում է գետերը։ Ֆեմինիստական ուրբանիզմը հագեցած հիդրոֆեմինիզմի սկզբունքներով, առաջարկում է ոչ թե քննադատություն, այլ հրավիրում է վերաիմաստավորելու և ձևավորելու քաղաքի նոր տարածականությունը՝ փոխակերպվող, հոսող, ու կենդանի։ Հոգատարության այս չորս փուլերը ծառայում են որպես գործիք, որի միջոցով կարող ենք ըմբռնել ու գործադրել այս փոխակերպումները՝ հիշեցնելով, որ քաղաքը միայն տարածք չէ, որտեղ բնակվում ենք։ Քաղաքը տեղ է, որը ձևավորում ենք մենք՝ քայլ առ քայլ՝ հոգատարությամբ ու դիմադրությամբ։
CSN Lab-ի այս հոդվածաշարը նպատակ ունի հիշեցնել այն պահերի մասին, երբ քաղաքը ձևավորվել և փոխակերպվել է իր բնակիչների կողմից բողոքի ցույցերի, ինտերվենցիաների և դիմադրության գործողությունների միջոցով։ Այն կոչ է անում ավելի գիտակից կերպով ուսումնասիրել քաղաքը մեր առօրյա շարժումների միջոցով և ակտիվորեն վերաիմաստավորել այն ավելի հոգատար ապագայի համար։