մամուռ հ. 04

Երևանի քաղաքային միջավայրի մասին խորհելիս, քաղաքի զգայական լանդշաֆտը կառուցելիս, հաճախ համակեցության և կայունության պատկերների փոխարեն առաջ են գալիս քաղաքի փոշին, տապն ու ծարավը։ Հատկապես ամռան կիզիչ արևի տակ, որն ավելի ու ավելի այրող է դառնում կլիմայի փոփոխության հետևանքով, առավել սուր են ընդգծվում միջավայրի անտեսումը, շահութահեն ջենտրիֆիկացիայի նորմալիզացումը, բնական լանդշաֆտի և հատկապես ջրային գոտիների քայքայման գործընթացները։ Այս գոտիների մասնավորեցումը, օտարումը կամ ապրանքայնացումը արտացոլում են ոչ միայն քաղաքային պլանավորման ոչ կայուն գործընթացները, այլև մեր վերաբերմունքը ջրային մարմինների հանդեպ։ Բնական լանդշաֆտի այս օտարումը մակերես է բերում միջավայրի նկատմամբ մեր դիրքավորումը, դրա հետ մեր պրակտիկաներն ու փոխհարաբերությունը, հոգածությունն ու արհամարհանքը։

Շատրվանների ու ցայտաղբյուրների ցողով ստեղծվող ջրի թվացյալ առատությունից անդին կարելի է տեսնել ջրային մարմինների հետ մեր աղքատ փոխհարաբերությունը, որը տատանվում է ժամանցի և սպառման նեղ միջակայքում։ Քաղաքի բնական ջրային մարմինները՝ գետերն ու առվակները, անհետացել են մեր պատկերային ընկալումից, առօրյա կյանքից ու զգայական տիրույթից, թողնելով միայն ժամանցը սպասարկող և սպառման ենթակա ջրերը, որոնց դեպքում անգամ՝ առողջ և մաքուր ոչ բոլորին է հասանելի։ (Հետք, 2025)

Քաղաքի այս ծարավը, ջրի սակավությունն ու ոչ կայուն օգտագործումը, աղտոտումն ու անհամաչափ բաշխումը կարծես ջուրը վերածում են անարդարությունը խորացնող գործիքի։ Սակայն հիդրոֆեմինիստական տեսությունների հայացքից այս մարմինները կարևոր աղբյուրներ են, որոնք խնամքի հասցեատեր լինելուց բացի նաև խնամք են վերադարձնում, դառնում սնուցող հոսք և խնամքի փոխհարաբերություն, փոխադարձ հոգածության եզակի տարածք։ Դա այն փոխհարաբերությունն է, որը միավորում է բոլոր ջրային մարմիններին՝ ծովից մինչև սեղանին դրված բաժակը, հոսող գետից մինչև աղբյուրներն ու ամպերը, թեյամանից բարձրացող գոլորշուց մինչև մարմնին վերադարձող ջրի կումը․ ջուրը, որ հոսում է մեր մարմիններով, հասնում մինչև օվկիանոս և մեզ՝ նույնպիսի ջրային մարմիններից, դարձնում անվերջ շրջապտույտի մասնիկ։

 

Արդյո՞ք այս փոխհարաբերությունը մոռացության է մատնվել։

Մամուռ. ուրբան և հիդրոֆեմինիստական զինի չորրորդ համարը ցանկանում է վերհիշել այս կապը և հիշեցնել, որ ջուրը հոսում է ոչ միայն խողովակների ու ջրամբարների միջով, այլև մեր մարմինների միջով, մեր մարմինների միջև և մեր մարմիններից անդին։ Խորհելով Երևանի ջրային գոտիների շուրջ՝ այս համարը նպատակ ունի ոչ միայն վեր հանել տարածական պլանավորման արդի խնդիրներն ու մարտահրավերները, այլև ընդգծել ջրային մարմինների նկատմամբ հոգատարության եզակի դրսևորումները, միջավայրային անարդարության դեմ պայքարը՝ հանրահռչակելով նրանց, ովքեր շարունակում են ձայնել, երբ պատասխանատուները լռում են, զգուշացնել, երբ կառուցապատողները փորում են, և հիշեցնել, երբ քաղաքի չոր բետոնը մեզ ստիպում է մոռանալ այլընտրանքային տարածության հնարավորությունը։ 

Ինչպիսի՞ն կարող է լինել ջրի հետ մեր փոխհարաբերությունը:

Տեսնել դրա անսանձ ալեկոծումն ու անվերջ հոսքը, լսել մեդիտատիվ ձայնը, զգալ բերած զովությունն ու թարմությունը, երկխոսել ջրի հետ, սուզվել և սուզել հիշողությունները, հանձնել վերքերն ու անցանկալի երազները, վախերն ու տագնապները «անվերջ ջրին, որ կլանում է ամեն բան, դառնում տարածություն, որտեղ միախառնվում են բոլոր ժամանակները» (MacLeod, 2013)։ Փոխհարաբերման զգայական ու մարմնական այս պրակտիկաների առկայությունը ուղղակիորեն արտացոլում է մեր տարածության հիդրոպոետիկան, դրա ինտենսիվությունն և/կամ բացակայությունը։ 

Ջրային մարմինների հետ հարաբերման մեր առաջնային ու հիմնական արտահայտումներից է քաղաքային տարածքներում և բնակավայրերում ջրի դերը, որպես տարածության մեկնակետ ու սկզբնաղբյուր։ Երևանն, ինչպես աշխարհի բազմաթիվ բնակավայրեր, ձևավորվել է ջրային գոտիների շուրջ, սնուցվել ու կառուցվել է դրանցով։ Փոշոտ ու տապ, արևի ու վարդագույն քարի քաղաք Երևանում առվակները, ջրանցքներն ու գետերը ունեցել են կենսական նշանակություն։ Սակայն, երկու գետերի՝ Հրազդանի ու Գետառի միջև ձևավորված այս քաղաքում ջրային մարմինները այսօր ասես անհետացել են՝ դուրս մղվելով քաղաքային պատկերից ու առօրյա կյանքից։

Քաղաքի առօրյայից անհետացած այս գետերն առաջին հերթին, հաղորդակցման հոսքեր են՝ որ կապում են քաղաքներն ու գյուղերը, կիրճերն ու լեռները՝ միահյուսելով տարածքներն ու ժամանակները՝ միաժամանակ կրելով ուրույն խոցելիություն։ Անվերջ հոսքի, փոխադրելու և հեռանալու գետի էությունը դարձնում է այն տարածություն առանց տեղի, որին հնարավոր չէ ենթարկեցնել և որը կարծես պատրաստ է կլանել և մեզանից հեռացնել ցանկացած բան։ Եթե ծովերն ու օվկիանոսներն ի վերջո դուրս են մղում և ափ են նետում  իրենց խորքերում կուտակվածը, ապա գետն ընդունում և տանում է ամեն բան, առանց մերժման՝ դառնալով կատարյալ թաքստոց՝ տրավմաների ու հիշողության։ 

 

Այսօրինակ հոսուն տարածություններն ասես առավել դյուրին և խոցելի են դառնում թափոնման ու ջենտրիֆիկացիայի համար։ Հենց այս խոցելիությանն են կարծես տրվել Երևանի գետերը, դարձել ախտոտման ու անտեսման հոսքեր և օտարվել քաղաքի հյուսվածքից։ Դրանք ասես պատկանում են այլ տարածաժամանակային Երևանի և արտացոլում են քաղաքի բարդ անցյալն ու  դրա այլակերպումներն։

Խորհրդային և հետխորհրդային Երևանի շերտերը մտովի հեռացնելիս  կարելի է տեսնել քաղաք, որն առաջնային կերպով ձևավորվել է Հրազդան գետի հոսքով։ Խորհրդային քաղաքային պլանավորումը քաղաքի հոսուն այս առանցքը այլափոխելով, ներկայացրեց, նոր հիերարխիկ հորինվածք, որի կենտրոնում ոչ թե բնական լանդշաֆտն էր, այլ իշխանության ներկայացուցչական կառույցները։ Հետխորհրդային Երևանում քաղաքի կյանքից Հրազդանի կիրճի և գետի արտամղումը միայն ավելի կարծրացավ վեր բարձրացող բետոնե պատնեշներով ու չավարտվող շինարարությամբ, որ վերածել են գետը հոսող սահմանի, որի հետ մեր փոխհարաբերումը այն հատելն է, որպես խոչընդոտ քաղաքի տարբեր թաղամասերի միջև։ 

Ստվերում հայտնված այս տարածությունն անխուսափելիորեն վերածվել է նաև ախտոտման տարածքի։ Գետի երկայքնով հետզհետե ավելանում են հանրային սննդի և ժամանցի օբյեկտներ, որոնք անարգել թափվում են գետն ու ինտենսիվորեն աղտոտում այն կոյուղաջրերով։ Ըստ 2023թ․ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» հետազոտությունների՝ Երևան քաղաքից հետո գետի ջրի որակը զգալիորեն նվազում է՝ հասնելով մակերևութային ջրերի որակի գնահատման հնգամակարդակ սանդղակի ստորին ցուցանիշին, 4-րդ և 5-րդ դասին («անբավարար» և «վատ» որակ)։ 

Ախտոտման այս մակարդակի պայմաններում, նախատեսված է գետի միայն մեկ մաքրման կայան, որն իրականում կատարում է ընդհամենը մեխանիկական մաքրում՝ հեռացնելով խոշոր չափի աղբը, առանց ջրի խորքային մաքրման ապահովման։ 2022 թվականին միայն Երևանում կենտրոնացած  կեղտաջրերի շուրջ 94%-ը մաքրման որևէ գործընթաց չանցնելով՝ անմիջապես լցվել է ջրային միջավայր։  (Հետք, 2024) Գետում խորհուրդ չի տրվում լողալ, թեև եզակի մարդիկ շարունակում են իրենց ակտիվ փոխհարաբերությունը ջրի հետ, լողալ, մարզվել մերձակայքում, ձկնորսությամբ զբաղվել, ափամերձ բերքատու ծառերից օգտվել կամ պարզապես իրենց հանգիստն անցկացնել գետում։ 

Հրազդան գետի այս ճգնաժամային դրությունը, Երևան քաղաքում տարածական պլանավորման խնդիր լինելուց զատ, հատում է նաև Երևանի սահմանները։ Գետի հոսքը տանում է թափոններն ու վնասակար նյութերը դեպի Արարտյան դաշտ, դեպի մշակվող հողատարածքներ, բազմաթիվ կենդանիների կենսատարածքներ և խաթարում էկոհամակարգեր ու հանգեցնում բնապահպանական աղետների։ Ինչպես օրինակ 2019 թվականի բնապահպանական ճգնաժամը, երբ Արարատյան դաշտի մի քանի գյուղերում արագիլներին գտել էին յուղանման նյութերով ծածկված: Ըստ գիտնական Լյուբա Բալյանի, նմանատիպ աղտոտվածություն է նկատվել մի քանի գյուղերում, որը ազդել է տեղի արագիլների մինչև 70%-ի վրա: Երիտասարդ արագիլները, այդ թվում՝ ձագերը, թափառում էին փողոցներում՝ չկարողանալով պատշաճ կերպով սնվել։ Բալյանն ու նրա գործընկերները աղտոտվածությունը կապում էին Հրազդան գետում թափվող սննդի արդյունաբերության անպատշաճ կառավարվող թափոնների հետ։ Դրանք, իրենց հերթին, վնասում էին արագիլներին, որոնց համար գետը կենսական տարածք էր սննդի հայթայթման համար։ (Econews.am, 2019) Բացի այդ, բնակիչները բազմիցս ահազանգել են գետի մակերեսին հայտնվող մեծ քանակությամբ անկենդան ձկների մասին։  (Ecolur, 2019)

Էկոլոգիական մարտահրավերներից զատ, Հրազդան գետը և Հրազդանի կիրճը նաև ենթարվում են դեգրադացիայի, որպես մշակութային և սոցիալական տարածություն քաղաքի և քաղաքացիների համար։  Հրազդանի կիրճը հանրային պատկերացումներում երբեմն ընկալվում է իբրև ստվերային և վտանգավոր տարածություն, որտեղ լինելն ու որի հետ փոխհարաբերվելը բախվում է բազմաթիվ ֆիզիկական և զգայական խոչընդոտների։ Այս առնչությամբ հատկանշական են  «Ուրբանիստա» մեդիա նախաձեռնության ջանքերը, ուղված վերապատկերացնելու Հրազդանի կիրճը, որպես Երևան քաղաքի կանաչ զարկերակ, ակտիվ ռեկրեացիոն գոտի և հանրային տարածք։  (Ուրբանիստա, 2019)

Մինչ Հրազդան գետը շարունակում է իր հոսքը դիմադրելով ջենտրիֆիկացիային և դեգրադացիային, Գետառը գրեթե ամբողջովին կորցրել է դիմադրելու և նույնիսկ գետ համարվելու հնարավորությունը, բախվելով տարածական պլանավորման այն մտածողությանը, որտեղ առվակներն ու ջրային ցանցերը, իբրև անսանձ հոսքեր, չենթարկեցվող և չկառավարվող մարմիններ պարզապես հեռացվել են ու մերժվել քաղաքի կողմից։ (Ամիրյան, 2023) 

Գետառի «վնասակար» և «անօգուտ» լինելու մասին խորհրդային շրջանում ձևավորված խոսույթը ի վերջո հանգեցրեց նախ գետի պատնեշմանը, իսկ հետխորհրդային քաղաքում՝ դրա փակմանը։ Տասնամյակներ անց, շահարկելով վարարման վտանգը, 2008 թ․ Գետառը անցավ գետնի տակ՝ դառնալով «դյուրին» լուծում՝ շրջանցելու գետի առողջացման և խնամքի խնդիրը։ Երևանի բնակիչներից շատերը անգամ չգիտեն, որ բետոնի ու ասֆալտի շերտերից այն կողմ քաղաքի կենտրոնում դեռ հոսում է Գետառը։ Այն խնամք է ստանում միայն հատուկենտ թաղամասերում պահպանվող բաց ափերին ապրող մարդկանցից, որոնց հիշողություններում գետը մնում է թերևս ազատ։ 

Գետի պահպանմանն ուղղված համայնքային ջանքերից զատ, տարիներ շարունակ հնչել են նաև բնապահպանների և ուրբանիստների մտահոգություններն ու բողոքները։ Բնապահպան Կարինե Դանիելյանը երկար տարիներ իր գործունեությամբ պայքարել է Գետառի պաշտպանության համար՝ անընդհատ նախազգուշացնելով գետի ծածկման հետևանքների մասին և հիշեցնելով նրա կարևորությունը, կենսունակությունն ու էկոլոգիական դերը։ Նրա ուղերձը հստակ էր․ Երևանը չի կարող գոյատևել առանց Գետառի, իսկ գետի փակումը անխուսափելիորեն բերելու էր հեղեղումների և էկոլոգիական աղետի, որն արդեն իսկ արտահայտվում է Երևանի փողոցներում պարբերաբար կրկնվող հեղեղներով. «…հիմա, երբ անձրևներ են գալիս, Գետառի կողքից գետ է հոսում: Ջուրն իր օրինական տեղը փնտրում է ու չի գտնում»: (Դանիելյան, 2018)

Էկոլոգիական խնդիրներից զատ, ինչպես և Հրազդանի դեպքում, Գետառից ասես խլել են իր մշակութային և սոցիալական նշանակությունը, որի վերականգնման եզակի փորձ է «Գետառ․ գետի հիշողությունը» (2023) միջգիտակարգային հետազոտությունը։ Նախագիծը գետի փակման հիմնահարցին անդրադառնում է հիշողության, շրջակա միջավայրային ուսումնասիրությունների, ճարտարապետության և ուրբանիզմի, գրականության և մարդաբանության դիտանկյուններից։ Համայնքային հիշողության և բանավոր պատմությունների միջոցով այն ճեղքում է իշխանական խոսույթը, որը համառորեն մերժում է Գետառի գետ լինելը։ 

Գետառի վերադարձի և դրա վերաիմաստավորման անհրաժեշտության մեկ այլ կոչ էր 2024 թ․ իրականացված «Բացե՛լ Գետառ գետը» բնապահպանական փերֆորմանս-ակցիան, նախաձեռնված վիզուալ արվեստագետ Աննա-Լեա Կոպերիի և «Ալտերնատիվ երիտասարդական կենտրոն»-ի կողմից։ Փերֆորմասնի մասնակիցները հետևեցին Գետառի տեսանելի և թաքնված հոսքին՝ մի ակնթարթ դուրս բերելով գետը և վերածելով այն էկոլոգիական  իրազեկվածության և կոլեկտիվ պատասխանատվության համատեղ տարածության։  (Քաղաքացու ձայն, 2024)

                                                                                                               

Բնական լանդշաֆտի այլակերպված այս տարածությունում օրհասական է դառնում վերաիմաստավորել ջրային մարմինները, ազատել դրանք գաղութային անցյալի ռացիոնալիստական խոսույթից և արդի սպառողական հայացքից։ Մերժելով ջուրը պարզապես «ռեսուրս» դիտարկելու խոսույթը, կարևոր է դառնում բացահայտել ջրային մարմինների շերտավորված էությունները։ Ֆեմինիստական տեսությունները միջավայրի նկատմամբ փոխադարձ խնամքի վերականգնումը  սահմանում են «ռեմատրիացիայի» (rematriation)  հայեցակարգում: Այն կարծես հակադրվելով ռեպատրացիայի գաղափարին, ասել է թե վերադարձը դեպի հայրենիքը՝ իշխանության խոսույթներով ու սահմաններով պատնեշված լանդշաֆտը, բերում է բոլորովին այլ տրամաբանություն, որը հատում է լանդշաֆտը տրոհող, վարչական, պետական և այլ «ան-բնական» սահմանները և հուշում որ բնական լանդշաֆտը և ջրային մարմինները անվերջ փոխկապակցված տարածություններ են, որոնք հնարավոր չէ տրոհել և ենթարկեցնել։ 

 

Ֆեմինիստական հոգատարության էթիկայի հայեցակարգում, այս փոխհարաբերությունը նույնպես կրում է հոգածություն ընդունելու տարրը՝ շրջապտույտի վերջին փուլը, պահպանում և սնուցում է բոլոր հարաբերությունները՝ հիշեցնելով մեզ, որ անհրաժեշտ է նաև ուշադրություն դարձնել, թե ինչպես են բոլոր ջրային մարմինները ընդունում խնամքը և փոխակերպվում։ (Tronto & Fisher, 1990)

Ռեմատրացիայի փիլիսոփայությունը շեշտադրում է փոխադարձ խնամքն ու խնամքի էթիկան՝ ընդգծելով պատասխանատվությունն ու փոխկապվածությունը ինչպես կենդանի, այնպես էլ ոչ կենդանի մարմինների հետ։ Ջրի համատեքստում ռեմատրացիան չի սահմանափակվում միայն գետերը մաքրելու կամ դրանք «բնությանը վերադարձնելու» գործառույթով․ այն ներառում է նաև մեր հարաբերության վերականգնումը ջրի հետ՝ «մտածել ջրի հետ», խնամել այն և գիտակցել, որ մենք խորապես կապակցված ենք այդ համակարգերին։ Սա փոխում է մեր առօրյա պրակտիկաները՝ համադրելով բնապահպանական, էկո-մշակութային և սոցիալական դիտանկյունները, ստեղծելով այնպիսի հենք, որտեղ խնամքը հոսում է և վերադառնում․ մարդիկ խնամում են գետերը, իսկ գետերը, իր հերթին, ձևավորում են մարդկանց կյանքի որակը՝ հաստատելով հոգածության շրջապտույտը։

Երևանի ռեմատրիացիան, քաղաքի ջրերի վերադարձի տեսիլը միայն էկոլոգիական վերականգնում չէ․ դա քաղաքի բնական լանդշաֆտի վերաիմաստավորումն է՝ որպես մշակութային և սոցիալական տարածք, որտեղ հիշողությունը, խնամքը և համայնքը հոսում են նույնքան ազատ, որքան ջուրը։ Վերադարձնել ջուրը Երևանին կնշանակի վերադարձնել քաղաքին դիմադրելու հնարավորություն։ Վերադարձնել ջուրը Երևանին կնշանակի վերադաձնել հենց Երևանը՝ ազատելով այն գաղութային անցյալի կաղապարներից, որոնք ձևավորել և մինչ օրս շարունակում են ձևավորել մեր տարածությունը, մեր միջավայրն ու  մեր մարմինները։

Վերադարնձել ջուրը Երևանին կնշանակի վերադառնալ քաղաքին, որն այլևս ճնշված, լռեցված կամ ապրանքայնացված չէ, և վերմաիամստավորված է որպես արդարության, փոխադարձության հոգ-ա-տարածություն։

 

աղբյուրներ

Ավետիսյան, Ֆ., Սարկիսովա, Ա. (2025) Էրեբունցիները ծորակից ջուր չեն խմում. այն վատ հոտ, համ, հաճախ նաև տարօրինակ գույն ունի. Հետք. https://hetq.am/hy/article/176075 

Chen, C., MacLeod, J., & Neimanis, A. (2013). Thinking with Water. In McGill-Queen’s University Press eBooks. https://doi.org/10.1515/9780773589339

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն. (2023). Հրազդան գետի ջրում ամոնիում իոնի պարունակությունը ապրիլին. https://armmonitoring.am/post/988

Գրիգորյան, Ռ., (2024) Ո՞վ է զբաղվում «Աերացիա» մաքրման նորակառույց կայանի շահագործմամբ․ արդյունքներ առայժմ չկան. Հետք. https://hetq.am/hy/article/165813 

Econews.am. (2019) 100-ավոր արագիլներ դատապարտված են անկման Հրազդան գետ լցված նյութերի պատճառով (ֆոտո). https://econews.am/?p=10937&l=am

ԷկոԼուր (2019) Սատկած ձկներ Հրազդան գետում, տեսուչները պարզում են ձկների անկման պատճառները. Ecolur.am   https://www.ecolur.org/hy/news/sos/11063/

Մալումյան, Ա., Խաչատրյան, Ա. (2019) ՀՐԱԶԴԱՆԻ ԿԻՐՃԸ՝ ՆՈՐ ՀԱՆՐԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ԵՐԵՒԱՆՈՒՄ. Ուրբանիստա. https://urbanista.am/hrazdan-gorge 

Հարությունյան, Տ. Դանիելյան, Կ. (2018) Երևանը պատրաստ չէ դիմակայել անձրևներին». Կարինե Դանիելյան. Aravot.am.  https://www.aravot.am/2018/11/12/992785 

Ամիրյան, Տ. Գալստյան, Հ. (2023) Գետառ. գետի հիշողություն. CSN Lab. Երևան https://csnlab.net/am/article/getar_book

Քաղաքացու Ձայն Մեդիա (2024) «Բացե՛լ Գետառ գետը».Քայլող ակցիա բնապահպանական արվեստագետ Աննա-Լեա Կոպպեռիի հետ. https://cvmedia.am/page2-4574--88

Tronto, J. C., & Fisher, B. (1990). Toward a feminist theory of caring. In Circles of care (pp. 36-54). Suny Press.