«Որտե՞ղ է քո իրական մարմինը» հարցադրմամբ Սեպտեմբերի 29-ին, Փոքր Թատրոնում տեղի ունեցավ CSN Lab-ի հիշողության ուսումնասիրությունների շարքի նոր՝ «Մարմնի հիշողությունը» գրքի շնորհանդեսը։
«Մարմնի հիշողությունը. հետազոտելով մարմնի ներկայացվածությունը ժամանակակից հայկական մշակույթում և արվեստում» աշխատությունն ուսումնասիրում է ժամանակակից վիզուալ և պերֆորմատիվ արվեստում մարմնի ներկայացվածությունը։ Ուսումնասիրելով մարմնի արտացոլումը մշակույթում և արվեստում, այս նախագիծը ստեղծում է անցյալի սոցիալական և քաղաքական համատեքստում մարմնի իմաստների բազմաշերտ խճանկարը, վերլուծում մարմնի շուրջ ակումուլացվող մշակութային հիշողությունը։
Գրքի շնորհանդեսը մեկնարկեց աշխատության գլխավոր խմբագիր Տիգրան Ամիրյանի ողջույնի խոսքով, որի շրջանակներում նա նախևառաջ հակիրճ ներկայացրեց «Մշակութային և սոցիալական նարատիվների լաբորատորիայի» գործունեությունը, վերջին տարիներին ստեղծված հիշողության ուսումնասիրությունները։ Այնուհետև Տիգրան Ամիրյանն անդրադարձավ նախագծի ստեղծման մտահաղացմանը, հետազոտական աշխատության մեթոդաբանությանը, ժամանակագրությանը և տեսական հիմքերին։ Հաջորդիվ ելույթ ունեցավ «Մարմնի հիշողությունը» հետազոտական աշխատության իրականացմանն աջակցած PINK իրավապաշտպանական կազմակերպության ներկայացուցիչ Հռիփսիմե Կիզոգյանը, ով խոսեց CSN Lab-ի և PINK-ի հաջող համագործակցությունների մասին՝ մասնավորապես հիշատակելով երկու տարի առաջ իրականացված «Քվիր հիշողությունը Հայաստանում» նախագիծը։ Կիզոգյանը նաև ընդգծեց այսօրինակ հետազոտությունների կարևորությունը մարգինալացված համայնքների և խմբերի ձայները հանրային խոսույթում լսելի դարձնելու դժվարին գործում։
Շնորհանդեսի ներածական մասին հաջորդեց գրքի հեղինակներ Արսեն Աբրահամյանի և Մարիամ Եղիազարյանի ներկայացումը, որի շրջանակներում նրանք համառոտ կերպով անդրադարձան հետազոտության կառուցվածքին և բովանդակային շրջադարձերին։ Հեղինակներն անդրադարձան աշխատության մի շարք առանցքային հիմնահարցերին, ինչպիսիք են՝ մարմնի բազմակիությունն իբրև տարբեր շրջադարձային իրադարձությունների, ինքնությունների, հատկանիշների և նշանագիտական համակարգերի կրող, մարմնի շուրջ Խորհրդային միության քաղաքականությունը, խորհրդային շրջանում ալտերնատիվ մշակույթի և արվեստի դերը։ Անցում կատարելով հետխորհրդային շրջանին նրանք անդրադարձան Խորհրդային անցյալի վերաիմաստավորմանը, արվեստի և մշակույթի միջոցով գենդերային և ֆեմինիստական հիմնահարցերի բարձրաձայնմանը, մարմնի ապագաղութացմանը և ապառազմականացմանը, մերկությանը և ազատականացմանը։
Ամփոփելով «Մարմնի հիշողությունը» գրքի շնորհանդեսը Տիգրան Ամիրյանն ընդգծեց հիշողության ուսումնասիրությունների ապակենտրոնացման անհրաժեշտությունը, մասնավորապես՝ մշակութային հիշողության վեր հանումն ու դրա միջոցով առավել թափանցիկ մասնագիտական և հանրային խոսույթ ձևավորելու կարևորությունը։
Շնորհանդեսի ավարտին ներկաները հնարավորություն ունեցան ձեռք բերել «Մարմնի հիշողությունը» գիրքը, ինչպես նաև իրենց հարցերն ուղղեցին գլխավոր խմբագրին և հեղինակներին։
«Մարմնի հիշողությունը. հետազոտելով մարմնի ներկայացվածությունը ժամանակակից հայկական մշակույթում և արվեստում» աշխատությունը կարելի է գտնել CSN Lab-ում և գործընկեր կազմակերպություններում։ Գիրքը շուտով հասանելի կլինի CSN Lab-ի կայքում և տարբեր մշակութային հաստատությունների գրադարաններում։
«Մարմնի հիշողությունը. հետազոտելով մարմնի ներկայացվածությունը հայկական մշակույթում և արվեստում» նախագիծն իրականացվել է «Մշակութային և սոցիալական նարատիվների լաբորատորիա»-ի (CSN Lab) կողմից՝ «Փինք» իրավապաշտպան ՀԿ-ի և Շվեդիայի ֆինանսական աջակցությամբ։