Չ-կոնֆերանս

«Դանիական մշակութային ինստիտուտի» (DCI) նախաձեռնությամբ, նոյեմբերին, Թբիլիսիում տեղի ունեցավ «Կերտելով ապագաներ. մշակույթների երկխոսություն հանուն ապագաղութացման եւ ժողովրդավարության» չ-կոնֆերանսը։ Միջոցառումը  կազմակերպվել էր DCI-ի եւ արեւելյան գործընկերության երկրների մշակութային կազմակերպությունների համագործակցության արդյունքում, «Նոր ժողովրդավարության հիմնադրամ» ծրագրի շրջանակներում։ Մշակույթի եւ ապագաղութացման հիմնահարցերին նվիրված կոնֆերանսին մասնակցում էր նաեւ «Մշակութային եւ սոցիալական նարատիվների լաբորատորիա»-ի թիմը եւ Հայաստանից հրավիրված մյուս փորձագետները։ Կոնֆերանսի նպատակն էր ստեղծել ապագաղութացման թեմայի շուրջ քննարկումների եւ փորձի փոխանակման հարթակ, որտեղ տարբեր երկրներից ժամանած արվեստագետները, մշակութային գործիչները եւ հետազոտողները կարող էին ներկայացնել իրենց երկրների համատեքստում կոլոնիալիզմին եւ նեոկոլոնիալիզմին առնչվող խնդիրներն ու մարտահրավերները եւ դրանք հասցեագրելու իրենց փորձառությունը։ Ընդհանուր բարդ անցյալի, ինչպես նաեւ գաղութացման արդի խնդիրների համատեքստում հասարակությունների եւ պետությունների առաջ ելնող մարտահրավերները քննարկելով, դրանց նմանությունները եւ տարբերությունները ընդգծելով, միջոցառման մասնակիցները փոխանակվեցին ապագաղութացման եւ նեոկոլոնիալիզմի դեմ պայքարի իրենց մոտեցումներով, մեթոդներով եւ գործիքներով։

Չ-կոնֆերանսի շրջանակներում, քննարկումների, մտագրոհների  եւ թիմային աշխատանքների միջոցով, տարաբնույթ մեթոդների կիրառմամբ մասնակիցները ուսումնասիրում եւ վերլուծում էին այնպիսի թեմաներ, ինչպիսիք են (ապա)գաղութային նարատիվները եւ դրանց տարածումը, (ապա)գաղութացումը եւ գենդերը, շրջակա միջավայրի (ապա)գաղութացումը, մշակութային ժառանգությունը, լեզուն եւ հիշողությունը եւ (ապա)գաղութացման, ինչպես նաեւ (ապա)գաղութացման համատեքստում տարածաշրջանի երկրների աշխարհաքաղաքական հարաբերությունները եւ դիրքավորումը։ Քննարկումներին հաջորդում էին ձեւակերպված խնդիրների հայեցակարգային լուծումների մշակումներ, նախագծերի պատրաստում եւ ներկայացում։

«Կերտելով ապագաներ. մշակույթների երկխոսություն հանուն ապագաղութացման եւ ժողովրդավարության» չ-կոնֆերանսը ոչ միայն հնարավորություն էր արեւելյան գործընկերության երկրների համար կիսվել թեմայի շուրջ իրենց գիտելիքներով եւ փորձառությամբ, այլ նաեւ արվեստագետների, մշակութային գործիչների եւ հետազոտողների համար հարթակ էր նոր կապեր եւ ապագա համագործակցություններ ստեղծելու, որոնք կնպաստեն տարածաշրջանի երկրների մշակութային երկխոսությանը, ապագաղութացմանը եւ ժողովրդավարությանը։