Կենոտաֆ

Երկրորդ համաշխարհային պատերազմի շուրջ Հայաստանյան խոսույթը հաճախ ձևավորվում է Խորհրդային Միությունից ժառանգված եւ հետխորհրդային տարիներին շերտավորված հերոսականության պաթոսով։  Հաղթանակի շուրջ կառուցված կուռ խոսույթները մերժում են պատերազմն ու դրա հետեւանքները նորովի վերլուծելու փորձերը, եւ հետխորհրդային հանրությունները զրկվում են սեփական անցյալն ու փորձառությունը ռեֆլեքսիայի ենթարկելու, հասկանալու հնարավորությունից։

Ժամանակակից գրող Արամ Պաչյանի «Կենոտաֆներ» էսսեն պատերազմի ու հաղթանակի, բարոյականության ու պատմության, ինքնության ու հիշողության, գաղութատիրության ու առհասրաակ անցյալի շուրջ միատարր ու պարտադրված խոսույթի դեմ ընդվզման օրինակ է։ Իր աշխատությունում Արամը գրում է Շիրակի մարզի կենոտաֆների, խորհրդային եւ հետխորհրդային շրջանում դրանց շուրջ հյուսված լեգենդների, վախերի ու մարդկանց մասին, ովքեր մինչեւ օրս կրում են երկրորդ համաշխարհային պատերազմի ռազմագերիների հետ համակեցության ու կենոտաֆների կառուցման ոդիսականի հիշողությունը։ 

 

 

Արամ Պաչյան

Կենոտաֆ 

պառկել, քնել էի: 

արև կար: 

խոտը ցողոտ չէր: 

հողն ու արև կլանել էին ցողը: 

տեղը մի մարդ ցույց տվեց: տունը կենոտաֆի հարևանությամբ էր` անմիջապես կիսաքանդ պարսպի կռնակին: երբ հարցրի՝ գիտեր: աչքերով շան խալոտ քիթը ցույց տվեց: հավատալու էր՝ երկու պուտիկով խալոտ քիթ էր: քթով վեր ելավ՝ «տիյաա, սիգ է»: չհարցրեց՝ ուղեկցի, թե՝ ինքս: արդեն որոշել էր: նայում էր՝ չսայթաքեմ-մեռնեմ: հաղթահարեցի զառիվերը, անցա թափված քարերով պարսպի արմատը: դիմացս եռազույգ տասնութ խաչերով տափարակ բացվեց: երկաթե, սև խաչեր էին. խաչ-անանուններ՝ «ծո, խաչերի տակ նեմեծ կա որ գուզես տեսնիս խաչերի տակ դարդագ է ըսիգ սինվոլիկ բանըմ է»: բուդկի մարդը ասեց՝ «ըդպես բան կէղնի, կելնիգ, կուգաք գերեզմնոց մեռելին տեսակծելու՝ մեռելը չկա»: ամեն ինչ անհետաքրքիր էր՝ փոսերով, անմայթ փողոցը, երկու պուտիկով հավատալու շան քիթը, խմորված բուդկեն, բուդկի մարդը, տափարակին փռված կենոտաֆը, խաչերկաթների պարզունակ տնազները ու կարծեցյալ մարմինների կարծեցյալ բացակայությունը խաչերի ներքո: 

լուռ էր սլաբոդկայում: 

արև տաք էր: 

մի քիչ քնեցիր: 

երազում ռազմագերիներ չտեսար: 

գիշերը անկողնում ռազմագերիներ տեսնող երազ չհորինեցիր: ի՞նչ իմաստ ունի երևակայել պատերազմը, պատկերը ռազմագերու, երբ հիշողության մարմինը գտնված չէ, դեռ տրված չէ նրա ծնունդը: երազը կա՝ խաչերն են ու քանի որ ուրիշ փոխարինող չգտնվեց՝ երևակայությանը կփոխարինի սպանդի վերադարձը: ոչ մի կարծեցյալ բան. ամեն ինչ շատ էր

իրական՝ «գերեզմընոց – ինչքան սիրտդ ուզե»: էս անգամ բուդկի մարդը չէր, «սվերդլովի փողոց» պեչենին ժանգի մեջ թաթախած ցուցանակի մոտ ճոճվող ավետիկն էր: մարխոշ խմած էր: ես բան չասած՝ ինքն ասեց՝ «անունս ավետիկ է. բայց ամոտ չէղնի հարցնել ինչ կնկարես 

որ»: առանց հարցականի իմ արևին փրցրի՝ «սիգ սվեռդդոլվի փողոցն է»: «հըբը ինճ է. ըդոր բերանը քունեմ: ծո սլաբոդկեն էլ քեզպեսների մայլա է դառել. չիդես ինչ կընկարեք: ապ ջան, աշէ, բանըմ չկա ըդոր մեջ: էրկըթի կտորի վրա գրած է՝ գյոթվերան սը-վերդ-լո-վ: սվերդլովի փողոծ»: իրոք հեչ բան չկար ու պեչենին ժանգի մեջ թաթախած երկաթի վրա ուղղակի գրված էր էն ինչ ասեց. բացի գյոթվերանից: 

երբ ավետիկին էլի տեսա՝ 

բարևեցի. բարևս ջղայն առավ: 

կապտած բուլշաթով էր: 

մահվան մեջ հարմարված լողակ պռոշները չհասցրեց շարժել: հարցուփորձով՝ անպատկառ արագությամբ վրա տվի: զարմացավ: գիտեր խեղճ եմ: հետս խոսեց նրա համար, որ խեղճ չեմ: լեննականում երկրորդ աշխարհամարտից հետո գործարանների վրա բանող ռազմագերիների կարճ պատմությունը մեյդան հանեց: ինչ չգիտեր-գիտեր: ինչ մոռացել էր: իսկ պատմությունը անհետաքրքիր էր՝ փաստեր-արձանագրումներով կրկնված, արխիվ-հետազոտումներով հարստահարված, ողբերգությամբ՝ մեռցված. խելքից դուրս՝ բստրված, ստեղից-ընդեղից՝ թխված, սաղ՝ ստված-մտված, թացով-չորով՝ առասպելված: հա, ի՞նչ, նաև իմացված ու լսված էր անհետաքրքիրը ու պատմողի՝ փրփուրներից կախվելու հնարավորության կարեկցանքը գիրն էր շարժելու: դո՞ւ՝ պատմո՞ղդ: աֆերիստ ես: մահը շարունակել լավ գիտես – ոնց որ ամեն դարասկզբին, կեսին, վերջին մահը շարունակող քո ժողովրդի պատմությունը: 

ուրեմն՝ ավետիկը պատմում էր. 

հայրը տեսել էր գերմանացի ռազմագերիներին: 

համարյա ամեն օր տեսել էր: 

շարք կազմած քայլել են: 

գնացել են տեքստիլ շինարարական, ծանր աշխատանքների: գնացել են փողոցները սալելու: գնացել են բառնալ-թափելու: հաց են փնտրել: հացը գտել են: մարդիկ են իրենց հացի հալալ կեսը տվել: վախվորած են տվել: էնկան վախվորած, որ հածով զարգել են նեմեծի ճակտին: հարամ էղնի, կե՛ր. շուն ես – գել ես՝ մա՛րտ ես: ծո դե կե՛ր կըսեմ: գերիները երեխեքի համար մեշոկի թղթից սայլմալոտներ են սարկէ: գեշ մայմուններ: փետից մայմուններ: կուգլիգ էլի: էրևան կըսեք՝ կուկ-լա: էն ժամանակ կուգլիգ հարուստ մարդու երեխեքն ունեին: լեննականը կուգլիգների քաղաք էր դառէ: աղքըտի երեխեն կուրխնար, մուռտառ չայում գերու նվիրած կուգլիգը կլողցներ: գերիների անունը հիտլեր էր, ասում էին՝

աշե, նեմեծն եկավ: գերիների անունը գեբելս էր, ասում էին` աշե, նեմեծն եկավ: մեջները իտալացի էլ կար. լեհ, ռումին, լյուքսենբուրգցի, ասում էին` նեմեծն եկավ: գերի էին՝ ասում էին նեմեծն եկավ: մարդասպանին էլ ինչ երկրորդ անուն տաս: արդեն անուն ունի. անունը` մարդ է: հըբը: մեղք բան է, խաչի վրա մարդու անունը բռնես՝ «մարդ» գրես: մարդ սպանող զինվորը մէ տեղըմ թշնամու երեխեքին կվառե, մէ տեղըմ թշնամու երեխու համար կուգլիգ կսարքէ: շատերը տուն չհասան: 46-47 թվերին լեննական էլ մեռան: սոնց խառըխշտիկ թաղեցին: հետո հանեցին, ուրիշ տեղ թաղեցին: հետո չեղածը հանեցին` չեղածը թաղեցին: հետո հանեցին չեղածը` չեղածն էլ կորցրին: էլի գտան: վրագլուխ բերին՝ պլպլան ժամից քըչըմ հեռու հին ու նոր գերեզմըններին խառնած՝ հողեցին: սովետը քանդվավ: անկախությունից հետո նեմեծը ցանկապատի ու սև խաչի փողը տվեց: վերջը տուրիստի ու քեզի պես սայլուգների տեղ դառավ: ավետիկն ասեց՝ լսել եմ: լսել էր, թե որտեղ թաղված են նեմեծ ռազմագերիների ոսկորները՝ հենց նույն տեղում 1926-ին թաղել էին երկրաշարժից զոհված մարդկանց կտորները: դրանից առաջ՝ ռուս-թուրքական մարտերում ընկածներին: մարդիկ նույն տեղում թաղել էին 1988-ի երկրաշարժին զոհ գնացած իրենց հարազատներին: թաղել ու չէին գնացել: ապրում էին՝ կրակ էին վառում: ճաշ եփում: քնում էին երկար: գարնանը ու աշնանամուտին հանում էին հարազատների մասունքներն, տեղափոխում ուրիշ վայր: ով ում էր հանում՝ աստված գիդէ: քաղի լավ խոտ էր աճում: հորթերը հո չէին արձէ: երեխեքի համար ֆուտբոլի դաշտ էր. լցվում էին, խաղում` բարլուսին, մթանը: ջղայնացան, ասեցին՝ ամոտ է. մեռած մարդկանց օսկռների վրա գնդակ կտշեք: մոռֆինիստ, ալկաշ կուգային ղալմաղալ կէնէին, սիրաքստիկները` պագ-պռոշտի: մէ օրըմ շուն էին թաղէ. տախտակներով սպեսնա խաչ էին տնգէ. պոլի ներկով խաչի վրա գրել էին՝ «Ջէկո – նա մահածէլ է»: չիդեմ ինչ եղավ Ջէկոն՝ «որ մահածէլ էր»: ավետիքը հերսոտեց՝ բայց հերիկէ ջնջեց ամեն ինչ: ինչ պատմել էր սրբեց, ասեց, որ գերմանացի ռազմագերիների գերեզմանոցում ռազմագերիների գերեզմանոց չկա. խաչերի տակ փուչ է, սև խաչերն էլ փուչ են. ասեց՝ ներող աստված. խաչի քյալին կկըտըցնեմ դարդագ ձէնը կուգա: հող է: հողից բացի հեչ բան չկա: հողն էլ մարդ չէ: ոչ մեռել կա, ոչ ոսկոռ, ոչ անուն, ոչ այնոյին: ջէկոն էլ վայտէ հանաք էր: դու եկել նեմեծ կխաղցնես: լեննական քեզիպեսներին պդի սատկըցնէն: էրէխեկը ո՞ւր են: 

ինչ իսկական էր աշունը: 

արևը տաք էր: 

աչքերս բացել չէի ուզում: 

հիշում եմ - ավետիկն ասում էր՝ ռազմագերիների գերեզմանոցում քնած մարդ շատ է տեսել: Գյումրի, ամառ-աշուն, 2023 թ.

 

արամ

 

 

«Կենոտաֆ» էսսեն ստեղծվել է «տեղ-տեղ» շարժունակության նախագծի շրջանակներում, որն իրականացվել է «Մշակութային եւ սոցիալական նարատիվների լաբորատորիա»-ի կողմից՝ «Դանիական մշակութային ինստիտուտ»-ի «Նոր ժողովրդավարության հիմնադրամ» նախագծի շրջանակներում։