CSN Lab-ն իր գենդերային հանրահռչակման ծրագրի շրջանակում իրականացրեց «Այլ պատմություններ» փոքրածավալ նախագիծը, որը նվիրված էր այլընտրանքային կրթությանը, համայնքային կապերի ձևավորմանը և ԼԳԲՏՔ+ համայնքի իրավունքների, ներկայացվածության ու տեսանելիության շուրջ խոսույթի խթանմանը։ Ինչպես և գենդերային հանրահռչակման այլ նախագծերը, լաբորատորիայի այս ծրագիրը ևս դիտարկեց մշակույթը, արվեստը և գրականությունը որպես մարդու իրավունքների ամրապնդման, քննադատական մտածողության խթանման, Հայաստանում ու Հարավային Կովկասում առավել ներառական և բազմազան հանրային խոսույթ ձևավորելու կարևոր գործիքներ։
Նախագիծը ստեղծեց սեռի և սեռականության դիտանկյունից գրականության, մշակույթի, հիշողության և արդի սոցիալական հարցերի հետ փոխազդելու հարթակ։ Միավորելով ԼԳԲՏՔ+ համայնքի ներկայացուցիչներին և քվիր մշակույթով ու գրականությամբ հետաքրքրված մասնակիցներին՝ «Այլ պատմություններ»-ը խթանեց երկխոսությունն այն փորձառությունների և ինքնարտահայտման ձևերի շուրջ, որոնք հաճախ մնում են գերիշխող մշակութային նարատիվների ստվերում։ Չորս հանդիպումների ընթացքում բանախոսությունները համադրվեցին խմբային ընթերցումների, տեսալսողական նյութերի և բաց քննարկումների հետ՝ միաժամանակ ստեղծելով ապահով տարածք նոր կապերի ձևավորման, համայնքակազմավորման և փորձառությունների փոխանակման համար։
Նախագծի առանցքային ուղղություններից մեկը քվիր գրականությունն ու ինքնապատումն էր։ Մի քանի տասնամյակ առաջ ձևավորվելով որպես փորձարարական ժանր՝ ինքնապատումն այսօր դարձել է գրականության, թատրոնի և կինոյի կարևոր ձևերից մեկը տարբեր լեզվական, աշխարհագրական և մշակութային համատեքստերում։ Իր զարգացման ընթացքում այն շարունակել է մնալ սուբյեկտայնության, ինքնության, փորձառության և ներկայացման սահմանների ուսումնասիրության տարածք։ Միևնույն ժամանակ, այն սերտորեն կապված է սեռի և սեռականության հարցերի հետ՝ ստեղծելով տարածք տարբեր ձայների, մարմինների և ինքնարտահայտման ձևերի համար։
Ինքնապատման և քվիր գրականության պատմությունները հատվում են բազմաթիվ կարևոր կետերում՝ ձևավորելով նոր գրական ու արվեստային ձևեր և բացելով ես-ը գրելու այլընտրանքային հնարավորություններ։ Ծրագրի ընթացքում մասնակիցներն անդրադարձան Էրվե Գիբերի, Էդուարդ Լուիի, Աբդելլահ Տայայի, Ռոլան Բարտի, Սերժ Դուբրովսկու, Անի Էռնոյի և այլ հեղինակների գործերին՝ քննարկելով մարմնի և գրի, սեռականության և գրի, գրի ու քաղաքականի փոխհարաբերության, գաղութային և հետգաղութային մարմնի, le corps prostitué-ի և գրի, հիվանդության և գրի, հիշողության, դասակարգի, ինչպես նաև ժամանակակից քվիր մշակութային արտադրության այլ առանցքային թեմաներ։
Կրթությունը, խմբային ընթերցանությունը, քննարկումները և համայնքակազմավորման պրակտիկաները համադրելով՝ «Այլ պատմություններ»-ը նպաստեց ավելի ներառական մշակութային միջավայրի ձևավորմանը և ստեղծեց տարածք, որտեղ տարբեր ինքնություններ, փորձառություններ և գիտելիքի ձևեր կարող էին ներկայացվել, քննարկվել և վերաիմաստավորվել։ Ծրագրի ընթացքում մասնակիցների արտահայտած հետաքրքրվածությունը՝ շարունակելու ինչպես քննարկումները, այնպես էլ ձևավորված համայնքի հանդիպումները, հիմք ստեղծեց CSN Lab-ում հետագա ընթերցանության խմբերի և պարբերական հանդիպումների համար։
«Այլ պատմություններ» նախագիծն իրականացվել է «Մշակութային և սոցիալական նարատիվների լաբորատորիա»-ի (CSN Lab) կողմից՝ «Փինք» իրավապաշտպան ՀԿ-ի և Շվեդիայի ֆինանսական աջակցությամբ։