«Քվիր հիշողությունը Հայաստանում» նախագիծը քվիր ինքնության եւ հիշողության զգայուն թեման հետազոտելու եւ վերլուծելու առաջին փորձն է Հայաստանում եւ տարածաշրջանում։ Հայաստանում հիշողության ուսումնասիրությունների խիստ սահմանափակ թեմատիկ շրջանակն ընդլայնելով՝ այս նախագիծը վեր է հանում հետխորհրդային/անկախ Հայաստանի քվիր մշակույթը, եւ մասնավորապես՝ վերջին տասնամյակների ընթացքում ձեւավորված քվիր ինքնությունը, դրա առանձնահատկություններն ու հիշողությունը։
Հայաստանյան իրականությունում մշակութային ուսումնասիրությունների եւ հիշողության հետազոտությունների սահմանափակ շրջանակը, տարածված թեմատիկ ուղվածությունների եւ իրականացված հետազոտությունների գերակշռող դերը հիշողության ուսումնասիրությունների ոսպնյակից դուրս են մղում բազմաթիվ այսօրեական խնդիրներ եւ հիմնահարցեր։ Մասնավորապես՝ քվիր ինքնությանն առնչվող թեմաները նույնիսկ ակադեմիական շրջանակներում մինչ օրս մնում են տաբուացված եւ լռեցված։ Վերոնշյալ խնդիրները հասցեագրելու եւ դրանց արձագանքելու նպատակով՝ «Մշակութային եւ սոցիալական նարատիվների լաբորատորիան» 2022 թվականին իրականացրել է «Քվիր հիշողությունը Հայաստանում» հետազոտությունը։
Հայաստանյան հասարակությունում քվիր մշակույթի, ինքնության եւ հիշողության զգայուն թեմային անդրադառնալը մեծ մարտահրավեր էր CSN Lab-ի հետազոտական թիմի համար, սակայն առավել սկզբունքային էր քվիր ինքնությունը կրող մարդկանց լռեցված ձայները լսելի դարձնելը։ Ամիսներ տեւած աշխատանքի ընթացքում մենք կիրառել ենք տարաբնույթ հետազոտական մեթոդներ, ուսումնասիրել քվիր ինքնության դրսեւորումները եւ հիշողության հետքերը արվեստում եւ մշակույթում, քաղաքային եւ հանրային տարածքներում, մեդիայում եւ թվանշային տիրույթներում։ Մեթոդաբանական տեսանկյունից առանցքային դեր ունի խորքային հարցազրույցների միջոցով բանավոր պատումների հավաքագրումը, դրանց միջոցով քվիր անձանց ինքնաճանաչման, ներքին բախումների, հանրային ճնշումներին դիմակայելու եւ սեփական ինքնության դրսեւորման ազատությունները նվաճելու փորձառության վեր հանումն ու հանրահռչակումը։
Նախագծի իրականացման ողջ գործընթացում ներգրավված են եղել տարբեր մասնագետներ՝ մշակութաբաններ, մարդաբաններ, մեդիա ոլորտի ներկայացուցիչներ, ճարտարապետներ, մշակութային գործիչներ եւ արվեստագետներ։ Հեղինակների կողմից ստեղծված վերլուծական նյութերն ու քվիր անձանց հետ իրականացված խորքային հարցազրույցների քաղվածքներն ուղեկցվում են թեմատիկ պատկերազարդումներով, որոնք արտացոլում են արծարծված հարցերն ու խնդիրները։ Հետազոտության իրականացման գործում կարեւորագույն դեր ունեն այն մարդիկ, ովքեր կիսվել են իրենց անձնական պատմություններով, եւ մեզ վստահել իրենց ինքնության շերտերն ու տրավմաները։
«Քվիր հիշողությունը հայաստանում» նախագիծն ամփոփվել և հրապարակվել է գրքի տեսքով, որն անդրադառնում է մի շարք թեմաների եւ հիմնահարցերի, ինչպիսիք են՝
-
Քվիր ինքնության սահմանումը եւ չսահմանմանելու միջոցով այն անվերջ հարցադրելու եւ իմաստավորելու ազատությունը,
-
Հայաստանյան հետերոնորմատիվ հասարակությունում քվիր ինքնության տաբուացումն ու առհասարակ այլության ընկալումը,
-
Քվիր ինքնության ճնշմանն ու լռեցմանն ուղղված, այն իբրեւ խարան ներկայացնելուն միտված հասարակական «ճշմարտությունները»,
-
Հայաստանյան մեդիայում եւ մասնավորապես՝ հեռուստատեսությունում, քվիր ինքնության եւ մշակույթի կարծրատիպային ու խնդրահարույց ներկայացումը,
-
Թվային տիրույթների եւ ոչ ավանդական մեդիայի բերած ազատությունն ու նոր հնարավորությունները,
-
Հայաստանյան մշակույթում եւ մասնավորապես գրականությունում քվիր ինքնության րեպրեզենտացիան,
-
Երաժշտության տարածությունները եւ մասնավորապես էլեկտրոնային երաժշտության ազատության տիրույթը,
-
Քաղաքային միջավայրում քվիր տարածքներն ու տարօրինակված վայրերը, քվիր ինքնության տեսանելիության եւ հանրայնացման պատնեշներն ու կաղապարները,
-
Քվիր ինքնության նկատմամբ հետերոնորմատիվ հասարակության անհանդուրժողականության ցայտուն դրսեւորումներն ու ճնշումները։
«Քվիր հիշողությունը Հայաստանում» աշխատությունն այսօրինակ առաջին ուսումնասիրությունն է, որը կարող է ելակետ դառնալ քվիր մշակույթի ուսումնասիրությանն ուղղված այլ հետազոտությունների համար։ «Մշակութային եւ սոցիալան նարատիվների լաբորատորիա»-ն մտադիր է շարունակել քվիր հիշողության եւ մշակույթի շուրջ ուսումնասիրությունները եւ իրականացնել նորանոր ծրագրեր, որոնք կունենան տարատեսակ թեմատիկ շրջանակներ եւ ուղղվածություններ։
Նկարազարդումների հեղինակ՝ Հար Թում
«Քվիր հիշողությունը Հայաստանում» հետազոտությունը իրականացվել է «Մշակութային եւ սոցիալական նարատիվների լաբորատորիա» մշակութային հասարակական կազմակերպության կողմից՝ PINK Armenia-ի եւ Շվեդիայի աջակցությամբ։