Պոլիս. Ու՞ր են տանում արխիվները

receptiON շարքի շրջանակներում, Հոկտեմբերի 11-ին, CSN Lab-ը հյուրընկալեց Հրանտ Դինք հիմնադրամի արխիվագետ, ճարտարապետ Իրէն Պըչաքչըին։ «Պոլիս. Ու՞ր են տանում արխիվները» հանդիպումը, որը միավորել էր տարբեր համայնքներից, քաղաքներից և գիտակարգերից մասնակիցների՝ արվեստագետների և հետազոտողների, պոլսահայերի և երևանցիների, նվիրված էր արխիվներին, հիշողության քաղաքականությանը և դրանց շուրջ ձևավորվող պատումներին։ Քննարկման առանցքում արխիվների դերն էր՝ որպես անցյալի ընկալման, քննադատական դիտարկման բանալի, ինչպես նաև դրանց հետ աշխատանքի մեթոդաբանությունը և փորձառությունը։

Միջոցառման շրջանակներում Իրէն Պըչաքչըն և CSN Lab-ի հիմնադիր Տիգրան Ամիրյանը հանդես եկան բանախոսություններով, որոնք հյուսվում էին Թուրքիայի հայկական համայնքի, դրա բարդ անցյալի սոցիալական և մշակութային հիշողության շուրջ։ Իրեն Պըչաքչըն ներկայացրեց Հրանտ Դինք Հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացվող արխիվացման և արխիվների թվայնացման գործընթացները՝ հղվելով ստամբուլյան կրթական հաստատությունների արխիվներին, դրանց հետ աշխատանքի մեթոդաբանությանը, ընթացքին, բարդություններին և մարտահրավերներին։ Պատմելով նաև իր անձնական փորձառության մասին, նա ընդգծեց, թե որքան կարևոր է արխիվների ստեղծումը և դրանց պահպանությունը համայնքային, ընտանեկան և անձնական պատումների, ինքնությունների և հիշողությունների բացահայտման գործում։

Ստամբուլի հայկական դպրոցներին և մասնավորապես Բալաթ թաղամասի Խորենյան վարժարանին անդրադառնալով՝ Տիգրան Ամիրյանը ներկայացրեց CSN Lab-ի ընթացիկ «Հասցէ` որբախնամ մարմին Պալաթու» հետազոտական նախագիծը։ Խորենյան վարժարանի և դրա շուրջ հյուսվող համայնքային պատումների մասին պատմող այս նախագծի հիմքում Ստամբուլի Բալաթ թաղամասի բազմաէթնիկ համակեցությունն ու բազմամշակույթ կյանքն ուսումնասիրող CSN Lab-ի «Բալաթ. Ապրել միասին» միջգիտակարգային հետազոտական նախագիծն է, և Հրանտ Դինք Հիմնադրամի արխիվային թիմի աշխատանքը ուղղված Խորենյան վարժարանի արխիվի թվայնացմանն ու դասակարգմանը։ Տիգրան Ամիրյանը իր խոսքում ընդգծեց արխիվների առանցքային դերը Խորնեյան վարժարանի բազմաշերտ անցյալը ուսումնասիրելու, դրա միջոցով նաև հարափոփոխ քաղաքական իրադրությունում Բալաթի հայկական համայնքի կյանքը վեր հանելու գործում։

Հրանտ Դինք Հիմնադրամի և CSN Lab-ի կողմից իրականացվող այս նախագծերը ոչ միայն բացահայտում և վերականգնում է հայկական համայնքի հիշողությունն ու պատումները, որոնք հաճախ մոռացության են մատնվել կամ միտումնավոր դուրս են մղվել պաշտոնական պատմությունից, այլև ցույց են տալիս, որ համայնքային արխիվները կարող են դառնալ ինքնությունների պահպանման և համատեղ պատումներ ստեղծելու կենսական գործիք։

«Պոլիս. Ու՞ր են տանում արխիվները» հանդիպումը ևս մեկ հնարավորություն էր խորհելու անհատական և համայնքային հիշողության ձևավորման և դրա փոխակերպման հիմնահարցերի շուրջ։ Մեզ համար հատկապես կարևոր էր միջոցառման շրջանակներում ստեղծված միջավայրը, բարդ անցյալի և ներկայի շուրջ հայաստանաբնակ և թուրքաբնակ համայնքների երկխոսությունը, որ ուղղակիորեն արտացոլում է թափանցիկ և ներառական հիշողության կերտման մեր հանձնառությունը։

 

receptiON հարթակը CSN Lab-ի շարունակական նախաձեռնությունն է՝ միտված հանրային միջոցառումների միջոցով արդի մշակութային նարատիվների հանրահռչակմանը։ Այն միավորում է մշակույթի գործիչների, արվեստագետների և հետազոտողների Հայաստանից և աշխարհի տարբեր անկյուններից՝ բանախոսությունների, աշխատարանների, կինոդիտումների և բազմաթիվ այլ ձևաչափերում կիսվելու իրենց գիտելիքով և փորձառությամբ։