CSN Lab-ի գործունեությունում մշակութային իրավունքների հանրահռչակումը, դրանց ջատագովությունը և պաշտպանությունը առանցքայինն է։ Այս հանձնառությունը հետզհետե ավելի դժվարին է դառնում տեխնոլոգիական առաջընթացի և մասնավորապես արհեստական բանականության (ԱԲ) զարգացման համատեքստում, ինչը ոչ միայն ստիպում է վերանայել մշակութային իրավունքների սահմանումները, այլ նաև դրանց պաշտպանության մեխանիզմները։ Տեխնոլոգիական առաջընթացի և մշակույթի փոխհարաբերությանն էր նվիրված CSN Lab-ի receptiON շարքի հերթական հանդիպումը։
Եվրոպական կինոյի ամսվա շրջանակում CSN Lab-ը «ԿԱԶՄ» հասարակական կազմակերպության հետ համատեղ Կինոյի տան մեծ դահլիճում ցուցադրեց Պյոտր Վինևիչի «Մի հերոսի մասին» ֆիլմը, որի հիմքում արհեստական բանականության կողմից ստեղծված վավերագրական ֆիլմի սցենար է, որը հանդիսատեսին խորասուզում է անհասկանալի հանգամանքներում սեփական կյանքը խլած ինժեներ Դորեմ Քլերիի մահվան առեղծվածի մեջ։ Վինևիչը տանում է մեզ մի արահետով, որով քայլելիս բոլոր հերոսներն ու դիտողները կարող են հարցականի տակ դնել սեփական ինքնությունը։ Ֆիլմն ինքնին անդրադառնում է ստեղծագործական դաշտում ԱԲ-ի կիրառման հիմնահարցերին՝ վեր հանելով հեղինակի և ստեղծագործական գործընթացի վերաբերյալ բարդ և երբեմն հակասական խոսույթներ։
«Մի հերոսի մասին» ֆիլմի ցուցադրությանը հաջորդեց պանելային քննարկում, որին մասնակցեցին գրող Արմեն Հայաստանցին և ռեժիսոր Վահան Խաչատրյանը, իսկ քննարկումը մոդերացրեց CSN Lab-ի հիմնադիր Տիգրան Ամիրյանը։ Արհեստական բանականության ներխուժումը մշակութային և արվեստային դաշտեր այսօր արժանանում է բազմազան մեկնաբանությունների՝ ոմանց կողմից ընկալվելով որպես նոր ստեղծագործական հնարավորություն, մյուսների կողմից՝ բախվում կտրուկ դիմադրության՝ որպես արվեստի էությանը հակասող երևույթ։
Պանելային քննարկման առանցքում մշակութային իրավունքների և արհեստական բանականության փոխհարաբերությունն էր, որն ուղղակիորեն առնչվում է հեղինակային իրավունքների, ստեղծագործականության և մշակութային արտադրության արդի մարտահրավերներին։ Քննարկման ընթացքում Արմեն Հայաստանցին անդրադարձավ գրականության ոլորտում ԱԲ-ի ընկալմանը և դրա առաջացրած էթիկական ու հեղինակային հարցերին, իսկ Վահան Խաչատրյանը՝ կինոյի դաշտում ԱԲ-ի կիրառման շուրջ ձևավորվող մոտեցումներին։
Թեպետ տեխնոլոգիական զարգացումները հետզհետե ինտենսիվանում են, հասարակական և մշակութային գործընթացների վրա դրանց ազդեցությանն ուղղված քննադատական անդրադարձը կարծես թե դեռևս լայն տարածում չի գտնում հանրային խոսույթում։ CSN Lab-ն այս համատեքստում մշտապես պատրաստակամ է հարթակ տրամադրել մշակութային իրավունքների խթանման համար, անդրադառնալ դրանց առջև ծառացած մարտահրավերներին և վերաիմաստավորել մշակութային իրավունքների դերն ու նշանակությունը փոփոխվող իրականությունում։
receptiON հարթակը CSN Lab-ի շարունակական նախաձեռնությունն է՝ միտված հանրային միջոցառումների միջոցով արդի մշակութային նարատիվների հանրահռչակմանը։ Այն միավորում է մշակույթի գործիչների, արվեստագետների և հետազոտողների Հայաստանից և աշխարհի տարբեր անկյուններից՝ բանախոսությունների, աշխատարանների, կինոդիտումների և բազմաթիվ այլ ձևաչափերում կիսվելու իրենց գիտելիքով և փորձառությամբ։