Re-lentus 2022

Մշակութային և սոցիալական նարատիվների լաբորատորիայի (Հայաստան) և Մշակույթ և կառավարում լաբի (Վրաստան) ջանքերով իրականություն դարձավ «Re-lentus․ կանայք արվեստի ու իրավունքի խաչմերուկում» միջոցառումը, որը բացառիկ հնարավորություն էր հայաստանյան լսարանի համար ծանոթանալու ներկայիս վրաստանյան արվեստի ու մշակույթի ոլորտի ներկայացուցիչների հետ։ Լուսանկարիչ Նաթելա Գրիգալաշվիլին, վիզուալ արվեստագետ ու տեքստիլի դիզայներ Նինո Քվրիշվիլին և ռեժիսոր Քեթի Մաչավարիանը պատմեցին իրենց մասնագիտական գործունեության, ոլորտի արդի մարտահրավերների և խոչնդոտների մասին։ 

Թե՛ Վրաստանում, թե՛ Հայաստանում արվեստի ու մշակույթի ոլորտները արմատական փոխակերպումների են ենթարկվել վերջին շրջանի գլոբալ ու տարածաշրջանային իրադարձությունների ներքո՝ կործանարար պատերազմից ու քաղաքական ճգնաժամից մինչև մշակութային բողոքի ցույցեր և համավարակ։ Չնայած այս խոչընդոտների, արվեստագետները, մշակութային գործիչներն ու ակտիվիստները շարունակում են իրենց ստեղծարար աշխատանքը՝ արտահայտելով ներկայի մարտահրավերներն ու առաջադրելով հնարավոր լուծումներ։ Միևնույն ժամանակ արվեստի ու մշակույթի գործիչների, մասնավորապես կանանց համար վերջին տարիները խնդրահարույց էին մշակութային իրավունքի պաշտպանվածության տեսանկյունից։ Նախագծի շրջանակներում կազմակերպված հանդիպումները Հայաստանից և Վրաստանից հրավիրված ստեղծագործական ոլորտի կին մասնակիցներին հնարավորություն տվեցին ներկայացնելու իրենց փորձառությունը, պայքարն ու աշխատանքը։ 

Երևանում կայնացած միջոցառմանը Վրաստանից ժամանած երեք արվեստագետները հայաստանյան լսարանին ներկայացրին ճգնաժամային շրջանում ծավալած իրենց աշխատանքը և թեմայի շուրջ ծավալեցին քննարկում։ քննարկում։ Այնուհետև ցուցադրվեց Քեթի Մաչավարիանիի նոր ֆիլմը՝ Mziuri-ն, որը փորձ է ֆիլմի հերոսուհու փորձառության միջոցով վերհանելու Թբիլիսիում բնակվող մարդկանց մտորումները ներկայի մարտահրավերների ու կյանքի մասին։

Ծրագրի խոսնակները՝

Նաթելա Գրիգալաշվիլին անկախ լուսանկարիչ ու կինոօպերատոր է։ Այժմ հիմնականում իրականացնում է երկարաժամկետ դոկումենտալ նախագծեր Վրաստանի գյուղական համայքներում՝ պատկերելով էթնիկական ու կրոնական փոքրամասնությունների, մարդկանց կյանքը։ Նաթելայի աշխատանքները արժանացել են բազմաթիվ մրցանակների, որոնց թվում Direct Look Photo մրցույթի 3-րդ տեղի (2019), Alexander Ronishvili մրցանակի՝ վրացական լուսանկարչության մեջ մեծ ավանդի համար (2007), հատուկ մրցանակի The Aftermath Project մրցույթում (2007, ԱՄՆ), և այլն։ 2015-ին հիմնել է Kontakt Photos ֆոտո գործակալությունը։ Գրիգալաշվիլին նաև ուսուցանում է լուսանկարչություն Վրաստանի հեռավոր գյուղական համայնքների մարգինալ խմբերին Ջավախեթիում (2014), Պանկիսի կիրճում (2015), Աջարիայում (2016)։ 

Քեթի Մաչավարիանին ռեժիսոր է։ Սովորել է Իվանե Ջախաշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի արվեստի բաժնում, այնուհետև Շոթա Ռուսթավելիի անվան պետական համալսարանի կինոյի տեսության, ապա՝ ռեժիսուրայի բաժնում։ Հեղինակել է մի քանի կարճամետրաժ ֆիլմ, այնուհետև նկարահանել Salt White ֆիլմը, որի պրեմերան կայացել է 2011-ին Karlovy Vary ֆիլմի փառատոնին, ապա ներկայացվել բազմաթիվ այլ փառատոնների ու արժանացել մրցանակների։ 2016-ին նկարահանել է Georgia 1992 կարճամետրաժ ֆիլմը, որ պատմում է Ակա Մորչիլաձեի պատմությունը։ Նրա վերջին վավերագրական ֆիլմի՝ Mziuri-ի (2020) պրեմիերան կայացել է Hot Docs կանադական վավերագրական ֆիլմի փառատոնին, որտեղ այն արժանացել է ժյուրիի հատուկ մրցանակի։ 

Նինո Կվրիշվիլին երիտասարդ վրացի արվեստագետ է, ով ուսանել է Թբիլիսիի արվեստի ակադեմիայի տեքստիլի դիզայնի բաժնում։ Վերջին շրջանում նա անհատական ցուցահանդեսներ է ունեցել Museum Wäschefabrik-ում (Գերմանիա), Gallery Melike Bilir-ում (Գերմանիա), Binz39-ում (Շվեյցարիա), State Silk Museum-ում (Վրաստան) և KCCC-ում (Լիտվա): Նրա աշխատանքները ցուցադրվել են մի շարք խմբային ցուցադրություններում Գերմանիայում, Խորվաթիայում, Լեհաստանում։ Նինոյի գործերում պատկերվում են պատմական փոփոխությունների գործընթացները, ուսումնասիրում պատմությունն ու ներկայացնում պամական խնդիրները նոր իրականության մեջ՝ նոր գույներով, ձևերով ու գործվածքներով: Նա տեքստիլից ստեղծում է աբստրակտ պատկերներ ու դրանց տալիս նոր իմաստներ։ Նինոն փորձում է ստղծել բանավեճային հարթակ ու բացահայտել արդյունաբերական ոլորտի աշխատողների պատմությունները՝ շեշտադրելով կանանց դերը։

Ծրագիրն իրականացվել է Danish Cultural Institute-ի աջակցությամբ՝ New Democracy Fund նախագծի շրջանակներում։ New Democracy Fund-ը նպատակ ունի ամրապնդելու քաղաքացիական հասարակության ժողովրդավարական կազմակերպումը, ստեղծելու տարածաշրջանային կապեր ու փորձի փոխանակում Հայաստանի, Վրաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Մոլդովայի, Ադրբեջանի ու Դանիայի քաղհասարակական կազմակերպությունների միջև։ 

https://www.newdemocracyfund.org/

Միջոցառումը հյուրընկալվել է Գյոթե կենտրոն Երևանի կողմից։