Re-Lentus 24. Գրականություն - Երեւան

Կին արվեստագետների ու մշակութային գործիչների հանրահռչակմանն ու հայ-վրացական մշակութային երկխոսության հաստատմանը միտված «Re-Lentus» ծրագրի այս տարվա թեման գրականությունն էր։ «Մշակութային եւ սոցիալական նարատիվների լաբորատորիա»-ն միջոցառման անցկացման համար ընտրել էր Գևորգ Գրիգորյանի (Ջիոտտո) անվան թանգարանը, որը կրում է հայ-վրացական մշակութային երկխոսության հիշողությունը։ Այստեղ ժամանակին ապրել են վրացի բանաստեղծ, նկարիչ Դիանա Ուկլեբան եւ բազմաթիվ դիմանկարների, բնանկարների, նատյուրմորտների եւ գծանկարների հեղինակ Ջիոտտոն։

«Re-Lentus. գրականություն» միջոցառումների շրջանակներում թանգարանի ղեկավար Արփինե Սարիբեկյանը, որը ներգրավված է կենտրոնի զարգացման եւ վրացական մշակութային գործիչների ու հաստատությունների հետ նոր կապերի ձևավորման գործընթացներում, հյուրերի համար շրջայց անցկացրեց կենտրոնում։ Արփինեն ընդգծեց, որ թանգարանում ներկայացված են, թե Ջիոտտոյի, թե Դիանայի աշխատանքները, և թանգարանը կարող է ծառայել իբրեւ հայ եւ վրացի մշակութային գործիչների, արվեստագետների ու հետազոտողների մշակութային երկխոսության տարածք։

«Re-Lentus. գրականության» բուն միջոցառումը մեկնարկեց Վրաստանից ժամանած բանախոսների հետ հանդիպում-քննարկմամբ, որի շրջանակներում հայաստանյան գրական համայնքն ու ընթերցողները հնարավորություն ունեցան ծանոթանալու գրողներ Անա Կորձայա-Սամադաշվիլիի, Թամթա Մելաշվիլիի եւ Գվանցա Ջոբավայի գրական գործունեությանն ու փորձառությանը, ինչպես նաեւ խոսնակներին ուղղել իրենց հուզող հարցերը։

Գրող, թարգմանիչ եւ Իլիայի պետական համալսարանի դասախոս Անա Կորձայա-Սամադաշվիլին ներկաների հետ կիսվեց իր անցած գրական ուղղով՝ առանձնակի ուշադրություն հրավիրելով վաղ երկուհազարականներին ձեւավորված տաբուներին, որոնցից շատերը Վրաստանի հասարակությունում լայն տարածում ունեն անգամ այսօր։ Սեռականության շուրջ Անայի գրվածքները հաճախ սուր են ընկալվում ինչպես գրաքննադատների, այնպես էլ ընթերցողների որոշ շրջանակների կողմից, սակայն հեղինակը չի ընկրկում, ավելին՝ գրականության մեջ նոր ու համարձակ ասելիքի անհրաժեշտությունը փոխանցում է նոր սերնդի իր ուսանողներին։

«Հրատարակիչների միջազգային ասոցիացիայի» նախագահ, գրող Գվանցա Ջոբավան հանգամանորեն ներկայացրեց, թե ինչպե՞ս է Վրաստանը հասել 2018 թվականին Ֆրանկֆուրտի գրքի փառատոնի պատվավոր հյուրի կոչմանը, եւ թե ինչպե՞ս կարող են հրատարակիչները նպաստել Հայաստանի դեպքում նման հաջողության գրանցմանը։ Ջոբավան առանձնակի ուրախությամբ շեշտեց, որ իր բանաստեղծությունները տարիներ առաջ Անահիտ Բոստանջյանի կողմից թարգմանվել են հայերեն եւ ընդգրկվել «7 անուն. Վրացական արդի պոեզիա» ժողովածուում։

Կանանց փորձառությունը, նրանց հուզող, բայց հաճախ չբարձրաձայնված հարցերն իր գրով համարձակորեն վեր հանող Թամթա Մելաշվիլին խոսեց իր ֆեմինիստական հայացքները գրականության միջոցով արտահայտելու եւ ընթերցասեր համայնքին փոխանցելու մասին։ Նրա «Մոշ-մոշ-մոշահավ» վեպը, որ արժանացել է վրացական ականավոր «Սաբա» գրական մրցանակին, այժմ թարգմանվում է Ասյա Դարբինյանի կողմից եւ շուտով լույս կտեսնի հայերենով։

Վրացի գրողների եւ հայաստանյան գրական համայնքի ու ընթերցողների զրույցը ծավալվեց արդի թվանշային իրականությունում գրականությունն ընթերցողին հասցնելու եղանակների, հայաստանյան եւ վրաստանյան գրական դաշտերին բնորոշ համընդհանուր խնդիրների եւ կանանց կողմից ստեղծված գրական գործերի առանձնահատկությունների շուրջ։ Հանդիսատեսի շարքում ներկա էին մի շարք երիտասարդ գրողներ, որոնք «Re-Lentus. գրականության» շնորհիվ հնարավորություն ունեցան ծանոթանալու հարեւան երկրի գրական դաշտի առանձնահատկություններին։

Հղվելով գրականության եւ կինոարվեստի փոխկապակցվածությանը, «Re-Lentus. գրականություն» հայ-վրացական մշակութային երկխոսության օրերի շրջանակներում ցուցադրվեց Էլենե Նավերիանիի «Մոշ-մոշ-մոշահավ» ֆիլմը, որը նկարահանվել է Թամթա Մելաշվիլիի համանուն վեպի հիման վրա։ Վրաստանի փոքրիկ գյուղերից մեկում ապրող մի կնոջ՝ Էթերոյի, առօրեական կյանքի մասին պատմող ֆիլմը, որ նրբորեն շոշափում է հետերոնորմատիվ հանրույթում կանանց թելադրվող ճշմարտությունների թեման, ջերմորեն ընդունվեց հայ հանդիսատեսի կողմից։ Ցուցադրությանը հաջորդեց Թամթա Մելաշվիլիի հետ հանդիպում-քննարկում, որի ընթացքում հեղինակը կիսվեց «Մոշ-մոշ-մոշահավ»-ի վեպից ֆիլմ անցած ճանապարհի մասին՝ առանձնակի նշելով այն մասին, որ ռեժիսոր Էլենե Նավերիանիի «աչքն» էլ ավելի ակներեւ է դարձրել այն հույզերը, հարցերն ու դետալները, որոնք գրողը շարահյուսել է իր վեպում։ Ֆիլմի ազդեցությամբ հանդիսատեսին հուզող հարցերը խորհափիլիսփայական էին եւ առնչվում էին գլխավոր հերոսի եւ առհասարակ արդի հասարակությունում կնոջ անկախության եւ միայնության միջեւ ընկած նուրբ սահմաններին, քվիր ինքնությանը եւ ֆեմինիստական հիմնահարցերին։

«Re-Lentus. գրականություն» ծրագրի վրաստանյան փուլը տեղի կունենա այս տարվա մայիսին, Քութայիսի քաղաքում։ Հայ ժամանակակից գրողները, թարգմանիչներն ու հրատարակիչները վրաց հանրության հետ կկիսվեն հայաստանյան գրական դաշտի զարգացումներով, ինչպես նաեւ իրենց ստեղծագործություններով ու փորձով։

«Re-Lentus» ամենամյա նախագիծը իրականացնում են CSN Lab-ը (Հայաստան) եւ CuMa Lab-ը (Վրաստան)։ Ծրագրին աջակցում է Դանիական մշակութային ինստիտուտը՝ «Նոր ժողովրդավարության հիմնադրամ» նախագծի շրջանակներում։