Ամենամյա Re-Lentus մշակութային երկխոսական նախագիծն այս տարի առանձնահատուկ էր իր ընդլայնված աշխարհագրությամբ։ CSN Lab-ի և Cuma Lab-ի կողմից իրականացվող մշակութային երկխոսությանը միտված ծրագրին միացավ նաև Ambasada Kultury-ն։ Առաջին անգամ հայ և վրացի արվեստագետներից զատ Re-Lentus-ը ներառեց նաև արտաքսված բելառուս կին արվեստագետների՝ հայաստանյան և վրացական մշակութային համայնքների ուշադրությունը հրավիրելով նրանց արվեստային պրակտիկաներին և քաղաքական ընդվզմանը։
Re-Lentus 2025-ի շրջանակներում բելառուս արվեստագետներ Վիկտորիա Հրաբեննիկավան, Մարինա Նապրուշինկան և Ձինա Ժուկը հանդես եկան բանախոսություններով և ներկայացրեցին իրենց անհատական արվեստային ուղիները։ Նրանց ելույթները վեր էին հանում տարիների ընթացքում ձևավորված և մշակված հետազոտահեն և միջգիտակարգային արվեստային պրակտիկաները՝ անդրադառնալով միգրացիայի պայմաններում արվեստագետի դերի և ինքնության ձևավորմանը, ինչպես նաև քվիր և ֆեմինիստական մոտեցումներին։
«Re-Lentus. Արվեստ և դիմադրություն. Բելառուս» առցանց միջոցառման բանախոսություններին հաջորդեց քննարկում, որը մոդերացնում էր Մարիամ Եղիազարյանը։ Քննարկման առանցքում բելառուս միգրանտ արվեստագետների քաղաքացիական ներգրավվածության փորձառությունն էր, մասնավորապես՝ փոխակերպվող քաղաքական համատեքստը քննելու և այդ ճգնաժամային համատեքստում ստեղծագործելու մեթոդները։ Արվեստագետներից յուրաքանչյուրն անդրադարձավ իր անձնական արվեստային ուղու ձևավորմանը՝ ընդգծելով Բելառուսում գործող և անգամ բռնաճնշումների պայմաններում գերիշխող նարատիվները մերժող արվեստագետների հետ համագործակցությունը շարունակելու կարևորությունը։ Քննարկումն ավարտվեց Վիկտորիա Հրաբեննիկավայի կողմից մշակված ինտերակտիվ խաղով, որը մասնակիցներին ներկայացրեց քվիր ամուսնության իրավականության շուրջ առկա խնդիրները։
Re-Lentus 2025-ի ընդլայնված՝ միջտարածաշրջանային ձևաչափը առանձնահատուկ կարևորություն ունի CSN Lab-ի և գործընկեր կազմակերպությունների համար, որոնց առաքելությունն է սահմաններից անդին և արգելքներից անկախ մշակութային երկխոսության հաստատումը։ Ծրագիրը նաև կարևոր է գենդերային հիմնահարցերի շուրջ խորհելու և կին մշակութային գործիչների փորձառությունը հանրահռչակելու գործում։
Re-Lentus երկխոսական նախագիծն իրականացվում է Դանիական մշակութային ինստիտուտի աջակցությամբ՝ «Նոր ժողովրդավարության հիմնադրամ» նախագծի շրջանակում։