Հուլիսի 7-ին «Ճարտարապետության գրադարան»-ը լի էր ճարտարապետներով, հետազոտողներով, մշակութային գործիչներով եւ պարզապես մարդկանցով, ովքեր եկել էին լսելու Վրաստանից ժամանած փորձագետներին եւ ծանոթանալու նրանց գործունեության հետ։ Re-Lentus ամենամյա միջոցառուման հայաստանյան հանդիպումն այս տարի համախմբել էր հարեւան Վրաստանում ուրբանիզմի եւ ճարտարապետության կանանց փորձառությամբ հետաքրքրված մարդկանց։
Բանախոսների զեկույցների թեմաները զանազան էին ու խիստ արդիական։ Ուրբան պլանավորող, հետազոտող եւ կրթության ոլորտի փորձագետ Ելենա Դարջանիան խոսեց Վրաստանի տարբեր քաղաքներում ինֆրաստրուկտուրաների բարելավման եւ բնապահպանական խնդիրներին համայնքների մասնակցությամբ լուծումներ գտնելու փորձի մասին, ճարտարապետ Լիա Բոկուչավան կիսվեց պատմամշակութային եւ ճարտարապետական հուշարձանների պաշտպանության եւ պահպանության իր հարուստ փորձով, իսկ հետազոտող Թաթա Գաչեչիլաձեն ներկայացրեց խորհրդային շրջանից մնացած արդյունաբերական շինությունների ներկա իրավիճակն ու ապագայի հնարավոր սցենարները։
Պանելային քննարկման ընթացքում մոդերատոր Սոնա Ներսեսյանը խնդրեց բանախոսներին կիսվել, թե ինչո՞վ է առանձնահատուկ եւ/կամ բարդ ճարտարապետության եւ քաղաղաշինության ոլորտում ներգրավված կանանց փորձը։ Մասնակիցները նշեցին, որ տարածաշրջանում իբրեւ կին ճարտարապետ, հետազոտող եւ ուրբան պլանավորող աշխատելն ունի եւ դրական եւ բացասական կողմեր։
Հանդիպման ներկաները հատկապես հետաքրքրված էին հետխորհրդային քաղաքային միջավայրերում մշակութային եւ արդյունաբերական շինությունների պահպանությանն ուղղված ծրագրերով եւ դրանցում պետական մարմինների ներգրավվածությամբ։ Ի լրումն՝ հնչեցին հարցեր կլիմայի փոփոխությանը դիմակայելուն ուղղված միջոցառումներում բնակիչներին առավելագույնս ներառելու միջոցների մասին։
Հանդիպմանը ներկա էին նաեւ «Նոր ժողովրդավարության հիմնադրամ»-ի ներկայացուցիչներ Յուլիա Զակոլյաբինան եւ Ռասմուս Ռոմուլուս Պալլուդան։ Իր խոսքում Յուլիա Զակոլյաբինան ընդգծեց, որ «Նոր ժողովրդավարության հիմնադրամ»-ը կարեւորում է Արեւելյան գործընկերության երկրների հետ համագործակցությունը եւ գենդերային հավասարությանն ուղղված ծրագրերի իրականացումը։
Միջոցառման ավարտին վրաց բանախոսներն ու ներկաները նշեցին, որ Re-Lentus-ը կարող է նոր հայ-վրացական համագործակցությունների եւ համատեղ նախագծերի հիմք հանդիսանալ։
Re-Lentus-ը մշակութային եւ միջգիտակարգային ամենամյա նախագիծ է, որն իրականացվում է CSN Lab-ի (Հայաստան) եւ CuMa Lab–ի (Վրաստան) համագործակցություն արդյունքում։
Ծրագրի շրջանակներում Վրաստանում եւ Հայաստանում անցկացվում են տարատեսակ միջոցառումներ, հանդիպում-քննարկումներ, որոնց ընթացքում հայ եւ վրացի կին արվեստագետները, մշակութային գործիչները, քաղաքացիական հասարակության եւ մեդիա ոլորտի ներկայացուցիչներն ու հետազոտողները Վրաստանի եւ Հայաստանի հանրույթներին ծանոթացնում են իրենց գործունեության շերտերին, ինչպես նաեւ դրանց հիմքում ընկած առանցքային թեմաներին, հարցերին եւ խնդիրներին։ Սա կին արվեստագետների, մշակութային գործիչների եւ հետազոտողների տեսանելիության բարձրացմանը, ինչպես նաեւ հայ-վրացական երկխոսության հաստատմանն ու ամրապնդմանը միտված նախաձեռնություն է, որի շրջանակներում Հայաստանի եւ Վրաստանի հանրույթները բացառիկ հնարավորություն ունեն ծանոթանալու հարեւան երկրում ստեղծագործող կանանց գործունեությանը, նրանց հուզող հարցերին, մտահոգություններին եւ խոչընդոտներին։
Re-Lentus նախագիծն իրականացվում է Դանիական մշակութային ինստիտուտի աջակցությամբ՝ «Նոր ժողովրդավարության հիմնադրամ» նախագծի շրջանակներում։
Լուսանկարների հեղինակ՝ Նարեկ Դալաքյան