Re-Lentus KUTAISI - Գրականություն

«Ո՞րն է հայ ժամանակակից գրականության դերը տարածաշրջանային եւ համաշխարհային քարտեզում» հարցադրումով, շաբաթներ առաջ, Քութաիսիում մեկնարկեց  Re-Lentus. գրականություն միջոցառումը։

2023 թվականին UNESCO-ի կողմից գրականության քաղաք ճանաչաված Քութաիսին հյուրընկալեց հայ-վրացական մշակութային երկխոսությանն ուղղված Re-Lentus ծրագրի երկրորդ՝ վրաստանյան փուլը։ Ամենամյա ծրագրի այս տարվա թեման գրականությունն էր, իսկ առանցքում հայկական եւ վրացական ժամանակակից գրականության հիմնահարցերը, երկխոսության եզրերը, առանձնահատկությունները, նմանություներն ու տարբերությունները։

Ծրագրի շրջանակներում հայաստանյան արդի գրական ոլորտը ներկայացնում էին երեք կին գործիչներ՝ գրող, մշակութային լրագրող, խմբագիր և պրոդյուսեր Անուշ Քոչարյանը, գրական գործակալ, «ARI գրական հիմնադրամի» եւ «ARI գրական եւ տաղանդի գործակալության» հիմնադիր Արևիկ Աշխարոյանը, թարգմանիչ, արևելագետ եւ վրաց լեզվի դասախոս Ասյա Դարբինյանը։ Մասնակիցները եռօրյա հագեցած ծրագրի շրջանակներում ոլորտային մասնագետների հետ ունեցան բազմաթիվ հանդիպումներ ու շրջայցեր, որոնք ի վերջո ամփոփվեցին արդի հայկական գրականության, դրա դերի ու նշանակության շուրջ եզրափակիչ հանրային միջոցառմամբ։

Պանելային քննարկման ձևաչափով ընթացող ամփոփիչ միջոցառումը մեկնարկեց Re-Lentus ծրագիրն իրականացնող վրաստանյան CuMa Lab եւ հայաստանյան CSN Lab կազմակերպությունների ներկայացուցիչների բացման խոսքով։ Թամար Ջանաշիան անդրադարձավ այս տարվա թեմայի ընտրությանը եւ դրա համատեքստում վրաստանյան Re-Lentus-ը Քութաիսիում նախաձեռնելու խորհդանշականությանը։ Տիգրան Ամիրյանը եւ Մարիամ Եղիազարյանը իրենց ողջույնի խոսքում ընդգծեցին հայ- վրացական մշակութային երկխոսության անհրաժեշտությանը, կին մշակութային գործիչների հանրահռչակման կարևորությունը, խոսեցին CSN Lab եւ CuMa Lab գործընկեր կազմակերպությունների համագործակցության, ինչպես նաեւ Re-Lentus նախագծի ստեղծման նպատակների եւ  անցած ուղու մասին։ Միջոցառմանը վրաց հանրությունից բացի, ներկա էին նաև «Դանիական մշակութային ինստիտուտի» ներկայացուցիչները։

Բացման խոսքին հաջորդեց պանելային քննարկումը, որը վարում էր դրամատուրգ եւ թարգմանիչ Դավիթ Գաբունիան: Զրույցը մեկնարկեց հարցադրելով արդի հայ գրականության դերը համաշխարհային գրականության համատեքստում՝ նպատակ ունենալով հասկանալ այն թեմաները, մոտիվները եւ սյուժեները, որոնց անդրադառնում է արդի հայ գրականությունը։ Ի պատասխան, գրող Անուշ Քոչարյանը խոսեց իր աշխատանքների թմեատիկ բազմաշերտության, ինչպես նաև այն մշակութային եւ պատմաքաղաքական հագեցած համատեքստի մասին, որի վրա հաճախ անխուսափելիորեն կառուցվում է արդի հայ գրականությունը։ «Ինձ երբեմն թվում է, որ իմ տեքստերը հնարավոր չի թարգմանել» նշեց Անուշ Քոչարյանը՝ կիսելով  իր մտահոգությունն այն մասին, որ լոկալ համատեքստը, պատմական անցյալի ու դրա առանձին իրողությունների վրա հենված գրականությունը երբեմն կարող է անընկալելի եւ անթարգմանելի լինել միջազգային լսարանի համար։

Հաջորդիվ գրական գործակալ Արեւիկ Աշխարոյանը, հղվելով իր իսկ  գործունեությանը եւ փորձառությանը, ներկայացրեց այն հայաստանցի հեղինակներին եւ վերջիններիս գրական գործերը որոնք ակտիվորեն թարգմանվում են տաբեր լեզուներով եւ ներգրավված են մի շարք միջազգային գրական փառատոններին։ Աշխարոյանը միաժամանակ ընդգծեց այն խնդիրները եւ մարտահրավերները, որոնց խոչընդոտում են հայ գրականության հանրահռչակմանը՝ մասնավորապես անդրադառնալով գրական փառատոններին Հայաստանի ոչ լիարժեք ներկայությանը, փոխանակման ծրագրերին հայ հեղինակների մասնակցության պակասին, ինչպես նաև թարգմանությանն առնչվող խնդիրներին։ 

Դավիթ Գաբունիան այնուհետև վեր հանեց հայ-վրացական գրական երկխոսության հարցը, ընդգծելով երկու երկրների գրական անցյալը եւ հարցադրելով դրա ներկայիս կարգավիճակը եւ զարգացման հեռանկարները։ Թարգմանիչ Ասյա Դարբինյանն անդրադարձավ հայաստանյան եւ վրաստանյան հանրությունների միջև առկա մշակութային պատնեշներին, միմյանց չճանաչելու եւ չբացահայտելու խնդիրներին։ Ասյան մասնավորապես կարևորեց ժամանակակից գրականության թարգմանության անհրաժեշտությունը եւ փոխանակումը երկու երկրների միջև, ընդգծելով, որ չմիջնորդավորված եւ ուղիղ երկխոսությունը միայն կարող է հնարավոր դարձնել միմյանց հետ փոխհարաբերումն ու համագործակցությունը։ Ասյան նաև խոսեց իր գործունեության, առաջիկա թարգմանությունների, ինչպես նաև երկու երկրներում հայերենի եւ վրացերենի թարգմանիչների սակավության մասին, ինչի արդյունքում միմյանց գրականության թարգմանության հարցը մնում է հատուկենտ անձանց ուսերին։

«Ո՞ր արդի հեղինակներին կամ գրական գործերը պետք է առաջնահերթ կերպով ընթերցել» եզրափակիչ հարցին պատասխանելով, Անուշը, Արևիկը և Ասյան նշեցին մի քանի հեղինակների ստեղծագործություններ, որոնց շարքում առանձնակիորեն ընդգծեցին գրող Արամ Պաչյանի, Սուսաննա Հարությունյանի, Արմեն Հայաստանցու(Օհանյանի) եւ Աննա Դավթյանի ստեղծագործությունները։

Պանելային քննարկմանը հաջորդեց հարցուպատասխան, որտեղ հիմնականում քննարկվեցին հայկական գրականության գենդերային ասպեկտները, դրա ֆեմինիությունը եւ մասկուլինությունը, նաև այն մարտահրավերներն ու խնդիրնրը որոնց բախվում են կին գրողները։

Միջոցառումն ամփոփվեց Տիգրան Ամիրյանի ամփոփիչ խոսքով, որտեղ նա ընդգծեց արդի հայ գրականության թեմատիկ զարգացումները, դրանց ազատականացնող միտումները եւ ժողովրդավարեցնող ներուժը։ 

 

«Re-Lentus» ամենամյա նախագիծը իրականացնում են CSN Lab-ը (Հայաստան) եւ CuMa Lab-ը (Վրաստան)։ Ծրագրին աջակցում է Դանիական մշակութային ինստիտուտը՝ «Նոր ժողովրդավարության հիմնադրամ» նախագծի շրջանակներում։