Re-Lentus'25: Երևան - Արվեստ և Դիմադրություն

Re-Lentus ամենամյա ծրագիրն այս տարի, երևանյան մեկնարկով, միավորել էր հայ և վրացի մշակութային գործիչներին, արվեստագետների ու ակտիվիստներին՝ փոխաջակցման ոգով խորհելու, թե ինչպես կարող է արվեստը դառնալ դիմադրության գործիք մի տարածաշրջանում, որտեղ քաղաքական ճնշումները շարունակաբար աճում են։

Հայաստանից՝ Մշակութային և Սոցիալական Նարատիվների Լաբորատորիայի (CSN Lab), և Վրաստանից՝ Մշակույթի և Կառավարման Լաբորատորիայի (CuMa Lab-ի) համագործակցությամբ տեղի ունեցող ամենամյա Re-Lentus-ն այս տարի կրում էր «Արվեստ և դիմադրություն» խորագիրը, որի ներքո ծրագիրը հարթակ դարձավ հայ-վրացական մշակութային երկխոսության՝ իր առանցքում վերցնելով կանանց ձայների հանրահռչակումը։

Ավելի քան 180 օր, Թբիլիսիում հազարավոր քաղաքացիներ, հանուն ժողովրդավարության և ազատության, դուրս են եկել Ռուսթավելու պողոտա և խաղաղ ցույցերի ճանապարհով արտահայտում են իրենց բողոքն ու ցասումը, իսկ այդ բողոքի առաջին շարքերում հաճախ կանգնած են արվեստագետներն ու մշակույթի գործիչները։ Սակայն դիմադրության ոգին հատում է Թբիլիսիի, վրացական այլ մեծ ու փոքր քաղաքների սահմանները։ Մայիսի 31-ին, Երևանի Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում, այդ բողոքն իր արձագանքը գտավ, բայց ոչ թե վանկարկումներով, այլ երաժշտության միջոցով։

Առանցքում ունենալով արվեստի և դիմադրության փոխհարաբերությունը, Re-Lentus 2025-ը երևանյան փուլում հյուրընկալել էր երեք բացառիկ վրացի երաժիշտների՝ Նինո Ժվանիային, Էլենե Գոգոձեին և Էկա Չաբաշվիլիին, ովքեր իրենց արվեստի միջոցով բարձրաձայնում են վրաց հասարակության հույսերն ու պայքարը։ Նախորդիվ ակտիվիզմի, գրականության, քաղաքաշինության և ճարտարապետության հիմնահարցերի շուրջ կառուցված երկխոսությունն այս տարի, քաղաքացիական հարթակների նվազման և բռնապետական ռեժիմների աճի համատեքստում, արձագանքելով իրավիճակի հրատապությանը, ի ցույց դրեց, որ արվեստի միջոցով դիմադրությունը ոչ միայն արդիական է, այլև՝ անհրաժեշտ։

Re-Lentus ծրագրի շրջանակներում վրաստանից ժամանած երաժիշտները հնարավորություն ունեցան այցելելու Երևանի արվեստային և մշակութային կարևոր կենտրոններ, ինչպիսիք են Գաֆէսճեան արվեստի կենտրոնը և Կոմիտասի թանգարան-ինստիտուտը։ Այցերը նպատակ ունեին ոչ միայն բացահայտել հայկական մշակութային լանդշաֆտը, այլ նաև ստեղծել նոր համագործակցությունների հնարավորություններ։ Եռօրյա երկխոսական ծրագիրը մայիսի 31-ին ամփոփվեց հանրային մեծ միջոցառմամբ, որի շրջանակներում երաժիշտները հանդես եկան Վրաստանի բարդ սոցիալ-քաղաքական իրավիճակի վերաբերյալ բանախոսություններով, ինչպես նաև յուրօրինակ երաժշտական կատարումներով, որոնք արտացոլում էին իրենց երկրի և հասարակության առաջ ելնող ճգնաժամերը։

Երեկոն մեկնարկեց դաշնակահար և գրող Նինո Ժվանիան, ով ներկայացրեց երաժշտության պատմական և արդի դերը քաղաքական բողոքի արտահայտման գործում։ Հիմք ընդունելով Վրաստանում ընթացող հակակառավարական ցույցերին իր անձնական ներգրավվածությունը՝ Ժվանիան պատմեց, թե ինչպես է երաժշտությունը դառնում դիմադրության գործիք՝ պատկերելով դիմադրության ձայնային ժառանգությունը, որն էլ հենց այսօր արձագանքում է Թբիլիսիի փողոցներում։ Բողոքի ոգին մարմնավորող դաշնամուրային կատարմամբ նա արտահայտում էր ընդվզման հրատապությունը, ուժն ու քնքշությունը։

Ալտահար և կոմպոզիտոր Էլենե Գոգոձեն հանդես եկավ մասնակցային կատարումով՝ համադրելով ալտի, սեփական երգեցողության և հանդիսատեսի ձայները։ Վրացական ժողովրդական ու դիցաբանական մոտիվների հիմքով, ոչ կոնվենցիոնալ փորձարարական փերֆորմանսից զատ, Էլենե Գոգոձեն նաև կիսվեց կովկասյան տարածաշրջանում երաժիշտ լինելու փորձառությամբ և որպես երաժիշտ՝ ինքնաճանաչման և ինքնարտահայտման բարդություններով։ Նրա ելույթը ոչ միայն ձայնային փորձարարություն էր, այլև անձնական ու քաղաքական կողմնորոշման վկայություն՝ սոցիալական բազմաշերտ իրականության համատեքստում։

Երեկոն եզրափակեց կոմպոզիտոր Էկա Չաբաշվիլին՝ իր ուշագրավ բանախոսությամբ և կատարումով։ Ելույթում Չաբաշվիլին ներկայացրեց իր ստեղծագործական գործունեության փիլիսոփայական հիմքերը՝ մասնավորապես էկոցենտրիզմի նկատմամբ իր հանձնառությունը, որը քննադատում է մարդակենտրոն մտածողության հիմքում ընկած բռնությունն ու հիերարխիան։ Վերաիմաստավորելով հոգատարությունն ու դիմադրությունը էկոցենտրիկ դիտանկյունից՝ Չաբաշվիլին հանդիսատեսին հորդորեց դիտարկել, թե ինչպես կարող են ձայնային և արվեստային պրակտիկաները խաթարել գերիշխող կառուցվածքներն ու պատկերացնել մի աշխարհ, որտեղ հնչյունները համերաշխ են գոյակցում։ Արխիվային նյութերի և տեսաձայնագրությունների համադրումով ստեղծված իր մուլտիմեդիա նախագիծը, Նինո Ժվանիայի կենդանի դաշնամուրային կատարմամբ, հանդիսատեսին փոխանցեց անտրոպոցենտրիզմի քայքայիչ հուզական փորձառությունը և էկոցենտրիզմի ապաքինող ուժը։

Միջոցառմանը ներկա տասնյակ արվեստագետներ, մշակույթի գործիչներ, հետազոտողներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ ջերմությամբ ընդունեցին երեկոն, իսկ շատերի համար՝ հատկապես նրանց, ովքեր առնչվել են վրացական իրադարձություններին կամ սեփական փորձով զգացել են քաղաքական ճնշումների և սահմանափակումների հետևանքները, այս միջոցառումը դարձավ երկխոսության և փոխաջակցման կարևոր տարածություն։

Այս բեկումնային պահին վրաց հանրության կողքին լինելը միայն խորհրդանշական ժեստ չէ, այլ կենսական անհրաժեշտություն։ Հարավային Կովկասում ժողովրդավարության կայունությունը անմիջականորեն կախված է տարածաշրջանում փոխաջակցությունից։ Այս ամենին ընդառաջ Վրաստանում շուտով տեղի կունենա «Re-Lentus» ծրագրի հաջորդ փուլը՝ բաղկացած մի շարք միջոցառումներից, որոնք միտված են հայ-վրացական մշակութային երկխոսության կապերի ամրապնդմանը։

«Re-Lentus» ամենամյա նախագիծը իրականացնում են CSN Lab-ը (Հայաստան) եւ CuMa Lab-ը (Վրաստան)։ Ծրագրին աջակցում է Դանիական մշակութային ինստիտուտը՝ «Նոր ժողովրդավարության հիմնադրամ» նախագծի շրջանակներում։