Բարդ անցյալի դպրոց. շրջակա միջավայր - ԲԱՑ ԿԱՆՉ

«Բարդ անցյալի դպրոց. շրջակա միջավայր» եռօրյա ինտենսիվ ծրագիր - Հոկտեմբերի 17-19

Դիմելու վերջնաժամկետը՝ հոկտեմբերի 5: 

CSN Lab-ի ամենամյա այլընտրանքային կրթական ծրագիրը՝ Բարդ Անցյալի Դպրոցը, վերադառնո՜ւմ է՝ ընդլայնելով աշխարհագրությունը։ Անցյալը քննադատորեն հարցադրելուն և արդի համատեքստում դրա ազդեցությունը վերլուծելուն միտված ԲԱԴ ծրագրի այս տարվա թեմատիկ առանցքում շրջակա միջավայրն է՝ բնական լանդշաֆտն ու քաղաքները, կանաչ ու կապույտ (ջրային) տարածքները, սոցիալական ու կլիմայական արդարությունը։

Կլիմայի փոփոխությունը ներկայիս գերկարևոր մարտահրավերներից է, և ինչպես տարածաշրջանը, այնպես էլ Հայաստանը խոցելի է դրա ծայրահեղ հետևանքների նկատմամբ՝ մասնավորապես հեղեղումների, երաշտների, և ջերմային սթրեսի, որոնք տարեց տարի ավելի ակնհայտ են դառնում ամբողջ երկրով մեկ։

Հետզհետե սրվող միջավայրային խնդիրների՝ ներառյալ կլիմայի փոփոխության, բնական գոտիների ջենտրիֆիկացիայի, դեգրադացիայի և աղտոտման համատեքստում մինչ օրս տարածված է հանրային ընկալումը, թե շրջակա միջավայրին առնչվող հարցերը և մտահոգությունները միայն էկոլոգիական մարտահրավերներ են։ Դրանց մշակութային, քաղաքական, սոցիալական և գենդերային ազդեցությունը դուրս է մնում հանրային և երբեմն նաև մասնագիտական/փորձագիտական խոսույթից։ Արդյունքում մեր հարաբերումը բնական լանդշաֆտի հետ շարունակում է ձևավորված մնալ գաղութային անցյալի, անհավասարության և բռնության բարդ ժառանգությամբ, որը դառնում է հիմք նեոգաղութային հայացքների և գործընթացների։

Խաչմերուկելով ուրբանիզմը, ճարտարապետությունը, մարդաբանությունը, ֆեմինիստական տեսությունները, արվեստը և մշակույթը, վերլուծելով բարդ անցյալի նյութական և ոչ նյութական ժառանգությունը, անհատական և հավաքական հիշողությունը՝ ԲԱԴ-ն այս տարի հնարավորություն է տալիս քննադատաբար անդրադառնալ բնական լանդշաֆտի հետ մեր փոխհարաբերմանը և միաժամանակ խորհել այլընտրանքային ապագաների շուրջ։

Եռօրյա ինտենսիվ դպրոցի շրջանակներում, մասնակիցները հնարավորություն կունենան թեմայի շուրջ երկխոսել տարբեր ոլորտների հայաստանյան և տարածաշրջանային/միջազգային փորձագետների հետ։ Միջգիտակարգային ծրագիրը հագեցած է բազմազան ձևաչափերով՝

  • Թեմատիկ դասախոսություններ և քննարկումներ

  • Աշխատարաններ

  • Մուլտիմեդիա հետազոտական նախագծերի շնորհանդեսներ

  • Բաց խոսափողի ձևաչափով քննարկումներ

Ծրագրին կարող են մասնակցել մշակութային գործիչները, հետազոտողները, արվեստագետները, կրթության ոլորտի մասնագետները, բնապահպանները, քաղաքացիական հասարակության անդամները, մեդիա ոլորտի ներկայացուցիչները և ուսանողները։

Ծրագրի լեզուն՝ հայերեն և անգլերեն։

«Բարդ անցյալի դպրոցը» տեղի կունենա հոկտեմբերի 17-19-ին, Երևանում։ Ծրագրին մասնակցելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ հայտը։

Դիմելու վերջնաժամկետը հոկտեմբերի 5-ն է։ Ընտրված մասնակիցները կհայտարարվեն հոկտեմբերի 10-ին։ 

 

«Բարդ անցյալի դպրոց. շրջակա միջավայր» ծրագիրն իրականացնում է Մշակութային և սոցիալական նարատիվների լաբորատորիան (CSN Lab) Դանիական մշակութային ինստիտուտի (DCI) «Նոր ժողովրդավարության հիմնադրամ» (NDF) նախագծի և «Հայաստանում կանանց հիմնադրամի» (WFA) աջակցությամբ։